Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սուսաննա Դավթյան. արվեստի փիլիսոփայությամբ ապրող գիտնականը

Սուսաննա Դավթյան. արվեստի փիլիսոփայությամբ ապրող գիտնականը

ԵՊԲՀ վարչական մասնաշենքում տեղակայված հասարակագիտական առարկաների ամբիոնով քայլելիս, եթե ֆրանսերենի հնչյուններ լսեք՝ դաշնամուրային նվագակցությամբ, ապա վստահ եղեք, որ ուսումնական հաստատությունում ստեղծագործական դադարի հեղինակը հասարակագիտական առարկաների ամբիոնի դոցենտ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի, «Հայֆա» հայկական մասնաճյուղի վարիչ Սուսաննա Դավթյանն է։

Համալսարանականների, ապագա բժիշկների տասնյակ սերունդներ նրա անմիջական կատարումները լսելու հաճելի առիթներ են ունեցել, ոգեշնչվել։

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, դոցենտ Սուսաննա Համբարձումի Դավթյանի մասին է ԵՊԲՀ 100-ամյա հոբելյանին նվիրված «Բժշկի ուղին» ակնարկաշարի հերթական մասը։ Ի դեպ, Հայաստանում փիլիսոփայության գիտությունների դոկտոր է իգական սեռի ընդամենը երեք ներկայացուցիչ։

Նրա կենսասիրությունը հնարավոր չէ չնկատել։ Մշակույթով ապրելու և այն տարածելու ձգտումն էլ յուրահատուկ կենսափիլիսոփայություն է, որն համալսարանականը շռայլորեն տարածում է սովորողների և գործընկերների շրջապատում՝ տասնյակ միջոցառումներ կազմակերպելով և նախաձեռնելով։

Ծննդյան հոբելյանն անցած ուղին վերարժևորելու և ապագայի ծրագրերով զինվելու հնարավորություն է։

Սեփական հողի վրա անբացատրելի ամրություն ես զգում

Երևանի Ստեփան Շահումյանի անվան համար 1 դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ Ապրելով հայ թատրոնի ու կինոյի անվանի դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի հարևանությամբ՝ մայրաքաղաքի Աբովյան փողոցում՝ նրանից ոգեշնչված Սուսաննա Դավթյանը ցանկացել է դերասանուհի դառնալ։ Մայրն ընդդիմացել է՝ ասելով, որ դերասանները, որպես կանոն, ամուր ընտանիք չեն ստեղծում։ Արդյունքում, մաթեմատիկական և միաժամանակ լեզվաբանական գիտելիքներ ունեցող դիմորդն ընդունվում է Երևանի պետական համալսարանի կիրառական լեզվաբանության, մեքենական թարգմանության այդ ժամանակ նորաբաց բաժին։

Բուհում ևս գերազանց առաջադիմություն է ունեցել, ինչի արդյունքում ՀԼԿՄ (Կոմերիտական միության կենտրոնական կոմիտե, որը տեղակայված էր Ազգային ժողովի ներկայիս շենքում) կենտկոմի երիտասարդության բաժնում աշխատելու առաջարկ է ստացել և աշխատել 1 տարի՝ լինելով հինգերորդ կուրսի ուսանողուհի։ Սակայն Մոսկվայում ասպիրանտուրա ընդունվելու հեռանկարն առավել գրավիչ էր։ Խոստովանում է, որ քաղաքականությունը, վարչարարական աշխատանքն իրեն չեն հրապուրում։

Յոթ տարի Մոսկվայում սովորելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո վերադառնում է Հայաստան։

Հայրենիքի մասին խոսելիս նկատում է, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ամառանոց ունի՝ իր և իր ամուսնու ձեռքերով աճեցրած ծաղիկներով ու ծառերով լի, իր բնորոշմամբ՝ այս կիսաանապատային տարածքում, ուր ոչ ջուր կա, ոչ հող, սասունցիներ են ապրում, որոնք շատ լավ մարդիկ են։ Ընդգծում է՝ սիրելի այս վայրը չի փոխի ոչ մի այլ վայրի հետ։

«Սեփական հողի վրա անբացատրելի ամրություն ես զգում»,- շեշտում է Սուսաննա Դավթյանը։

1978 թվականի հունվարից դասավանդում է բժշկական բուհում։ Հասարակագիտական առարկաների ամբիոնի իր աշխատասենյակում, ինչպես և իր կյանքում կարևորագույն տեղ ունեն արվեստը, մշակույթը։

Նրա կյանքի լուսավոր ու պայծառ բազմաթիվ օրեր կապված են եղել տաղանդավոր մի շարք ստեղծագործողների հետ: Ինչպես հայտնի է՝ մարդու անհատականության ձևավորման վրա էական ազդեցություն են գործում ծանոթությունները, հանդիպումները. առավել ևս՝ աշխատանքային համագործակցությունը, կապը ստեղծագործ միտք ու ոգի ունեցող տաղանդավոր մարդկանց հետ:

«Այս իմաստով իմ բախտը բերել է…. Երջանկություն ու պատիվ եմ ունեցել ծանոթ լինելու, որոշ դեպքերում էլ աշակերտելու, համագործակցելու այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են՝ Արամ Խաչատրյանն ու Դմիտրի Շոստակովիչը, Մարտիրոս Սարյանն ու Երվանդ Քոչարը, Վլադիմիր Ասմուսն ու Վիկտոր Համբարձումյանը, Անաստաս Միկոյանն ու Ջոն Կիրակոսյանը, Եվգենի Մռավինսկին ու Գուստավ էռնեսաքսը. Գրիգոր Խանջյանն ու Հակոբ Հակոբյանը, Սերգեյ Փարաջանովն ու Արտավազդ Փելեշյանը, Ելենա Օբրազցովան ու Լուսինե Զաքարյանը, Տիգրան Մանսուրյանը, Նաթան Ռախլինն ու Հովհաննես Չեքիջյանը…»։

Սուսաննա Դավթյանի անձնական արխիվում առանձնահատուկ տեղ ունեն, ինչպես ինքն է ասում, մեծերի՝ իրեն, իր կատարած աշխատանքին ուղղված արժեքավոր մակագրությունները, որոնք պահպանում է խնամքով։ Ամեն անգամ տողերը թերթելիս վերհիշում է անցած ուղին, թեևավորվում։

Տասնամյակների բեղուն մասնագիտական գործունեությանը, հասարակական, մշակութային ուղղվածության տարբեր աշխատանքներին զուգահեռ, Սուսաննա Դավթյանը նաև գրքեր է հեղինակել։ Հրատարակություններից մեկը պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի մասին է։

«Երջանկություն ու պատիվ եմ ունեցել նվագակցել և երգել այս հրաշք դիրիժորի ղեկավարությամբ։ Ի՜նչ լավ է, որ մարդ հիշելու բան ունիո՞րը հիշեսԲեթհովենի 9-րդ սիմֆոնիան,Մոցարտի ռեքվիեմը, Օրֆի Կարմինա Բուրանան, Կոմիտասի, Եկմալյանի գործերը, Փարիզի, Լենինգրադի, Ժնևի, Բեյրութի, Մոսկվայի, Տարտուի, Տալլինի, Ռիգայի․․․ անկրկնելի համերգները․․․ Ո՞րը,․․․Աստված թող կյանք տա մաեստրոյին, որ վայելենք, արդեն, ցավոք, որպես միայն ունկնդիր, նրա կախարդական համերգնե՜րը։ Պահենք-պահպանենք մեր մեծերին կենդանությա՜ն օրոք։ ․․․Կենդանի՜ մարդուն է արժան պատիվ, հարգանք, շքանշան։ Մեռնելուց հետո արձա՞ն, եղած-չեղած մի հաշիվ է, ինչպես կասեր Ջիվանին»,- մի առիթով գրել է Սուսաննա Դավթյանը։

Մաեստրո Չեքիջյանին նա ճանաչել է 1964 թվականից, երբ նրա ղեկավարությամբ նվագակցել և երգել է պետական համալսարանի ուսանողական քառաձայն երգչախմբում։ Դավթյանի հեղինակած գրքի առիթով անվանի կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանն գրել է․ «․․․ Հեղինակը սոսկ գիտնական-հետազոտող չէ, այլ արվեստի գաղտնիքներին քաջատեղյակ, երաժշտությունը նրբորեն զգացող մի գեղագետ։ Ստեղծագործողների մասին գրված գրքեր շատ կան։ Սակայն միշտ չէ, որ այսպես ներդաշնակ միահյուսված են գիտական վերլուծությունն ու գեղարվեստական, պատկերավոր մտածողությունը, գիտությունն ու արվեստը»։

«Դոկտորական ատենախոսությունը գրելիս անգամ, անպայման համեմում եմ խոսքս գեղարվեստական գրականությունից, արվեստից որևէ պատառիկի ներմուծմամբ։ Գիտական միտքը փորձում եմ լուսաբանել նաև արվեստի միջոցով»,- շարունակում է փորձառու մանկավարժը՝ մեջբերելով Համո Սահյանի հետևել տողերը.

Իմ չլինելուց ես չեմ վախենում,
Ես չեմ վախենում իմ բաժին մահից:
Սակայն ծնկներս դողում են անվերջ
Մեր հոգնահանճար, բայց խեղճ ու անճար
Այս մոլորակի
Անվախճանության վախճանի ահից:

Գտնում է, որ ինչպես բժիշկ, այնպես էլ ստեղծագործող և ուսուցիչ պետք է ծնվել։

«Գիտությունը, տեխնոլոգիաները սրընթաց զարգանում են, բայց եթե էթիկան, բարոյականությունը, խիղճը հետ մնացին, ապա մարդկությունը դատապարտված է գնալ դեպի անդունդ»,- ասում է բիոէթիկայի մասնագետը՝ հավելելով, որ եկել են այնպիսի ժամանակներ, երբ մարդիկ կարիք ունեն վեհ խոսքի։

Ի՞նչ է բիոէթիկան

Բիոէթիկա եզրույթը (հունարենից bios նշանակում է կյանք, իսկ ethos վարքագիծ) առաջին անգամ ներմուծվել է գիտություն 1926 թվականին Ֆրինց Յարիի կողմից իր բիոէթիկական իմպերատիվի մասին հոդվածով, որը վերաբերում էր գիտական փորձերի ժամանակ կենդանիների և բույսերի օգտագործմանը։ 1970 թվականին ամերիկացի բիոքիմիկոս Վան Ռենսելաեր Պոթերը օգտագործեց սույն տերմինը նկարագրելու համար բիոմթնոլորտի և բնակչության թվի աճի միջև եղած կապը։ Պոտերի աշխատությունը հիմք դրեց գլոբալ էթիկայի սկզբնավորմանը, որը գիտություն է կենսաբանության, էկոլոգիայի, բժշկության և մարդկային արժեքների միջև եղած փոխհարաբերությունների մասին։

ՀՀ-ում բիոէթիկայի գաղափարները կրթական համակարգում, ուսանողների, բուժաշխատողների և ընդհանրապես հասարակական գիտակցության մեջ ներարկելու առաջին փորձն իրականացրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: 1998-ին ԵՊԲՀ ռեկտոր, ակադեմիկոս Վ.Պ. Հակոբյանը ռեկտորատի նիստերից մեկի ժամանակ հանձնարարեց տողերիս հեղինակին (որն այն ժամանակ ուսումնադաստիարակչական և մշակութային աշխատանքների պատասխանատուն էր) կազմել առարկայի դասավանդման պլան և ծրագիր, և 2000-ից դասավանդել այն բժշկական համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողներին, օրդինատորներին, կրտսեր և միջին բուժանձնակազմին, ասպիրանտ-հայցորդներին: Հանձնարարությունը տրված էր, ժամանակին էլ կատարվեց:

Եվ այսպես, Հայաստանում բիոէթիկայի հարցերին առաջինն ուշադրություն դարձրեցին փիլիսոփաները. 2009թ. հրատարակվեց մայրենի լեզվով առաջին «Բիոէթիկա» դասագիրքը, որը ՀՀ ԿԳՆ կողմից երաշխավորվեց որպես դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար: Այնուհետև հրատարակվեցին «Биоэтика» և “Bioethics” ուսումնական ձեռնարկները՝ ռուսալեզու և անգլալեզու ուսանողների համար: 2012-ին հրատարակվեցին «Բիոէթիկայի ներածություն» մենագրությունը և ավելի քան 35 հոդված, որից 21-ը՝ արտասահմանում (Իսրայել, Ռուսաստան, Բելառուս, Մոլդովա, Սինգապուր, Իտալիա և այլն):

Երկրորդը բիոէթիկայի հարցերին ուշադրություն դարձրեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը՝ հրատարակելով «Կենսաէթիկայի ներածություն» աշխատությունը՝ Ա. Բոյաջյանի խմբագրությամբ և Լ. Ներսեսովայի, Զ. Խաչատրյանի, Մ. Մկրտչյանի հեղինակությամբ:

Երրորդը բիոէթիկայի հիմնահարցերին անդրադարձան Էջմիածնի Գևորգյան ճեմարանի աստվածաբանները՝ լույս ընծայելով «Կենսաէթիկայի հիմնահարցեր» ուսումնաօժանդակ ձեռնարկը (կազմողներ՝ Հրաչ սարկավագ Սարգիսյան, Վարդան սրկ. Ասլանյան):

Խրախուսում և կարևորում ենք Հայաստանի իրավաբանների այս քայլը և մտածողությունը, որ պետք է տեղի ունենա նաև բիոէթիկայի և իրավաբանության մերձեցում: Այո՛, ողջունելի է, որ իրավաբանները ևս մոտեցան բիոէթիկայի հարցերին և կարևորեցին համագործակցությունը մեզ հետ: Սա ժամանակի հրամայականն է, և մենք պետք է համախմբենք մեր ուժերը մեր առջև դրած խնդիրները լուծելու համար:

Վ. Փոթերը գիտաժողովներից մեկում նշել է. «Բիոէթիկան նոր բարոյագիտական ուսմունք է, որը միավորում է խոնարհությունը, պատասխանատվությունը և ձեռնհասությունը, այն միջճյուղային գիտություն է, որը միավորում է բոլոր մշակույթները և ընդլայնում «մարդասիրություն» բառի նշանակությունը»։ Վ. Փոթերը, «բիոէթիկա» բառը գործածելով, փորձում էր շեշտել, որ մարդու գոյատևումը պայմանավորված է կենսաբանական գիտելիքների վրա հիմնված էթիկայով, այսինքն` բիոէթիկայով: Այս հայեցակարգում ինտեգրվում են կենսաբանությունը և մարդկային արժեքները։

Իսկ ի՜նչ տագնապ ու վախ է առաջացնում գենային դեղաբանության արագ առաջընթացը, որն ուղղված է այս կամ այն գեների գործառույթների դեղորայքային ճնշմանը կամ կարգավորմանը: Նման պարտաստուկների արագ և ոչ բավարար հսկողությամբ ներդրումը կլինիկական գործընթացում կարող է հանգեցնել մարդկության համար ողբերգական հետևանքների, որոնք համադրելի են ատոմային պատերազմի հետևանքներին:

Անհանգստություն են պատճառում նաև դեղագործական ընկերությունների ֆինանսական անսահման հնարավորությունները, որոնք հմտորեն օգտագործում են գովազդը, ինչպես նաև աղքատ, զարգացող երկրների բնակչությանը՝ որպես էժանագին կամ պարզապես անվճար փորձարարական դաշտ:

Դասախոսի սիրված լինելու մասին առաջին հերթին ուսանողներն են փաստում։ Դասավանդման մեջ իր հաջողությունը տեսնում է է առարկային խորությամբ տիրապետելու, իր աշխատանքը և ուսանողներին անմնացորդ սիրելու մեջ։

«Երբ սիրում ես ուսանողներին, քո աշխատանքը, ապա զգում ես քեզ, ինչպես ձուկը ջրում։ Ուսանողն անմիջապես զգում է դա և պատասխանում փոխադարձ սիրով։ Անցած չորս տասնամյակի ընթացքում անխզելի կապեր են ատեղծվել իմ և ուսանողության միջև, որոնց սիրում եմ իմ ամբողջ հոգով։ Այդ սերը փոխադարձ է, և այդ պատճառով իմ ուժը՝ անսպառ։ Շարունակելով Արսիտոտելի միտքը գտնում եմ, որ ուսանողի միտքը կրթելն առանց սիրտը կրթելու կրթություն չէ։ Հետևաբար առարկայի վերաբերյալ գիտելիքներ տալուց բացի շարունակում եմ ուսանողությանը ներկայացնել մեր գոհարները. հայ միջնադարյան հոգևոր երաժշտությունը, պոեզիան, երգչախմբային արվեստը, քանդակագործությունը, ճարտարապետությունը, կինոարվեստը»,- ընդգծում է երկար տարիների փորձ ունեցող դասախոսը՝ նշելով, որ ուսանողների շրջանում պճնանքներ չի սիրում, գնահատում է բնական գեղեցկությունը, քանի որ երիտասարդությունն ինքնին գեղեցիկ է։

Կենսագրական տվյալներ

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հասարակագիտական առարկաների ամբիոնի դոցենտ, ավագ դասախոս, Սուսաննա Դավթյանը ավելի քան 75 գիտական աշխատանքի հեղինակ է՝ հրատարակված Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բելոռուսում, Իսրայելում, Կիպրոսում, Սինգապուրում, Իտալիայում, այդ թվում՝ 9 մեթոդական ձեռնարկ, 2 մենագրություն, 1 դասագիրք՝ հաստատված ՀՀ գիտության և կրթության նախարարության կողմից՝ որպես դասագիրք բժշկական բուհերի ուսանողների համար, 1 ուսումնական ձեռնարկ՝ ռուսալեզու և 1 ուսումնական ձեռնարկ՝ անգլալեզու ուսանողների համար:

1998-2006 թթ. զբաղեցրել է ԵՊԲՀ ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով պրոռեկտորի խորհրդականի պաշտոնը։ 2006-2007 թթ. եղել է ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչը, իսկ 2007-2009 թթ. բուհի փիլիսոփայության ամբիոնի վարիչը։

2008 թ.-ից առ այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի, «Հայֆա» միջազգային ցանցի հայկական մասնաճյուղի վարիչն է։

Անդամակցում է մասնագիտական մի շարք միջազգային միավորումների։ Մասնակցել է որակավորման բաձրացման բազմաթիվ վերապատրաստումների Մոսկվա Մ. Լոմոնոսովի անվան համալսարանում, Սինգապուրում, Բրիգթոնի համալսարանում։ Պարգևատրվել է ԵՊԲՀ ոսկե մեդալով, ոսկե կրծքանշանով։ 2017 թ. արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալով՝ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալից ծառայություններ մատուցելու սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած ներդրման համար։

Թանգարանից հեռանում են տպավորված

Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ, արդեն երկու տարի է ՝ տիկին Դավթյանի կյանքում առանցքային նշանակություն ունի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում գտնվող հայ հոգևոր երաժշտության նվիրյալ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը:

Այս հարկի տակ տարիներ շարունակ ապրել և ստեղծագործել են 20-րդ դարի երկրորդ կեսի հայ մտավորականներ Լուսինե Զաքարյանն ու նրա ամուսինը՝ գրաբարագետ, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանը, որոնց նվագակցել է այն տարիներին, երբ Լուսինեն դեռ Սվետլանա Զաքարյան էր։ Սուսաննա Դավթյանը մեծ սիրով ու հոգատարությամբ է ղեկավարում թանգարանը, կարծես հոգու պարտ կատարելով, համախմբելով արվեստասերների, ստեղծագործող մարդկանց, ուսանողների, որոնք հեռանում են հոգևոր մշակութային այս կառույցից տպավորված և լիարժեք տեղեկացված։

Թանգարանի նպատակն է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը միջնադարյան հայ մշակույթի երաժշտական ժառանգության ուսումնասիրման, պահպանման և տարածման կենտրոն դարձնելը: Բացի այդ, նկատի ունենալով այն ցավալի փաստը, որ այսօրվա երիտասարդությունը (ուսանողները և առավել ևս աշակերտները) գաղափար չունեն հայ հոգևոր երաժշտությունից, Դավթյանը նպատակ ունի լրացնել այդ բացը, ծանոթացնել, տեղեկացնել, սիրո ու հպարտության զգացում արթնացնել երիտասարդության մեջ՝ հրավիրելով նրանց թանգարան և որոշ դասեր անցկացնելով այնտեղ։

Թանգարանի անվանի հյուրերի հետ հանդիպումները, որոնց թվում են նաև ԵՊԲՀ տարբեր տարիների շրջանավարտները, պետական, մշակութային գործիչներ, ֆոտոշարով ամփոփվել են նաև 2022 թվականի օրացույցում։

Այսքանով համալսարանականի ստեղծագործական աշխատանքը չի սահմանափակվում։ Առաջիկայում լույս կտեսնի նրա հեղինակած բիոէթիկայի ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև Սերգեյ Փարաջանովի մասին աշխատությունը․ որի յուրաքանչյուր էջին համաշխարհային մեծության կինոռեժիսորն անձամբ ստորագրել է՝ ի նշան համաձայնության այնտեղ արտահայտված բոլոր մտքերին։

Լուսանկարները՝ Սուսաննա Դավթյանի անձնական արխիվից
և Մարի Գալստյանի