Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լավ բժիշկ դառնալու նախապայմանը մասնագիտությունը սիրելն ու նվիրվելն է. պրոֆեսոր Լալայանի մասնագիտական դեղատոմսը

Լավ բժիշկ դառնալու նախապայմանը մասնագիտությունը սիրելն  ու նվիրվելն է. պրոֆեսոր Լալայանի մասնագիտական դեղատոմսը

ԵՊԲՀ Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, «Ստոմատոլոգիա 21-րդ դար» ասոցիացիայի նախագահ, միջազգային տարբեր ասոցիացիաների և ակադեմիաների անդամ Կարեն Լալայանի մասնագիտական դեղատոմսն է՝ լավ բժիշկ դառնալու միակ նախապայմանը մասնագիտությունը սիրելն է ու աշխատանքին նվիրվելը:

Խոստովանում է, որ բժիշկ դառնալու որոշումը կայացրել է 10 տարեկանում:

«Մայրս ատամնաբույժ էր, նա ինձ պարբերաբար տանում էր ատամնաբուժական կաբինետ: Այլ ուղղությամբ չէի էլ մտածում: Բաքվում բժշկական բուհն ավարտելուց հետո մեկնել եմ Ղազախստանի Կարագանդա քաղաք: Սկսեցի աշխատել որպես ընդհանուր վիրաբույժ: Մնացի 8 տարի: Այնուհետև վերապատրաստման ծրագրեր եմ անցել Սանկտ Պետերբուրգում, Օդեսայում,  Ալմաթիում,  Նովոսիբիրսկում: Մոսկվայում հեռակա սովորել եմ ասպիրանտուրա, Մոսկվայի ատամնաբուժական գիտահետազոտական ինստիտուտում  աշխատել երկու տարի»,-նշում է անվանի բժիշկ Կարեն Լալայանը:

Հայաստանում բժիշկների վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտի բացումից հետո, ինստիտուտի հիմնադիր ղեկավար Սուրեն Ավդալբեկյանի առաջարկով,  Կարեն Լալայանը սկսում է աշխատել այնտեղ:

«Ստոմատոլոգիական ամբիոնում աշխատելու համար անհրաժեշտ էր ռուսերենի իմացությամբ մասնագետներ, մարդիկ գալիս էին ՌԴ-ից, սիրում էին Հայաստանը, գալիս էին այստեղ մասնակցելու վերապատրաստման դասընթացների: Եկա Հայաստան: 1974 թվականին Նոր Նորքում բացվեց Ատամնաբուժական հանրապետական կենտրոն, այնտեղ սկսեցի աշխատել որպես վիրաբույժ, և ասիստենտ վերապատրաստման ինստիտուտի ամբիոնում, այդտեղից էլ սկսեցի զբաղվել գիտությամբ»,-անցած ճանապարհի մասին է պատմում պրոֆեսորը, որը ուրախությամբ է խոսում արյունահոսությունը դադարեցնող իր ստեղծած դեղամիջոցի մասին, որը հետագայում լայն կիրառություն է ստացել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս:

«Դրա հիման վրա Մոսկվայում պաշտպանեցի թեկնածուական ատենախոսություն, յոթ տարի անց Հայաստանում պաշտպանեցի դոկտորական ատենախոսությունը: Արդեն 40 տարի աշխատում եմ «Վան» ատամնաբուժական կենտրոնում, շատ սիրված կոլեկտիվում»,-նշում է ԵՊԲՀ դասախոսը:

Ունենալով տարեկան մոտ 280 ստոմատոլոգ պատրաստելու փորձ` պրոֆեսորը ոգևորությամբ է խոսում իր ուսանողների մասին: Երիտասարդ սերունդն, ըստ նրա, շատ լավն է, խելացի, ընդունակ, առանց որևէ բարդույթի:

Կարեն Լալայանի խոսքով՝ տեխնոլոգիական հնարավորությունները օգտագործելով՝ ապագա բժիշկները կարողանում են յուրացնել ոլորտի նորարարությունները:

«Իմ խորհուրդն ուսանողներին այն է, որ լավ մարդ դառնան, հիվանդին վերաբերվեն որպես հարազատի»,-նշում է Կարեն Լալայանն ու հավելում, որ մեր երկիրն ունի ուժեղ, պրոֆեսիոնալ  մասնագետներ:

Նրանց գործունեությունը նպաստել է ստոմատոլոգիական տուրիզմի զարգացմանը:

Ոլորտի լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությունն ու ոլորտում լավ մասնագետների ներգրավվածությունը, պրոֆեսոր Լալայանի գնահատմամբ, մեծացրել են բուժման արդյունավետությունը:

 Անկեղծանում է՝ եթե կրկին մասնագիտություն ընտրելու առջև կանգնած լիներ, կրկին կընտրեր ստոմատոլոգիան:

«Իմ քաղաքականությունը ստոմատոլոգիան է»,-եզրափակում է համալսարանականը: