Եթե երբևէ եղել եք կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մագդալինա Մելքոնյանի աշխատասենյակում, ապա անհնար է նկատած չլինեք պատի ողջ երկայնքով ձգվող մեծ գրապահարանը: Տարիների ընթացքում հավաքված բազմաթիվ գրքերի գերակշիռ մասը մասնագիտական է: Նեյրոքիմիա, կենսաքիմիա, օքսիդատիվ սթրես (աղմուկ և վիբրացիա), բնական և սինթետիկ հակաօքսիդանտների ազդման մեխանիզմներ, α2-ադրենոբլոկատորների էֆեկտիվությունը սթրեսի և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պայմաններում. սրանք նրա երկարամյա մասնագիտական գործունեության գիտահետազոտական հիմնական բնագավառներն են:
«Երջանիկ եմ, որ աշխատում եմ բժշկական համալսարանում: Այստեղ ամեն ինչ հոգեհարազատ է, սիրում եմ աշխատել երիտասարդների հետ»,-ասում է «Բժշկի ուղին» ակնարկաշարի 14-րդ թողարկման հերոսը: 1993թ.-ից Մագդալինա Մելքոնյանը ղեկավարում է ԵՊԲՀ բժշկական քիմիայի ամբիոնը:
Մանկության երջանիկ տարիներն անցել են Գրոզնիում
Հյուսիսային Կովկասի ամենամեծ քաղաքներից մեկի՝ Չեչնիայի հանրապետության մայրաքաղաք Գրոզնիի հետ են կապված Մագդալինա Մելքոնյանի մանկության ամենաջերմ հիշողությունները: Ամռան ամիսներին տան երեք երեխաները մեկնել են մայրական կողմի տատի ու պապի մոտ: Ընտանիքը տեղափոխվել էր Գրոզնի 1920-ականների սկզբին Լենինականում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:
«Գրոզնին ինտերնացիոնալ քաղաք էր, որտեղ անցել են մեր կյանքի ամենաերջանիկ տարիները: Տատիկս՝ Զարղալամը, շատ կարդացած կին էր, ով մանուկ հասակից թոռների մեջ սերմանում էր սեր գրականության հանդեպ»,- պատմում է պրոֆեսորը: Նրա հայրը՝ Մհեր Մելքոնյանը, ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Եղել է Սպիտակի շրջսովետի գործկոմի նախագահը, ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղարը, ՀԿԿ Կենտկոմի քարտուղարը։ 1972 թվականից ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստրության գիտության և կադրերի պատրաստման գլխավոր վարչության պետն էր և նախարարի տեղակալը։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, բյուրոյի անդամ, ՀԽՍՀ 5-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ Մհեր Մելքոնյանի երեք երեխաներն էլ կայացած մասնագետներ են: Կրտսեր դուստրը՝ Լյուդմիլա Մելքոնյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Որդին՝ Վահան Մելքոնյանը, տնտեսական գիտությունների թեկնածու է:
Մելքոնյանների ընտանիքը, հոր աշխատանքով պայմանավորված, տարիներ շարունակ ստիպված է եղել փոխել բնակության աշխարհագրությունը, ինչի հետևանքով Մագդալինա Մելքոնյանը՝ ընտանիքի ավագ դուստրը, հաճախել է տարբեր դպրոցներ, տարբեր քաղաքներում: Ծնվել է Սպիտակում, առաջին դասարան գնացել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան դպրոցում, բայց ավարտել է Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը:
Առաջինից 10-րդ դասարանների միջակայքում էլ մեկ տարի 7-րդ դասարանում սովորել է Գրոզնիում: Երբ հայրը գործուղվել էր Սիսիան, կրստեր քույրը մեկնել է ծնողների հետ այնտեղի հայկական դպրոցում սովորելու նպատակով, իսկ Մագդալինան, ով ի սկզբանե ռուսական կրթություն էր ստանում, մնում է Երևանում, բնակվում իրենց տանը հարևանուհու զարմիկի՝ այժմ անվանի լեզվաբան, բազմաթիվ դասագրքերի հեղինակ Ելենա Մխիթարյանի և նրա քրոջ հետ: Հենց այս տարիներին է նրա մոտ ձևավորվում որոշակի հետաքրքրություն նաև նկարչության, ժամանակակից երաժշտարվեստի հանդեպ: Առհասարակ ընտանիքում բոլորը երաժշտական են եղել: Թե՛ մայրը, ով մասնագիտությամբ ինժեներ էր, թե՛ մյուս բարեկամները սիրել են երգել տարբեր ընտանեկան հավաքույթների ժամանակ: Հարազատ Գրոզնիի մասին խոսելիս ակամա հուզվում է, որովհետև պատերազմական գործողությունների հետևանքով մանկությունը խորհրդանշող քաղաքը կորցրել է իր երբեմնի գեղեցկությունն ու հմայքը: Վերջին անգամ՝ մոտ երեք տասնամյակ առաջ, հարազատներից մեկի հարսանիքին է մասնակցել, սակայն տխրությամբ է նշում, որ որևէ բարեկամ Գրոզնիում այլևս չի բնակվում: Անգամ հարազատների գերեզմաններն են ոչնչացվել:
Առանձնակի ջերմությամբ է հիշում իր առաջին ուսուցչուհուն՝ Մոնյա Մարտինովնային, ում հաջողվեց արմատացնել տատիկի հիմք դրած սերը դեպի գրականությունը: Չեխովի անվան դպրոցում ավարտական դասարաններում ուսանելը պատահական չէր: Դպրոցում հայտարարվում է ֆիզմաթ դասարանում սովորելու մրցույթ: Հենց այդ տարիներին էլ բացահայտվում են Մագդալինա Մելքոնյանի նաև արտիստական ունակությունները: Նա գլխավոր դերում է հանդես գալիս «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի դպրոցական թատերական բեմադրության մեջ: Շատերի կողմից նրա խաղը, արևմտահայերենով շատ բնական խոսելու ձիրքը արժանանում են հանդիսականների, այդ թվում թատերարվեստի անվանի ներկայացուցիչների ուշադրությանը: Նախքան բժշկի ուղին ընտրելը մտածել է նաև թատերարվեստի մասին, սակայն հայրը բացառել է դստեր դերասանուհի դառնալու ցանկությունը և որևէ անգամ նրա ներկայացումը դիտելու այդպես էլ չի եկել:
Առաջին անգամ հանգամանալից պատմելով մանկության ու պատանեկության տարիների մասին՝ նկատում է, որ տարբեր դպրոցներում սովորելը, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնվելը, տարբեր սոցիալական խմբերի հետ շփումները նաև կյանքի մեծ դպրոց էին, որից ստացած պտուղները բժիշկ-գիտնականին պետք ենք եկել արդեն հասուն կյանքում: Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը խոստովանում է, որ բժիշկ դառնալու իր որոշման մասին դասարանցիներին սկզբնական շրջանում չի հայտնել, քանի որ սովորում էր ֆիզմաթ դասարանում: Յուրի Գերմանի վեպի հիման վրա 1958թ. նկարահանված «Дорогой мой человек» ֆիլմի դիտումը վճռորոշ նշանակություն է ունենում դպրոցն արծաթե մեդալով ավարտած աշակերտի մասնագիտության ընտրության հարցում:
25 տարի է ղեկավարում է ԵՊԲՀ բժշկական քիմիայի ամբիոնը
Մոսկվայում բժշկական կրթություն ստանալը, չնայած մեծ ցանկությանը, հանգամանքների բերումով չի ստացվում: Այն ժամանակ բժշկական ինստիտուտ ընդունվելուց հետո, ինչպես իր սերնդակիցներից շատերը, Մագդալինա Մելքոնյանը ևս որպես մասնագիտացում ընտրում է տեսական բժշկությունը, իսկ նախքան այդ ուսանողական տարիներին աչքի է ընկել ակտիվությամբ, մասնակցել է ինստիտուտում անցկացվող ոչ միայն ուսումնական, այլև գիտական, մշակութային և ժամանցային միջոցառումներին:
Համեմատականներ տանելով իր սովորելու ժամանակների և այժմյան իրականության հետ՝ նա վստահ է, որ ուսումնական գործընթացի հանդեպ յուրաքանչյուր սովորողի առողջ մոտեցումը և պատասխանատվությունը պետք է բարձրանա: Առհասարակ, նա գտնում է, որ ի տարբերություն նախորդ դարի երկրորդ կեսի, հիմա հեռահաղորդակցական միջոցների զարգացումը բոլորովին նոր հեռանկարներ ու հնարավորություններ են բացել երիտասարդների առաջ բոլոր ոլորտներում: Եթե նախկինում գիտական այս կամ այն աշխատանքի համար տեղեկատվություն հայթայթելը կարող էր ամիսներ տևել, ուղեկցվել նամակագրությամբ դեպի այլ երկրներ, իսկ մեքենագրելիս ցանկացած վրիպակի դեպքում ստիպված էիր մաքուր էջից սկսել, ապա հիմա թե´ աղբյուրների որոնումը, թե´ տեղեկատվություն ստանալն ու փոխանցելը վայրկյանների հարց է:
Կենսագրական տվյալներ
Մագդալինա Մելքոնյանը 1965թ. ավարտել է Երևանի թիվ 55 դպրոցը, 1965-1971թթ. ընդունվել և գերազանցութամբ ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, այնուհետև 1974թ. ավարտել է ասպիրանտուրան: 1993-ից մինչ այժմ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի ամբիոնի, ապա բժշկական քիմիայի ամբիոնի վարիչն է, պրոֆեսոր: 2002թ. IAELPS –ի ակադեմիկոս, 2008-2011թթ. համատեղության կարգով ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորն էր, 2006-2008թթ. ԵՊԲՀ-ի ինտեգրման և բարեփոխումների բաժնի վարիչը՝ կրկին համատեղության կարգով, 2003-2006թթ. համատեղության կարգով աշխատել է բժշկական համալսարանի անգլախոս ուսանողների ֆակուլտետի դեկանի պաշտոնում: 1991-1993թթ. կատարել է ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի տեղակալի, ապա դեկանի աշխատանքը: 1990–1993թթ. եղել է բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի դոցենտ, 1989թ. պաշտպանել է դոկտորական թեզը «Լիպիդային պերօքսիդացումը եվ հակաօքսիդանտների կիրառումը ակուստիկ սթրեսի պայմաններում» և ստացել է կենսաբանական գիտությունների դոկտորի աստիճան:
1984–1990թթ. բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի ասիստենտ, 1978–1984թթ.՝ բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոն, ավագ գիտաշխատող: 1975թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Ազոտային փոխանակության որոշ կողմերը սպիտակ առնետների ուղեղում գերօսիդացված և չգերօսիդացված չհագեցած ճարպաթթուների ազդեցության տակ» թեմայով և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան: 1974-1978թթ. բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնի կրտսեր գիտաշխատող էր: Ռուսաստանի կենսաքիմիկոսների, Հայաստանի կենսաքիմիկոսների, Գերմանիայի Մոլեկուլային կենսաբանների և կենսաքիմիկոսների, Եվրոպական կենսաքիմիկոսների միությունների, Հայաստանում «Սթրես» ծրագրի անդամ էր: Մի շարք վերապատրաստումներ է անցել Երևանում և Մոսկվայում: 2002 և 2010թթ. պարգևատրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալներով:
2009թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից արժանացել է պատվոգրի, իսկ 2010թ. վարչապետի հուշամեդալի: 2010թ.-ից ՀՀ Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի անդամ էր: Տարիներ շարունակ եղել է 042 մասնագիտական խորհրդի անդամ: 1992թթ. մինչ այսօր ֆակուլտետային և համալսարանի մի շարք այլ խորհրուրդների անդամ է: Ղեկավարել է 4 թեկնածուական թեզ, ավելի քան 220 տպագիր աշխատանքների հեղինակ է և համահեղինակ:
Մագդալինա Մելքոնյանը բժշկական ինստիտուտի երկրորդ կուրսում էր սովորում, երբ հանդիպում է ապագա ամուսնուն՝ Յուրի Նշանյանին, ով մասնագիտությամբ տեսական մեխանիկ է, տեխնիկական գիտությունների դոկտոր: Նորաստեղծ ընտանիքում սկսվում է առողջ իմաստով «մրցակցություն»: Տարիների աշխատանքի ու շարունակական մասնագիտական զարգացման շնորհիվ ամուսիններից յուրաքանչյուրն իր ոլորտում կայացած և պահանջված մասնագետ է:
Հպարտությամբ է ընդգծում, որ իր մասնագիտական կայացման և շատ հաջողությունների հասնելու հարցում իրեն բարոյապես մեծապես աջակցել և անգամ այդ հաջողություններին դրդել է ամուսինը: Բժշկի մասնագիտություն է ընտրել երկու երեխաներից միայն մեկը: Դուստրը՝ Սոնա Նշանյանը ԵՊԲՀ-ից հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում: Այժմ բնակվում և մանկաբարձության, գինեկոլոգիայի և վերարտադրողական առողջության ոլորտում հաջողված մասնագիտական գործունեություն է իրականացնում Մոսկվայում, բժշկական գիտությունների թեկնածու է: Տղան՝ Վահագն Նշանյանը գնաց պապի հետքերով, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Հայաստանի ամերիկյան համալսարանում: Այնուհետև 1990-ականների սկզբին երկրի սոցիալ-տնտեսական խնդիրով պայմանավորված նորաստեղծ ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան, ուր ավարտել է նաև Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) պետական կառավարման ֆակուլտետը, այնուհետև մեկնել է Ղրղզստան: Այժմ աշխատում է Բիշքեկում բանկային համակարգում: Մագդալինա Մելքոնյանն ունի երկու թոռ՝ Յուրի և Մագդալինա Նշանյանները: Երկուսն էլ բարձրագույն կրթություն են ստացել Ռուսաստանի Դաշնությունում: Յուրին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, Մագդալինա կրտսերը՝ էկոնոմիկայի:
Խոսելով բժիշկ-տեսաբանի՝ կենսաքիմիկոս դառնալու որոշման մասին՝ նշում է, որ ընտրությունը կատարելիս, ինչպես և կյանքի շատ այլ իրավիճակներում, առաջնորդվել է առաջին հերթին պատասխանատվության զգացումով: Իր՝ որպես մասնագետ ձևավորման և կայացման գործում Մագդալինա Մելքոնյանն անգնահատելի է համարում ավագ գործընկերների, ուսուցիչների ներդրումը: Ինչպես ինքն է բնորոշում, թե իր կյանքում, թե բժշկագիտության պատմության մեջ «մեծեր» են եղել Վահան Մխիթարյանը, Էմիլ Մխեյանը, Սիմոն Միրզոյանը, Էմիլ Գաբրիելյանը, Վաղինակ Գրիգորյանը, այլք:
«Ոչ միայն իրենց հետաքրքիր դասախոսություններով, այլև կերպարով, նիստ ու կացով, մեծությամբ են նպաստել իմ և իմ շատ գործընկերների կայացմանը»,- ասում է զրուցակիցս:
Չի մոռանում նաև այն գործընկերների մասին, որոնց հետ աշխատել է տարբեր տարիների կտրվածքով. Միխայիլ Աղաջանով, Էլեոնորա Միքայելյան, Դիանա Գևորգյան, Լիլիա Չիլինգարյան, Նելլի Մելիք- Ագաևա, շատ ուրիշներ:
Գաղտնիք չէ, որ այսօր կրթության բնագավառում շատ է խոսվում ուսանող-դասախոս երբեմն ոչ այնքան պարզ փոխհարաբերությունների մասին: Այս հարցում ևս նա իր «երկաթյա» դիրքորոշումն ունի:
«Դարեր շարունակ բժիշկը հասարակության ամենակիրթ, ամենազարգացած, ամենահարգված ներկայացուցիչ է, որը պետք է օրինակ ծառայի բոլորին»,- շեշտում է երկարամյա դասախոսը: Այս սկզբունքն առաջին կուրսում բժշկական քիմիա սովորող ապագա բժիշկներին չի զլանում կրկնել:
Աշխատելով 1-ին կուրսեցիների հետ՝ նրա ղեկավարած ամբիոնն այսպիսով հայ և օտարերկրացի ուսանողներին ոչ միայն առարկային լավ ծանոթացնելու, այլև կրթելու, դաստիարակելու գործառույթներ է իրականացնում: Տարիներ անց բազմաթիվ են դեպքերը, երբ խստության համար իրեն ուսանողները շնորհակալություն են հայտնել: Ակադեմիական մթնոլորտը, բարձրագույն ուսումնական հաստատությունում ավանդույթների ձևավորումն ու պահպանումը կրթության բնագավառի վառ ներկայացուցիչն անհրաժեշտություն է համարում:
Մագդալինա Մելքոնյանը բազմաթիվ գիտական ընկերությունների և խորհուրդների անդամ է, մարդ, ով հաճույք է ստանում ամենօրյա աշխատանքից, վստահեցնում՝ իր ղեկավարած ամբիոնի հաջողությունն առաջին հերթին մեկ մարդու պես աշխատելու մեջ է: Մեր համալսարանի երկարամյա ներկայացուցիչը զեկուցումներով հանդես է եկել մի շարք միջազգային գիտաժողովներում: Նրա ղեկավարությամբ ամբիոնի ուսումնական և գիտական գործունեությունը թևակոխել է նոր ժամանակաշրջան: Վերջին տասնամյակներում ամբիոնում իրականացվում են մի շարք գիտական հետազոտություններ, կատարելագործվում են դասավանդման մեթոդները, բարձրացվում է դասախոսների որակավորումը, հրատարակվում են ուսումնական տասնյակ դասագրքեր ու ձեռնարկներ: Ամբիոնում առարկաների ուսուցումն անցկացվում է Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Ռազմաբժշկական ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողների համար:
Եռալեզու տարբերակով դասավանդվում է երկու առարկա՝ կենսաֆիզիկական քիմիա և կենսաօրգանական քիմիա, որոնք նախատեսված են ուսանողներին ծանոթացնելու կենսաբանական համակարգերում տեղի ունեցող ֆիզիկաքիմիական պրոցեսներին, նրանց դերին և նշանակությանը: Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական աշխատանքների և լաբորատոր փորձերի տեսքով: Համաձայն ծրագրային պահանջների կիրառվում է ինքնուրույն աշխատանքի եղանակը: Գործնական պարապմունքների մի մասն են կազմում լաբորատոր աշխատանքները, որոնց ընթացքում ուսանողները ձեռք են բերում քիմիական լաբորատորիայում աշխատելու փորձ, սովորում են ինքնուրույն կատարել պարզ գործողություններ: Ամբիոնում գործում է ուսանողական գիտական խմբակ, որի անդամները մասնակցում են նաև փորձարարական հետազոտությունների անցկացմանը:
Մագդալինա Մելքոնյանը մեծ ոգևորությամբ է հիշում իր դոկտորական աշխատանքը, երբ Երևանի նախկին նուրբ-բրդյա գործվածքների («Կանվոլնի») գործարանի կին աշխատակցուհիների օրինակով ևս մեկ անգամ անդրադարձել է աղմուկի ազդեցությանը մարդու օրգանիզմի վրա, մասնավորապես՝ որպես սթրեսի գործոն: Իր հեղինակած հետազոտության ընթացքում պարզվել է, որ գործարանի աշխատակցուհիների մոտ առկա է հակաօքսիդանտային համակարգի խանգարում: Համապատասխան հակաօքսիդանտների կիրառման արդյունքում արյան հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին E-ի կիրառումը բարելավել է կանանց առողջությունը, ինչը նաև մեծ գոհունակություն էր առաջացրել աշխատակցուհիների շրջանում: Կատարված հետազոտությունը ձևակերպվել է որպես պրակտիկ գործնական առաջարկ:
Վերջին տարիներին Բժշկական քիմիայի ամբիոնում զբաղվում են գիտական մի շարք նոր ուղղությունների ուսումնասիրմամբ: Մասնավորապես, հանրապետությունում սինթեզված օրգանական միացությունների հակասթրեսային, հակաօքսիդանտային, հակահիպօքսիկ հատկությունների և դրանց կիրառման արդյունավետության ուսումնասիրությամբ աղմկային սթրեսի պայմաններում և մի շարք նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մոդելների վրա:
Անդրադառնալով երկու տարի անց 100-ամյակը բոլորող հարազատ բժշկական համալսարանին՝ Մագդալինա Մելքոնյանը չէր կարող չհիշել նաև բոլորին հայտնի պատերազմական, մութ ու ցուրտ 90-ականների մասին: Դժվարին տարիները, սակայն, թույլ չտվեցին, որպեսզի գոնե մեկ օր համալսարանի աշխատանքները դադարեն, հակառակը՝ սուղ պայմաններում էլ աշխատակիցները գալիս էին աշխատանքի և պատվով կատարում ապագա բժիշկներ կրթելու կարևոր առաքելությունը:
Բժշկական քիմիայի ամբիոնի վարիչը ներկայացնում է ԵՊԲՀ աշխատակիցների մի սերունդ, ում կյանքն ու մասնագիտական գործունեությունն ավելի քան կես դար է անբաժան է բժշկական մայր բուհից:
Մագդալինա Մելքոնյանն այն մանկավարժներից է, որի դեպքում «խստություն և սեր» ոչ քիմիական բանաձևն առավել քան կիրառական է: Նա խիստ է, պահանջկոտ, բայց և արդարամիտ:
«Եթե տեսնում եմ, որ ուսանողը ձգտում է, աշխատում է իր վրա և որևէ բան իրեն չի հաջողվում, ապա այդ դեպքում չեմ կարող չգնահատել նրա ձգտումը, ինքն իր վրա աշխատելու մեծ ցանկությունը: Բայց խիստ եմ այն ուսանողների նկատմամբ, ովքեր ժամանակը չեն գնահատում և ջանք չեն թափում լավ սովորելու համար»,- նկատում է տիկին Մելքոնյանը:
Կարգապահական հարցերը տասնամյակներ շարունակ նրա ուշադրության կենտրոնում են: Այսօր նա ակտիվորեն ներգրաված է նաև ԵՊԲՀ ռեկտորի նախաձեռնությամբ ստեղծված Կարգապահական հանձնաժողովի աշխատանքներում: Նրա գնահատմամբ՝ համալսարանական այս նոր կառույցը ուսանողների ու աշխատակիցների կողմից բարձրացված խնդիրները վեր հանող, իրավունքներն ու պատասխանատվությունը սահմանող կարևոր օղակ է:
Ոչ միայն բժշկական քիմիայի, այլև յուրաքանչյուր գիտական ասպարեզում սեփական աշխատանքը սիրելը կարևոր նախապայման է: Նա առաջնորդվում է այս սկզբունքով, ինչպես նաև մարդկային արժեքներով, որոնց առկայությունը թե՛ առօրյա կյանքում, թե՛ սերունդներ կրթելու գործում պարտադիր պայման են:
Նախագծի հեղինակ` ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ ՄԱԳԴԱԼԻՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ անձնական արխիվից