Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական սերունդներ կրթելու առաքելությանը նվիրված պրոֆեսոր Ազատ Ենգիբարյանը 80 տարեկան է

Բժշկական սերունդներ կրթելու առաքելությանը նվիրված պրոֆեսոր Ազատ Ենգիբարյանը 80 տարեկան է

100-ամյա բուհի հարուստ պատմության էջերը պարբերաբար թարմանում են այն կերտողների` համալսարանի նահապետների հարուստ հիշողությունների շնորհիվ ու նորովի ներկայացվում լսարանին:
«Բժշկի ուղին» շարքի 2022 թվականի առաջին թողարկումը նվիրվում է Բժշկական կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր Ազատ Ադիբեկի Ենգիբարյանին:
Իր գործին ու բժշկական սերունդներ կրթելու առաքելությանը նվիրված համալսարանականը հունվարի 5-ին դառնում է 80 տարեկան:
Տոնական օրն իր հարազատ ամբիոնի համեստ աշխատասենյակում է, երկարամյա գործընկերների ջերմ ընկերակցությամբ:
Անցած մասնագիտական ճանապարհը վերհիշում է սիրով ու ոգևորությամբ:
Կյանքի հիմնական թեզն է՝ նպատակադրվել նպատակին հասնելու համար և աշխատել բարեխղճորեն, անմնացորդ:
«Բժշկական համալսարանն ինձ համար տուն է, օջախ, ամեն ինչ…: Գուցե անհամեստ է հնչում, բայց սոսկ աշխատանքով չես կարող հասնել հաջողության, եթե չունես նաև շնորհ: Շնորհակալ եմ բնությունից, որ ունեցել եմ աշխատելու կամք և ուժ և սահմանված նպատակին հասնելու ձգտում»,- իր ուղին ներկայացնելու առաջարկը չմերժելով` ասում է Ազատ Ենգիբարյանը:

Պատառիկներ ուսանողական հուշերից
(Ազատ Ադիբեկյանի «Ապագա բժիշկ» թերթի հոդվածը 2014 թվականի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի 100-ամյակին նվիրված հոբելյանական համարում)
«Հիշում եմ՝ ընդամենը երկու ամսվա ասպիրանտ էի կենսաբանության ամբիոնում, երբ իր մոտ կանչեց ամբիոնի վարիչ, երջանկահիշատակ Հարություն (Արտյոմ) Կարապետյանն ու հանձնարարեց հաջորդ օրվանից վարել բուժական ֆակուլտետի գենետիկայի բաժնի դասախոսությունները։ Ճիշտ է՝ ես ավարտել էի նաև հեռակա մանկավարժական ինստիտուտ, սակայն դպրոցական մանկավարժությունը և դասավանդման մեթոդիկան մի բան է, բուհական դասախոսությունը, երբ լսարանում նստած են 160-180 ուսանողներ՝ բոլորովին այլ բան։
Ինչևէ՝ ես մտնում եմ այդ տարիների ամենամեծ՝ 7-րդ լսարանը, և մանկավարժական տեսական գիտելիքների փոխարեն ինձ օգնության էին հասնում իմ դասախոսների՝ ակադեմիկոս Հ․ Բունիաթյանի և պրոֆեսոր Է․ Մխեյանի, մասնավորապես՝ դոցենտ Տ. Ստեփանյանի իրավիճակային կերպարները։ Կլինիկական առարկաներից ուսուցման մեր գլխավոր բազաներից մեկը առաջին կլինիկական հիվանդանոցն էր, որտեղ վիրաբուժական բաժանմունքում սկսեցինք ուսումնասիրել ընդհանուր վիրաբուժություն, որի ամբիոնի վարիչն էր գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ս․ Շարիմանյանը։

․․․ Այդ տարիներին նա 69 տարեկան էր՝ ամբիոնի վարիչի 27 տարվա ստաժով։ Նիհար էր, ցածր ու բարակ ձայնով նրա առաջին դասախոսությունը անատոմիկումի առաջին լսարանում առանց բարձրախոսի ոչ միայն լսելի չէր, այլև տպավորիչ չէր։ Սակայն, երբ կլինիկայում ներկայացանք գործնական պարապմունքի, մասնակցեցինք նրա վարած համայցերին, գրադարանից ստացանք նրա հեղինակած «Ընդհանուր վիրաբուժություն» դասագիրքը, մեր նախնական կարծիքը փոխվեց, ինչպես ասում են՝ 180 աստիճանով։ Կլինիկայում նա դրության տերն էր, հիվանդի շահերը նրա համար առաջին պլանում էին։ Վայ այն բժշկին կամ դոցենտին, ով համայցի ժամանակ ճիշտ և հիմնավորված չներկայացներ անամնեզը կամ վիրահատության ժամանակ զգոն չէր։ Կլինիկայում նրան տեսնելու առաջին օրվանից Ս․ Շարիմանյանը մեզ համար դարձավ իսկական բժշկի կերպար, որը այրվում էր մոմի նման՝ հիվանդներին լույս տալու համար։ Կյանքում անվանի մասնագետը չափազանց սկզբունքային էր, ազնիվ ու շիտակ մտավորականի կերպար»:

ԵՊԲՀ շրջանավարտը 1970 թվականից սկսած աշխատում է հենց հարազատ բուհում, սկսել է գործունեությունը որպես ասպիրանտ, ապա գիտաշխատող, դոցենտ, պրոֆեսոր, դեկան ու գիտական քարտուղար։

Կենսագրական տվյալներ
Ազատ Ենգիբարյանը 1964-1970թթ. սովորել է ԵրԲԻ-ի բուժական ֆակուլտետում՝ գերազանց առաջադիմությամբ, եղել է լենինյան կրթաթոշակառու։ 1961-1966թթ. ուսանել է մանկավարժական ինստիտուտի Կենսաբանության ֆակուլտետի հեռակա բաժնում։
1970-1973թթ. ԵրԲԻ-ի կենսաբանության ամբիոնի ասպիրանտ էր։ 1986թ. Մոսկվայում պաշտպանել է դոկտորական թեզը՝ «Համակցված հակաօքսիդանտոթերապիան միոկարդի փորձարարական ինֆարկտի պայմաններում՝ մետաբոլիկ, ձևաբանական և գործառական տեղաշարժերի կարգավորման գործընթացում» թեմայով, 1980-1990թթ. կենսաբանության ամբիոնի դոցենտ էր, 1990թ.-ից մինչ օրս նույն ամբիոնի պրոֆեսոր։ 1991-1997թթ. Մանկաբուժության ֆակուլտետի դեկանն էր, 1997-2007թթ. ԵՊԲՀ գիտական քարտուղարը, 1993թ.-ից մինչ օրս տեսական բժշկության խորհրդի անդամ, 2006թ.-ից մինչ օրս առաջնային գիտական փաստաթղթերի հանձնաժողովի նախագահ։ Երկու անգամ արժանացել է ԵՊԲՀ ոսկե մեդալի։ Պրոֆեսորն ավելի քան 160 գիտական հոդվածի, 1 մենագրության, 12 գիտամեթոդական աշխատանքի, 1 գիտական արտոնագրի հեղինակ է, 3 ատենախոսության ղեկավար, բազային ֆինանսավորվող թեմայի ղեկավար:

Առայսօր դասավանդում է և ընդգծում, որ ապագա բժիշկների հետ աշխատելն իր տարերքն է: Դասախոս- ուսանող փոխհարաբերությունները կարևորելով` ժպիտով է նշում, որ վայելել է ապագա բժիշկների տարբեր սերունդների սերը, վստահությունը:
«Այսօր հաճախ են քննադատում ուսանողներին, բայց պետք է փաստեմ, որ մենք ունենք հիանալի ուսանողություն ։ Նրանք ունեն սովորելու ցանկություն, պարզապես պետք է աջակցել և ճիշտ ուղղորդել»,- շեշտում է երկար տարիների փորձ ունեցող դասախոսը` հավելելով, որ ուսանողական նստարանին այսօր տեսնում է այն փայլուն երիտասարդներին, որոնք վաղը կհամալրեն ավագների շարքերը և լավագույնս կշարունակեն իրենց գործը թե́ գիտական, թե́ կլինիկական և տեսական ուղղություններով:
Ապագա բժիշկների հետ դասախոսական, ուսումնագիտական աշխատանքի անբաժան բաղկացուցիչ է նաև դաստիարակչական մասը:
Բժշկական կենսաբանությունը այն առարկաներից է, որի հետ ապագա բժիշկները ծանոթանում են առաջին կուրսում: Տեսական առարկաների հիմքը, պրոֆեսոր Ենգիբարյանի գնահատմամբ, պետք է ամուր դրվի, որպեսզի նախապատրաստի սովորողներին անցնելու կլինիկական առավել բարդ առարկաներ:

…Ապրե՛ս, խոսքիդ տերը եղար և ինձ հուսախաբ չարեցիր։ Ես հեռվից հեռու հետևել եմ քեզ և ուրախ եմ, որ չեմ սխալվել

«Շատ տարիներ անց ես թակեցի նրա աշխատասենյակի դուռը և պատմեցի մի զարմանահրաշ պատմություն համառ դիմորդի ու առաքինի դասախոսի մասին։ Նա անչափ հուզվեց, հիշելով տարիներ առաջ կատարվածը, իսկ ես նվիրեցի իմ հեղինակած գիրքը ջերմ մակագրությամբ։ Առավել քան զգացված էի. ի՞նչ կլիներ ինձ հետ, ինչպե՞ս կընթանար կյանքս, ինչպե՞ս պետք է ապրեի կոտրված սրտով ու կյանքից չբավարարված, եթե այդ բարի ու ազնիվ մարդը անտարբերությամբ կտրեր ճակատագրիս թելը՝ վերջնականապես զրկելով ինձ բժիշկ դառնալու երջանկությունից։ Քառասունհիգ տարի է անցել այդ օրից, սակայն երախտագիտության զգացումը առ այսօր կրում եմ իմ սրտում: Կյանքիս պարունակների այբն ու ֆեն հանդիսացել է սիրած մասնագիտությունս, որով շնչել եմ ու իմաստավորվել որպես անձ: Իմ ճանապարհին չէին հանդիպի բոլոր այն ելևէջները, արկածները, դրամատիկ և բերկրալի պահերը, որոնք վերապրել եմ շնորհիվ այդ ընտրության: Ուրեմն կարելի է պատկերացնել, թե որքան դժգույն ու անհիշարժան կլիներ այն, եթե երբևէ չիրականանար վիրաբույժ դառնալու երազանքս: Այդ զարմանահրաշ անձը այժմ բժշկական համալսարանի կենսաբանության ամբիոնի պրոֆեսոր Ազատ Ադիբեկի Ենգիբարյանն է»,- մեջբերումը՝ վիրաբույժ Գևորգ Գևորգյանի 2018 թվականի հունվարին «Ապագա բժիշկ» թերթում հրապարակված հոդվածից է։

Սիրված աշխատանքին, կոչմանը զուգահեռ Ազատ Ենգիբարյանի կյանքում կարևորագույն տեղ ունի ընտանիքը: Բժշկականում է տասնամյակներ շարունակ աշխատում և արգասաբեր գործունեություն ծավալում բուհական «Ապագա բժիշկ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր, բանասեր Սեդա Թորոսյանը:

Համալսարանական զույգն ունի մեկ զավակ` Էմիլ Ենգիբարյանը, որը ևս շարունակում է ընտանիքի բժշկական գիծը:
Բուհի շրջանավարտը պլաստիկ վիրաբույժ է: Հայաստանյան առաջատար բժշկական կազմակերպություններում հաջողված մասնագիտական գործունեություն ծավալելուց հետո 2018 թվականից գործունեությունը շարունակում է Բահրեյում՝Արաբական Միացյալ Էմիրություններում:
Պլաստիկ վիրաբույժը AAPRAS, ESPRAS, IPRAS կազմակերպությունների անդամ է, ինչպես նաև օրբիտալ շրջանի դեֆեկտների փակման ժամանակ ճակատային լաթի օգտագործման և քթի մեջքի կոնտուրային օստեոտոմիայի համար հատուկ դուրի մեթոդների հայտնագործողն ու համահեղինակն է։ էմիլ Ենգիբարյանը միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրում է գիտական հոդվածներ, բժշկական գիտությունների թեկնածու է։
Նրա որդին՝ Ալեքսն, այժմ միջին մասնագիտական կրթություն է ստանում ԵՊԲՀ քոլեջում՝ «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ: Դուստրը` Վիկտորիան, դեռ դպրոցական է:

Թոռնիկները Ենգիբարյանների ընտանիքում մշտապես հպարտանալու առիթներ են ստեղծում, ոգևորում և առաջ մղելու ուժ պարգևում:
Տարիների ընթացքում Ազատ Ենգիբարյանը և Սեդա Թորոսյանը շատ ժամանակ են հատկացրել ճամփորդություններին՝ լինելով տարբեր աշխարհամասերում։ Ազատ Ենգիբարյանը հետահայաց նշում է, որ յուրաքանչյուր ճամփորդություն հարստացրել է նրա կյանքը գեղեցիկ ու թանկ հիշողություններով։
Քչերը գիտեն որ նա նաև ստեղծագործում է։ Հեղինակած բանաստեղծությունները բնաշխարհի, սիրո, զգացմունքայնության թեմաներով են։

Հոբելյանի առթիվ զրույցը պարոն Ենգիբարյանը եզրափակում է հետևյալ խորհրդով․ «Բարությունը թող իշխի բոլորիս սրտում, որովհետև այն Աստծո կողմից տրված պարգև է։ Ուրախանալ ուրիշի հաջողությամբ, կիսել դիմացինի մտահոգությունն ու հոգսը, ցավել յուրաքանչյուր զոհված զինվորի համար, խոնարհվել նրանց հիշատակին…»։
Նպատակասլացությունը, աշխատասիրությունը և վերլուծական միտքը հմուտ դասախոսի վստահեցմամբ՝ հաջողության հասնելու այն հիմնական նախադրյալներն են, որոնք պետք են ապագա բժշկին լավ մասնագետ դառնալու համար։

Լուսանկարները՝ Ազատ Ենգիբարյանի անձնական արխիվից

և Մարի Գալստյանի