Դրաստամատ Խուդավերդյանին բժշկական համալսարանում բոլորն են ճանաչում։ 1984 թվականից առայսօր նա ղեկավարում է ֆիզիոլոգիայի ամբիոնը։ Նախքան այդ, պրոֆեսորը երկար մասնագիտական ճանապարհ է անցել հարազատ համալսարանում:
«Կյանքս կապված է բուհի հետ»,- նշում է ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչը, ով Վ. Գրիգորյանի, ինչպես նաև Ռուսաստանի հանրաճանաչ ախտաֆիզիոլոգների դպրոցի ներկայացուցիչներ` պրոֆեսոր Լ. Գոլբերի և ակադեմիկոս Գ. Կրիժանովսկու սանն է:
ԵՊԲՀ-ում աշխատանքը նա չի փոխարինել անգամ բարձր պաշտոններ զբաղեցնելու գրավիչ առաջարկներով, որոնք նա ստացել է տարբեր տարիների ընթացքում:
Խիստ, պահանջկոտ, բայց արդարամիտ մասնագետն այսօր տոնում է 75-ամյակը։ Կյանքի գերակշիռ մասը նվիրել է գիտական, կրթական ու մանկավարժական աշխատանքին:
Պատմական ակնարկ
Դրաստամատ Խուդավերդյանը 1966թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, այնուհետև անմիջապես դարձել բժշկական ինտսիտուտի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի ասպիրանտ: 1969-1972թթ. նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ էր, այնուհետև գիտաշխատող: Այդ տարիներին նա համատեղությամբ աշխատել է որպես ինստիտուտի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար: 1972-1984թթ. ԵՊԲՀ կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադիրն ու առաջին ղեկավարն էր, 1989-1991թթ. միջազգային կապերի գծով առաջին պրոռեկտորը, 2006-2008թթ. աշխատել է նաև որպես գիտական գծով պրոռեկտոր: Պրոֆեսորը նյարդաէնդոկրինոլոգիայի ասպարեզում հեղինակություն վայելող մասնագետ է: 1972 թվականին Դ. Խուդավերդյանը, դեռևս լինելով գիտությունների թեկնածու և գլխավորելով ինստիտուտի նորաստեղծ ԿԳՀԼ-ն, առաջ քաշեց և հիմնավորեց տարբեր ֆիզիոլոգիական համակարգերի գործունեության մեխանիզմներում կալցիում-կարգավորիչ սպեցիֆիկ հորմոնալ համակարգի դերի ուսումնասիրման անհրաժեշտությունն ու արդիականությունը: Խուդավերդյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է: Նա հիմնադրել և զարգացրել է «Բնականոն և ախտաբանական պայմաններում կալցիում-ֆոսֆատային փոխանակության կարգավորիչ հորմոնալ համակարգի դերը տարբեր օրգանների գործունեության մեխանիզմներում», գիտական ուղղությունը, որը եղել է համալսարանի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի և ամբիոնի գիտական մշակումների առարկան: Վերջին տարիներին ամբիոնում մշակվել է նաև «Պրենատալ սթրեսը՝ որպես օնտոգենեզի հետծննդյան շրջանում օրգանիզմի տարբեր համակարգերի գործունեության խանգարման հիմք» թեման:
Ուսանողները՝ կոլեգաներ
Հմուտ մասնագետի բնորոշմամբ՝ ուսումնական գործընթացը կոնսերվատիվ է, և թե´ ամբիոնների կազմի, թե´ դասավանդման մեթոդների մեջ փոփոխությունները չեն կարող կատարվել կայծակնային արագությամբ: Զարգացումն ապահովվում է աստիճանաբար: Ի տարբերություն ուսումնական գործընթացի, գիտական հետազոտությունների իրականացման ընթացքը կարող է շատ ավելի արագ փոխվել:
Անկախ ժամանակներից ու կրթական նորարարություններից, տարիների փորձը վկայում է, որ կարգապահությունը առաջնարհերթ պահանջ է, որը Դրաստամատ Խուդավերդյանի վստահեցմամբ, պետք է պահպանեն թե´ ուսանողները, թե´ դասախոսները:
Պրոֆեսորը դասախոսի ամենօրյա աշխատանքում կարևորում է յուրաքանչյուր մանրուք՝ սկսած դասախոսների արտաքին տեսքից, ավարտված ուսանողների հանդեպ նրանց վերաբերմունքից: Նրանք պետք է համապատասխանեն իրենց պաշտոնին ոչ միայն արտաքին տեսքով, այլև քաղաքակիրթ վերաբերմունքով, ինտելեկտով, զարգացվածությամբ:
Դաստիարակչական նշանակություն ունի ոչ միայն դասախոսի կերպարը, այլև տվյալ ամբիոնի ինտերիերն ու էքստերիերը, ինչն անմիջականորեն ձևավորում է նաև համալսարանի ընդհանուր իմիջը:
Ուսանող-դասախոս փոխհարաբերություններում դասախոսը պետք է օրինակ ծառայի: Համեմատականներ տանելով՝ նկատում է, որ ուսանողներն այսօր ավելի զարգացած են:
«Խալաթը կարևորագույն ատրիբուտ է, ամբողջ կյանքը բժշկության հետ կապելու դեպքում: Խալաթի հանդեպ ձևավորված վերաբերմունքից էլ հետագայում ձևավորվում են մոտեցումներ մասնագիտության նկատմամբ։ Թափթփված մոտեցումը մերժելի է»,- ընդգծում է երկարամյա դասախոսը:
Արյան շրջանառությունը ֆիզիոլոգիայի խորհրդանիշն է
Ապագա բժիշկներն ու տարբեր սերունդների շրջանավարտները կփաստեն, որ Ֆիզիոլոգիայի ամբիոնն առանձնանում է հենց մուտքից, որի աջ անկյունում փակցված ստենդը հետաքրքիր պատմություն ու խորհուրդ ունի:
«Մուտքի մոտ փակցված ստենդը ցուցադրում է արյան շրջանառությունը և այդ գեղեցիկ լուսավոր ձևավորումը ցույց է տալիս արյան շրջանառության դերը ֆիզիոլոգիա առարկայի ստեղծման պրոցեսում: Առաջին անգամ Վիլյամ Հարվեյի (William Harvey) կողմից 1628 թվականին հայնտաբերվել է արյան շրջանառությունը։ Այդպիսով, դրվում է ֆիզիոլոգիայի՝ որպես գիտություն հիմքը»,- պատմում է ամբիոնի վարիչը:
Արյան շրջանառությունը ֆիզիոլոգիայի խորհրդանիշն է, հետևաբար, մուտքի դիմաց փակցված և արդեն 30 տարվա պատմություն ունեցող նկարը պատահական չէ ընտրված, այլ արտացոլում է հիմնարար այս գիտության և առարկայի կարևորությունը:
«Իհարկե, ուսանողները հարցնում են, ինչու հենց արյան շրջանառությունը: Շատ պարզ է. ֆիզիոլոգիան բժշկության ոգին է»,- մեջբերելով չեխ գիտնականներից մեկի միտքը՝ շեշտադրում է պրոֆեսորը:
Համագործակցությունը՝ առաջընթացի կարևոր նախապայման
Բժշկական ինստիտուտի միջազգային կապերի գծով պրոռեկտոր լիելու տարիներին Դրաստամատ Խուդավերդյանը հսկայական աշխատանք է կատարել արտասահմանյան երկրների համար բժշկական կադրերի պատրաստման ուղղությամբ:
Առաջին անգամ այն ժամանակ բժշկական ինստիտուտի ռեկտոր Վիլեն Հակոբյանի հանձնարարությամբ նա մեկնեց Հնդկաստան, այնտեղից ուսանողներ հիրավիրելու նպատակով, առաջին անգամ կքնվեց նաև համագործակցության պայմանագիր:
Այսպիսով, բժշկականում տեղի ուսանողների բացի, նաև արտասահմանցիներ են կրթություն ստանում: Ավանդույթն այսօր հաջողությամբ շարունակվում է, տարիների ընթացքում աստիճանաբար ընդլայնվում է և օտարերկրացի ուսանողների թիվը և երկրների աշխարհագրությունը:
«Այդ պրոցեսը շարունակվում է և այն հնարավորություն կտա ամրապնդել մեր դիրքերը միջազգային ասպարեզում: Օտարերկրացիների ներգրավումը մեր ուսումնական գործընթացում նաև քաղաքական նշանակություն ունի, որովհետև ընդլայնվում են շփումները, ինչպես նաև մեր երկրի բժշկական համակարգը ճանաչում է ստանում արտերկրում»,- համոզված է հոբելյարը:
Նա մեծ աշխատանք է իրականացնում գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում: Պրոֆեսորի անմիջական ղեկավարությամբ կատարված ու պաշտպանված է 3 դոկտորական և 15 թեկնածուական ատենախոսություն, իսկ որպես ամբիոնի վարիչ կատարում է նաև ուսումնամեթոդական աշխատանք: Նա ֆիզիոլոգիայի 5 դասագրքի հեղինակ է: Սիրված դասախոսի խմբագրմամբ գրվել է նաև նորմալ ֆիզիոլոգիայի դասընթացի գործնական պարապունքների 2 ուսումնամեթոդական ձեռնարկ ՝ հայերենով ու ռուսերենով:
Գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Դրաստամատ Խուդավերդյանն աշխատանք է կատարել համալսարանի գիտական ուղղությունների մշակման և ներդրման գործում:
Այսօր նա ՀՀ ԲՈՀ-ի երկու մասնագիտացված խորհուրդների, ԱՊՀ երկրների ֆիզիոլոգիական ընկերության նախագահության, Պաթոֆիզիոլոգիական միջազգային ընկերության, Հայկական ֆիզիոլոգիական ընկերության նախագահության անդամ է, ինչպես նաև Բնական գիտությունների Ռուսական ակադեմիայի ակադեմիկոս: Բեղմնավոր և երկարամյա գիտամանկավարժական գործունեության համար Խուդավերդյանը պարգևատրվել է «Մխիթար Հերացու անվան» և ԼՂՀ-ի «Երախտագիտության» մեդալներով:
Ապագա բժիշկներին, երիտասարդությանն ուղղելով իր խոսքը՝ նշում է, որ բժշկությունը այն ոլորտն է, որը ամենօրյա աշխատանք է պահանջում և այդ աշխատանքը գիտելիքների շարունակական ձեռքբերումն է: Ծնողներն այսօր մեծ ներդրումներ են անում՝ երեխաների բժշկական կրթություն ստանալու ուղղությամբ, հետևաբար այդ ներդրումները պետք է արդարացվեն:
«Այդ հարցին պետք է շատ լուրջ մոտենան, որովհետև մարդու կյանքի հետ գործ ունեն, չափազնաց կարևորում եմ, որպեսզի երիտասարդությունը, թե մարդկային հարաբերություններում, և թե աշխատանքում լինի ազնիվ և անդավաճան սկզբունքների նկատմամբ։
ԵՊԲՀ-ի առաջընթացն անխուսափելի կլինի, եթե յուրքանչյուր ուսանող և աշխատակից իր ներդրում ու աջակցությունը ցուցաբերի: Կյանքն առաջ է գնում, և ինչպես մեր ընտանիքներին ենք ծառայում, այնպես էլ պետք է ծառայենք բժշկական մեր մեծ ընտանիքին»,-եզրափակեց բժիշկ-գիտնականը:
Նրա մասնագիտական ընտրությունը պատահական չէ: Հայրը բժիշկ էր, մայրը՝ բուժքույր: ԵՊԲՀ-ն ավարտելուց հետո Նահապետ Խուդավերդյանը վերադարձել է ծննդյավար Գետաշեն, որտեղ երկու տասնամյակ աշխատելուց հետո, որպես թերևապևտիկ բաժանմունքի վարիչ աշխատանքի է անցել Երևանի 8-րդ հիվանդանոցում:
Բժշկի ուղին են ընտրել նաև Դրաստամատ Խուդավերդյանի երկու դուստրերը: Աննան՝ ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի դոցենտ է, Մարգարիտան՝ Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու:
Այսօր ծննդավայր Գետաշենի մասին պատմող գիրքը երկարամյա դասախոսը խնամքով պահում է աշխատասենյակի գրադարանում, որտեղ մասնագիտական գրականությունից բացի, կան նաև հայ և արտասահմանցի հեղինակների ստեղծագործություններ, ինչպես նաև մեծ տեղ է հատկացրել փիլիսոփայությանը վերաբերող աշխատություններին: Կար ժամանակ, երբ գիտնականը ցանկանում էր փիլիսոփայությամբ զբաղվել: Առանձնահատուկ սեր ունի նաև պոեզիայի նկատմամբ, որից մեջբերումներ անելու առիթներ լինում են նաև դասապրոցեսի ընթացքում:
Նախընտրում է հոբելյանը համեստ նշել՝ առանց հանդիսավորության։ Ծննդյան օրը համալսարանական գործընկերների, ընկերների, ընտանիքի անդամների, թոռնիկների հետ է անցկացնելու: Դա, իր խոստովանությամբ, իր համար ամենից ընդունելի ձևն է, քանի որ նրա վստահեցմամբ՝ լավ ընկերություն անելը վեհ զգացմունք է, և չպետք է փնտրել ընկերներ առանց թերությունների, քանի որ այդ դեպքում դատապարտված ես միայնության:
Հեղինակ՝ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ Դրաստամատ Խուդավերդյանի անձնական արխիվից
և Կարեն Սերոբյանի