Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նիկոլայ Կրասնիկովը բժշկի ուղին ընտրել է սրտի կանչով

Նիկոլայ Կրասնիկովը բժշկի ուղին ընտրել է սրտի կանչով

ԵՊԲՀ տարբեր տարիների շատ շրջանավարտներ կփաստեն, որ բժշկական կրթության և բժշկական ինտելեկտի հենքն իրենց համար նաև Նիկոլայ Կրասնիկովի հետաքրքիր և բովանդակալից դասախոսություններն են եղել:

Բժշկական կենսաբանության ամբիոնի դոցենտն ուղիղ 48 տարի է` աշխատում է բժշկական մայր  բուհում: Գրեթե կես դար անց էլ ընդգծում է, որ մասնագիտությունն ընտրել է առաջին հերթին սրտի կանչով։ Նրա համար մասնագիտությունը սիրելն առաջնահերթություն է։ ԵՊԲՀ-ի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իրականացվող «Բժշկի ուղին» շարքի 20-րդ թողարկումը նվիրված է բժշկական բուհի երկարամյա փորձ ունեցող աշխատակիցներից Նիկոլայ Կրասնիկովին:

 Կենսագրական տվյալներ

Նիկոլայ Կրասնիկովը 1953-1961թթ. սովորել է Երևանի զինվորա-երաժշտական դպրոցում, իսկ  1961-1954թթ. թիվ 24 Սպաների տանը կից երեկոյան հանրակրթական դպրոցում: Նա 1964-1969թթ. կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում, մասնագիտությունը՝ կենսաբանություն, քիմիա, նեղ մասնագիտացումը՝ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա, ապա  1969-1971թթ. ծառայել է բանակում: Նիկոլայ Կրասնիկովը 1971-1972թթ. աշխատել է որպես ավագ լաբորանտ, այնուհետև որպես կրտսեր գիտաշխատող (1972-1992թթ․) ԵՊԲԻ բժշկական կենսաբանության և գենետիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայում: 1996թ. ԵՊԲԻ բժշկական կենսաբանության և գենետիկայի ամբիոնի ասիստենտ էր, 1999թ. ԵՊԲՀ բժշկական կենսաբանության ամբիոնի դոցենտ:

 48-տարվա ընթացքում գեթ մեկ օր չի ուշացել և չի բացակայել աշխատանքից

Մասնագետը պատմում է, որ ընտրեց բժշկությունը որպես մասնագիտություն, որովհետև  այս ոլորտին մոտ էր մտածելակերպով։  Նախկինում գրեթե բոլոր տեսական ամբիոններն ունեին խոշոր լաբորատորիաներ, որտեղ և գիտահետազոոտական ոլորտում իրենց առաջին քայլերն են կատարել այսօր արդեն վաղուց կայացած մասնագետները։ Այսպես պատահեց նաև Նիկոլայ Կրասնիկովի կյանքում։ ԵՊՀ շրջանավարտը  ավելի քան չորս տասնամյակ առաջ մուտք գործեց բժշկական համալսարան, և այս կրթական հաստատությունը դարձավ նրա կյանքի կարևոր բաղկացուցիչներից մեկը։

Այստեղ նա ձեռք է բերել ոչ միայն տեսական և գործնական գիտելիքներ, որոնք հետագայում փոխանցել է ապագա բժիշկների տասնյակ սերունդների, այլև ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ՝ մարդիկ, ում հետ անցել է մասնագիտական կայացման երկարամյա ճանապարհ։

Առհասարակ, Նիկոլայ Կրասնիկովի գնահատմամբ՝ ԵՊԲՀ բժշկական կենսաբանության ամբիոնը տարիներ շարունակ աչքի է ընկել տիրող լավ, համերաշխ մթնոլորտով։ Տարբեր մասնագիտական հարցերի շուրջ տարատեսակ քննարկումներն անպակաս են իրենց առօրյայից։ Ապագա բժիշկների հետ ևս Նիկոլայ Կրասնիկովը մեծ հաճույքով է հիվանդությունների վերլուծությանը նվիրված  քննարկումներ ծավալում։ Մասնագիտական առարկան ուսանողներին ներկայացնելիս նա ձգտում է հնարավորինս հետաքրքիր մատուցել ուսումնական նյութը։

«Աշխատանքը բժշկական համալսարանում մեր կյանքի կարևոր մասն է,  անգամ տոնական օրերին, երբ բացակայում ենք մի քանի օր, կրկին աշխատանքի վերադառնալու մեծ ցանկություն է առաջանում»,- նկատում է ԵՊԲՀ դասախոսը՝ ափսոսանքով հավելելով, որ շատ գործընկերներ մահացել են, բայց մեծ է նրանց ներդրումը Բժշկական կենսաբանության ամբիոնի ստեղծման և կայացման գործում։

Պատմական ակնարկ

ԵՊԲՀ բժշկական կենսաբանության ամբիոնը հիմնադրվել է 1930-ին՝ պրոֆեսոր Սիմոն Յուզբաշյանի ակտիվ աջակցությամբ։ Նա ամբիոնը ղեկավարել է մինչև 1935թ.-ը: Այնուհետև ամբիոնի վարիչներ են եղել պրոֆեսորներ հանրապետության նշանավոր կենսաբան Ավետիք Տեր-Պողոսյանը, հայտնի պարազիտոլոգ Շավարշ Մաթևոսյանը, Հարություն Կարապետյանը, Սոս Սիսակյանը, Հռիփսիմե Մաթևոսյանը (2007-2009թթ.-ին և 2012թ.-ից մինչ օրս): Հարկ է նշել, որ առաջին հայալեզու «Պարազիտ նախակենդանիներ և որդեր» ուսումնական ձեռնարկը հեղինակել են պրոֆեսոր Շ. Մաթևոսյանը և դոցենտ Տ. Գասպարյանը 1959թ.-ին, որը զարկ տվեց մայրենի լեզվով ուսումնական գրականության ստեղծմանը: Ամբիոնի կազմավորման և բժշկական կադրերի պատրաստման գործում զգալի ավանդ են ունեցել հմուտ մանկավարժներ, դոցենտներ Տիգրանուհի Գասպարյանը և Էլբիս Կարասեֆերյանը, Մարտին Համբարձումյանը, Զուլֆի Իսահակյանը և Դոնարա Մանուչարյանը: Ամբիոնի կազմավորման սկզբնական շրջանում գիտահետազոտական աշխատանքներն ընթացել են Հայաստանում արյունածուծ տզերի տեսակային կազմի և տարածվածության ուսումնասիրության, բժշկական պրոտոզոոլոգիայի կարևորագույն խնդիրների բացահայտման ուղղությամբ: 1970-ից պրոֆեսոր Հ. Կարապետյանի նախաձեռնությամբ ամբիոնը համալրվել է գիտամանկավարժական նոր կադրերով: Պրոֆեսոր Հ. Կարապետյանի կողմից մշակվել է լյամբլիաների կուլտիվացման մեթոդ, որն ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների նոր ուղղվածության հիմք է հանդիսացել և լայնորեն կիրառվել բազմաթիվ պրոտոզոոլոգիական լաբորատորիաներում: Ա. Ենգիբարյանի նախաձեռնությամբ ամբիոնին կից լաբորատորիայում կիրառվեց ավտոռադիոգրաֆիայի մեթոդը: Պրոֆեսորներ Ս. Սիսակյանի, Ա. Ենգիբարյանի և Հ. Մաթևոսյանի ջանքերով ամբիոնում սկիզբ է դրվել գիտական բոլորովին նոր ուղղվածության՝ սրտամկանի ոչ կորոնարոգեն ախտահարման և դրա կանխարգելման հիմնահարցերի ուսումնասիրությունը:

Նիկոլայ Կրասնիկովի, ինչպես և իր շատ տարեկիցների  հուշերում անջնջելի տեղ ունեն 1990-ականները։ Անգամ այդ տարիներին, երբ, պատերազմական իրավիճակով պայմանավորված, երկրում գրեթե չկային տրանսպորտային միջոցներ, ԵՊԲՀ երկարամյա աշխատակիցը գեթ մեկ օր չի ուշացել և չի բացակայել աշխատանքից։  Անգամ ձմռանը, ոտքով տանից կտրելով մի քանի կիլոմետր, միշտ ժամանակին է ներկայացել աշխատանքի։ Համեմատականներ տանելով՝ նկատում է, որ նախկինում, ի տարբերություն մեր օրերի, դժվարություններն ուսանողներին առավել պարտաճանաչ և պատասխանատու էին  դարձնում։

Բժշկական կենսաբանության ամբիոնի դոցենտի համար պատասխանատվությունը սկզբունքային հարց է։ Նշում է, որ իրեն հաճախ ասում են, որ խիստ է և պահանջկոտ։ Նա չի հերքում, որ խստությունը և պահանջկոտությունը իր դասավանդման պրակտիկայի անբաժանելի մասն են, որովհետև առանց այս և շատ այլ հատկանիշների անհնար է պատկերացնել երիտասարդի բժիշկ դառնալու բարդ ճանապարհը։

Մանկավարժական աշխատանքին զուգահեռ Նիկոլայ Կրանսիկովի կյանքում մշտապես առանցքային է  եղել գիտական գործունեությունը։ 1992թ. նա ԵՊՀ-ում պաշտպանել է թեզ «Փորձարարական պայմաններում միոկարդի մետաբոլիկ վնասումների համուղղումը ինդոմետացինով» թեմայով:  ԵՊԲՀ դոցենտը հեղինակ է 76 գիտական հոդվածի, 1 դասագրքի, 3 ուսումնամեթոդական ձեռնարկի, 2 պատենտի և 2 ռացիոնալիզատորական առաջարկի: 2005թ. երկարամյա ու անբասիր աշխատանքի համար Նիկոլայ Կրասնիկովը  պարգևատրվել է ԵՊԲՀ ոսկե մեդալով, իսկ 2010թ. արժանացել է  ԵՊԲՀ արծաթե մեդալի:

Զավակները և թոռնիկը ևս ընտրել են բժշկի մասնագիտությունը

Բժիշկներ են նաև Նիկոլայ Կրասնիկովի և իր տիկնոջ, ֆիզիոլոգ, սրտաբան Լյուդմիլա Մաթևոսյանի երկու զավաները։ Որդին՝ Ալեքսանդր Կրասնիկովը, անոթային վիրաբույժ է, իսկ դուստրը՝ Եվա Կրասնիկովան, անեսթեզիոլոգ է։ Ամուսնու՝ սրտային վիրաբույժ, սիրիահայ հայրենադարձ Մհեր Սասունիի հետ նրանք միասին են աշխատում, կատարում բարդ վիրահատություններ, փրկում մարդկային կյանքեր։ Կրասնիկովների ընտանիքը առաջիկայում կհամալրվի ևս մեկ բժիշկ-մասնագետով․ որդու դուստրը՝ Ալլան, այժմ ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի է, լավ առաջադիմությամբ ձգտում է բարձր պահել Կրասնիկովների բժշկական ընտանիքի պատիվը։

 Հարցազրույցի վերջում Կրասնիկով ազգանունը ևս մեկ անգամ հնչեցնելուց հետո ուշադրությունս սևեռվեց այն փաստի վրա,  որ զրուցակիցս ազգությամբ ռուս է: Նիկոլայ Ֆյոդորի Կրասնիկովի ընտանիքը 1930-ականներին սովի պայմաններում է Ռուսաստանից գաղթել Հայաստան: Կրասնիկովների  կրտսեր երեխան՝ Նիկոլայը, ի տարբերություն ավագների, Երևանում է լույս աշխարհ եկել։ Չնայած նա ազգությամբ ռուս է, ունի ռուսական կրթություն,  բայց դա բոլորովին չի խանգարում իրեն անգամ մեկ շաբաթ Հայաստանից հեռու գտնվելու դեպքում կարոտել ծննդավայրը և վերադառնալու ցանկություն ունենալ:

ԵՊԲՀ դասախոսը ողջ կյանքն ապրել է հայկական միջավայրում, վարժ և սահուն խոսում է հայերեն, ազատ հաղորդակցվում է և արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ապագա բժիշկներին նաև դասավանդում է հայերենով:

 Հեղինակ ` ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ ՆԻԿՈԼԱՅ ԿՐԱՍՆԻԿՈՎԻ անձնական արխիվից և ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲՅԱՆԻ