Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկության թվայնացմանը նվիրված ինտերակտիվ դասախոսություն՝ ապագա բժիշկների մասնակցությամբ

Բժշկության թվայնացմանը նվիրված ինտերակտիվ դասախոսություն՝ ապագա բժիշկների մասնակցությամբ

Բժշկական գենետիկայի ամբիոնում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ամբիոնի վարիչ Թամարա Սարգսյանի հետ մասնակցեց Գրացի բժշկական համալսարանի Միջազգային բիոբանկի և կրթության գլխավոր տնօրեն, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր Կարինե Սարգսյանի՝ ապագա բժիշկների մասնակցությամբ հրավիրված ինտերակտիվ դասախոսությանը։

Բժշկական բուհի անվանի շրջանավարտը 4-րդ կուրսի ուսանողների, ինչպես նաև ամբիոնի կլինիկական օրդինատորների համար Երևանում գտնվելու ընթացքում անցկացնում է դասախոսությունների շարք:  Այսօր նա խոսեց բժշկության թվայնացման մասին: Ընտրված թեմայի շրջանակում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ կատարվեց բազմաթիվ հետաքրքիր մասնագիտական հարցերի։

Կարինե Սարգսյանը, մեջբերում կատարելով, հաստատեց այն համոզմունքը, որ մարդիկ, որոնք գրքեր են կարդում, վաղը ղեկավարելու են աշխարհը:

Նրա գնահատմամբ՝ գիտությունը մտորելու, կարծիքներ ունենալու լայն հնարավորություններ է տալիս, սակայն կարևոր է գիտության բնագավառում հիմնվել թվերի և հետազոտությունների վրա։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ներկայացնելով իր տեսակետներն արհեստական ինտելեկտի թեմայի շուրջ, նշեց՝ երբ դեռ չկար արհեստական ինտելեկտ, կային փորձառու բժիշկներ։ Բուհի ղեկավարը ընդգծեց նաև, որ անկախ նորագույն տեխնոլոգիաների զարգացումից և տարածումից, մշտապես կարևոր է ստեղծագործ մոտեցման կիրառումը, լուսավորչական հայացքների, արժեհամակարգի առկայությունը։

Արմեն Մուրադյանի խոսքով՝ կարևոր է, որ ժամանակակից աշխարհում ապագա բժիշկները կախված չլինեն մեքենաներից և սարքավորումներից: «Երբեք չհրաժարվեք ստեղծագործ մոտեցումներից և աշխատանքից: Թույլ չտաք, որ սարքավորումները ձեզ կառավարեն, այլ հակառակը՝ դուք ղեկավարեք և կառավարեք դրանք»,- շեշտեց նա՝ հավելելով, որ թվային տեխնոլոգիաների տարածումը բազմաթիվ վտանգների առաջ է կանգնեցում:

Քննարկվող նյութի շրջանակում կարևորվեց առաջիկայում թվային հիգիենայի վերաբերյալ գիտելիքների ընդլայնումը: