Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դարին մոտեցող նյարդավիրաբույժն ամեն օր շտապում է աշխատանքի

Դարին մոտեցող նյարդավիրաբույժն ամեն օր շտապում է աշխատանքի

Հիվանդանոցի համեստ աշխատասենյակում փակցված յուրաքանչյուր սև ու սպիտակ լուսանկար, բժշկական գործիչք ու անձնական իր խնամքով փայփայված պատմություն է:
Հանրաճանաչ ու պաշտոնատար անձանց հետ հանդիպումներն ու աշխարհի տարբեր անկյուններ ուղևորությունները բժիշկ-գիտնականի՝ արդեն 7 տասնամյակից ավել ձգվող մասնագիտական գործունեության անբաժանելի մասն են: «Մարդ-լեգենդ». այսպես կարելի է բնորոշել Սուրեն Զոհրաբյանին, ով մեր երկրի բժշկագիտության իրական նվիրյալներից է: 96-ամյա բժիշկն ամեն օր վաղ առավոտյան աշխատավայրում է՝ իր կարիքն ունեցող հիվանդներին ընդունելու և պարզապես սիրված աշխատանքն անելու նպատակով:

Աղավնատնից դեպի մեծ աշխարհ

ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում է ծնվել նյարդաբան, նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչը: Այս օրերին թոռնիկի՝ Սուրեն Զոհրաբյան կրտսերի նախաձեռնությամբ իր մասին ֆիլմ է նկարահանվում, որտեղ, ինչպես ինքն է ասում, հենց Աղավնատուն գյուղից նա ուղևորվում է դեպի մեծ աշխարհ: ԱՄՆ, Անգլիա, Նոր Զելանդիա, Իրաք, Ավստրալիա, Աֆրիկա, Ռուսաստան. լայն է այն երկրների աշխարհագրությունը, ուր իր գործի նվիրյալը ծավալել է մասնագիտական գործունեություն: Որևէ երկիր մյուսի հետ համեմատել չի ցանկանում, խոստովանում է, որ յուրաքանչյուրն ունի իր գեղեցկությունն ու հմայքը:

Մասնագիտական ուղին սկսվեց ռազմաճակատում

Սուրեն Զոհրաբյանն այն մարդկանցից է, ով բժշկական աշխարհում լեգենդ է դարձել հենց կենդանության օրոք: Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներներից մեկը, որ երկիր էլ մեկներ՝ ձեռնամուխ էր լինում ոչ միայն բժշկական, այլև կրթական ծրագրերի իրականացմանն ու ներդրմանը:

«1960 թվականին գործուղվել եմ Իրաք, երկու տարի աշխատեցի՝ այնտեղ կազմակերպելով նյարդավիրաբուժական կլինիկա, միաժամանակ դասավանդում էի Բաղդադի բժշկական ինստիտուտում, այնտեղ կատարել եմ բազմաթիվ վիրահատություններ, մոտ մեկ տարի աշխատել եմ նաև ԱՄՆ-ում, ապա նաև՝ գործուղվել եմ Աֆրիկա: Աշխատեցի Հյուսիսային Զամբիայի համալսարանում, որն ուներ միայն երգի ու պարի բաժին, նրանց հորդորով ես կազմակերպեցի բժշկական ֆակուլտետ: Երեսուն տարի անց հրավիրվել եմ այդ ֆակուլտետի 30-ամյակին, մինչև այսօր իմ նկարն այնտեղ փակցված է», – պատմում է Եվրոպական նեյրովիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոսը, ով 1942 թվականից անընդհատ բժշկության մեջ է:

Մասնագիտական հարուստ ուղին սկսվեց ռազմաճակատում, երբ բժշկական ինստիտուտի երրորդ կուրսում՝ 1942 թվականի սկզբին իրեն որպես բժիշկ տարան պատերազմ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին երիտասարդ բժիշկը շարժական դաշտային հոսպիտալներում էր: Պատահական չէ, որ իր առաջին ուսուցիչը համարում է այն փորձը, որ ձեռք բերեց պատերազմի դաշտում՝ հարյուրավոր վիրավորների բուժօգնություն տրամադրելիս: Միայն պատերազմի տարիներին կատարել է 2500-ից ավելի վիրաբուժական միջամտություն:

Կապը ԵՊԲՀ-ի հետ երբեք չընդհատվեց

Արդեն 1958 թվականին, լինելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր, Մոսկվայի հետ բանակցությունների շնորհիվ Զոհրաբյանին հաջողվել է ստեղծել բժիշկների վերապատրաստման ֆակուլտետը, որի հիման վրա 1963 թվականին բացվել է Բժիշկների վերապատրաստման պետական ինստիտուտը (ГИДУВ): 1958 թվականին պրոֆեսոր Զոհրաբյանը ստեղծել է նյարդաբանական և նեյրովիրաբուժական ամբիոնը, որը ղեկավարել է 37 տարի: Այս ամբիոնն ուներ գիտաուսումնական ուղղություն և արժանացել է ԽՍՍՀ առողջապահության նախարարության բարձր գնահատականին:

ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսորն այսօր էլ ապագա բժիշկների հետ ամենօրյա շփումներում կարևորում է մասնագիտությանը նվիրվելու կարողությունը:

«Հաճույքով եմ գալիս աշխատանքի, թեպետ կարող եմ առավոտյան երկար քնել, բայց այստեղ ավելի հետաքրքիր է», – նկատում է Սուրեն Զոհրաբյանը:

Երիտասարդ մասնագետներին, ուսանողներին հորդորում է չսահմանափակվել համալսարանում ստացած գիտելիքներով, մշտապես համալրել գիտելիքները, տիրապետել օտար գոնե մեկ լեզվի և ամենակարևորը՝ սիրել մասնագիտությունը:

Զոհրաբյանի անունն է կրում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքը

Արհեստավարժ մասնագետի աշխատանքները վերաբերում են երևակայական ցավերի համախտանիշի, էպիլեպսիայի տարբեր ձևերի ախտածնության, կլինիկայի և բուժման, գլխուղեղի անոթային հիվանդությունների և գանգագլխուղեղային վնասվածքների, համաճարակաբանության հարցերին։

Զոհրաբյանի ղեկավարությամբ պաշտպանվել է 9 դոկտորական, 37 թեկնածուական ատենախոսություն: Նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդիական խնդիրներին նվիրված 4 մենագրության և 247 գիտական աշխատանքի հեղինակ է։ Գիտական ելույթներ է ունեցել Իսպանիայում, Կանադայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Հնդկաստանում, Անգլիայում, Հոլանդիայում, ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Զամբիայում, Մոսկվայում:

1987 թվականին ընտրվել է Եվրասիական նեյրովիրաբուժական ակադեմիայի իսկական անդամ: 1970-71 թվականներին հիմնադրել է զամբիական բուժական ֆակուլտետ և ուսումնական հոսպիտալ, 1987 թվականին՝ մանկական նյարդավիրաբուժության բաժանմունք:

1989 թվականին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական հիվանդանոցում նեյրովիրաբուժական բաժանմունքի հիմնադիրն է, իսկ 1993 թվականին նրա նախաձնությամբ է ստեղծվել սպինալ կենտրոն Երևանի «Կարմիր խաչում»: Հայրենական մեծ պատերազմում մասնակցության համար արժանացել է բազմաթիվ պարգևների, որոնց թվում են «Պատվավոր աշխատանքի համար», «Առողջապահության գերազանցություն», «Մարշալ Բաղրամյան», «Մխիթար Հերացի» մեդալները: Զոհրաբյանի անունն է կրում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքը:

 

Այս կենտրոնում պրոֆեսորն աշխատում է հիմնադրումից իր վեր՝ 1978 թվականից առ այսօր: Բժշկուհի էր նաև Սուրեն Զոհրաբյանի կինը՝ Լարիսա Մելիք-Մկրտչյանը: Բժիշկ են նաև Սուրեն Զոհրաբյանի երեխաները:

Ընտրել ամենադժվար ճանապարհը

Հիմնվելով կյանքի փորձի վրա՝ Սուրեն Զոհրաբյանը վստահ նշում է, որ անգամ եթե կա հեշտը՝ պետք է ընտրել ամենադժվար ճանապարհը:

Բժիշկը վստահ է, որ միայն բարդ ճանապարհը հաղթահարելու կարողությունն է մարդուն տանում դեպի նպատակակետ, դեպի ցանկալի բարձունք: Բազմաթիվ հարցազրույցներում բժշկագիտության նվիրյալը նշել է, թե ամենամեծ բավականությունը, որ ստացել ու շարունակում է ստանալ բժշկական, գիտամանկավարժական իր գործունեությունն իրականացնելիս՝ դժվար իրավիճակներում հիվանդի ճշգրիտ ախտորոշումն է: Նա կարևորում է այն մեծ փորձը, որը ձեռք է բերել նաև աշխարհի տարբեր երկներում աշխատանքի շնորհիվ: Չնայած պատկառելի տարիքին՝ այսօր էլ բժիշկն ակտիվ գործունեություն է ծավալում: Նրա հետաքրքրությունների թվում արժանի տեղն ունեն թե երաժշտության, թե գրականության ոլորտի համաշխարհային դասականները: Աշխատասենյակի պատին կախված պատվոգրերից առանձնացնում է իր՝ նաև Ն.Ն. Բուրդենկոյի անվան Մոսկվայի ազգային գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր լինելու փաստը: Առաջիկա ամիսներին լույս կտեսնի պրոֆեսորի հեղինակած նոր աշխատությունը, որը կանդրադառնա իր բժշկական, մանկավարժական և հասարակական գործունեությանը:

«Մարդը մարդ է, որպես բժիշկ պետք է մոտենալ յուրաքանչյուր հիվանդի»,- նկատում է նյարավիրաբուժության նահապետը, ով տաբեր տարիների կտրվածքով բազմաթիվ առիթներ է ունեցել բժշկելու և ընկերանալու հայտնի մարդկանց, անգամ՝ տարբեր երկրների առաջին դեմքերի հետ: Նրա հուշերում կարևոր տեղ ունի Մարտիրոս Սարյանի, Էդվարդ Միրզոյանի, շատ ու շատ հանրաճանաչ մարդկանց հետ մտերմությունը:

 Մի քանի տասնամյակ առաջ, երբ բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում տարատեսակ ժամանակակից սարքավորումներ ու գործիքներ չկային, հիվանդության ախտորոշումը Սուրեն Զոհրաբյանը կատարում էր գրեթե 100 տոկոս ճշգրտությամբ: Նյարդաբանության և նյարդավիրաբուժության լավագույն ավանդույթների կրողը, այնուամենայնիվ, չի հերքում, որ տեխնիկան է այսօր ապահովում գիտության առաջընթացը և հնարավորություն տալիս իմանալ, թե ինչ է կատարվում մարդու ուղեղում այս կամ այն հիվանդության ժամանակ: Իսկ մարդու կենտրոնական նյարդային համակարգի կարևոր օրգանի՝ գլխուղեղի բոլոր հնարավորությունները դարին մոտեցող մանագետին լիովին բացահայտել դեռևս չի հաջողվել: Խորհուրդ է տալիս սիրել, շարունակ մտածել, ինչը խթանում է ուղեղի աշխատանքը:

95-ամյակը՝ հարազատ բուհում

2016 թվականի ապրիլի 5-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում նշվեց Եվրասիական նյարդավիրաբուժական ակադեմիայի ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանի 95-ամյակը, որը համախմբել էր ոլորտի մասնագտեներին, բժշկի ընկերներին ու հարազատներին:

Հոբելյարին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում ասվում էր. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 95-րդ տարեդարձի կապակցութամբ: Դուք մեր բժշկագիտության այն երախտավորներից եք, ովքեր ճանաչվել և գնահատվել եք նաև արտերկրում: Բարձր գնահատականի է արժանի Ձեր ներդրումը ազգային բժշկագիտության զարգացման, մեր երկրում նյարդավիրաբուժության ներդրման գործում: Ձեր կյանքի շուրջ 75 տարիները Դուք նվիրել եք մարդասիրական ամենաբարձր առաքելություններից մեկին, հանդես եկել որպես բարդագույն վիրահատական միջամտությունների հեղինակ: Ուրախալի է, որ այսօր էլ նույն ավյունով շարունակում եք Ձեր աշխատանքը և մանկավարժական շնորհակալ գործունեությունը: Մաղթում եմ քաջ առողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք»:

96-րդ տարեդարձը բժիշկ-գիտնականի գնահատմամբ՝ հոբելյանական չէ, պատրաստվում է նշել սովորականի պես՝ աշխատավայրում, գործընկերների ու ընտանիքի անդամների շրջապատում: Ամեն տարի ոչ միայն այս օրը, այլև ամեն օր Զոհրաբյանների բժշկական ընտանիքի ավագ ներկայացուցիչը հեռախոսազանգերի, այցելուների, ուշադրության պակաս չի զգում:

 

 

Բժիշկ-գիտնականի աշխատասենյակում հյուրընկալվեց Տաթևիկ Գրիգորյանը

Լուսանկարները՝ Սուրեն Զոհրաբյանի անձնական արխիվից և Կարեն Սերոբյանի