Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկությունն ամբողջական գիտելիքներ է պահանջում` անկախ նեղ մասնագիտական ընտրությունից

Բժշկությունն ամբողջական գիտելիքներ է պահանջում` անկախ նեղ մասնագիտական ընտրությունից

Շարունակում ենք ընթերցողներին պատմել ԵՊԲՀ սովորողների մասին՝ այս անգամ ներկայացնելով 6-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Բաղդասարյանին:

Ապագա բժիշկը նշում է, որ չի նկատել, թե ինչպես է հայտնվել ավարտական կուրսում:

«Հետհայացքում մի ամբողջ վեր տանող ճանապարհի հետագիծ ունեմ` խենթ պահերով, սիրո և հիասթափության նոտաներով, հաղթահարված բարդություններով և արժեքներով, որոնք ամբողջ կյանքում շարունակաբար ստեղծելու են ինձ»,-ասում է նա:

Մասնագիտության ընտրության մասին խոսելիս ընդգծում է՝  փոքր տարիքում չի մտածել բժիշկ դառնալու մասին, բայց բոլոր դեպքերում հոգատարության զգացումը և օգնելու պատրաստակամությունն արդեն իսկ որոշակի նախախնամություն էին ստեղծել մասնագիտության հանդեպ, որը ժամանակի հետ հասունացավ մինչ «բոլոր արվեստներից ազնվագույնի» ընտրությանը:

«Դեռևս հակված եմ ԼՕՌ վիրաբուժությանը, բայց պիտի նշեմ, որ իմ կյանքի ամենաբարդ և դժվար որոշումներից մեկն է լինելու, որովհետև իմ համոզմամբ բժշկությունն ամբողջական գիտելիքներ է պահանջում` անկախ նեղ մասնագիտական ընտրությունից, իսկ նեղ մասնագիտություններն իրենց հերթին այնքան հետաքրքիր են և կարևոր, որ ոչ մեկից հրաժարվել չես ցանկանում»,-հավելում է ԵՊԲՀ ուսանողը ՝ նշելով, որ բժիշկ դառնալու կարևոր հատկանիշներն են՝ պատրաստակամություն, կամքի ուժ, համբերություն, հոգատարություն,  անսահման սեր և նվիրում:

Ապագա բժիշկը, լինելով մեծ հետաքրքրասեր,  երբեք չի սահմանափակվել մեկ ուղղության ընտրությամբ: «Նախասիրություններս տարբեր են: Փորձեմ առանձնացնել ինձ համար կարևորները: Գրում եմ: Ցիտեմ Չեխովին՝ «Բժշկությունն իմ օրինական կինն է, գրականությունը` սիրուհին»: Գրել սկսել եմ դեռ 7 տարեկանից, և նույն տարիքից մինչ օրս ունեմ մի շարք տպագրություններ, մոտ ապագայում ծրագրում եմ գրքի տպագրություն: Ի դեպ` բժշկությունը, լինելով իմ մեծագույն և անսպառ ներշնչանքը, թույլ է տալիս ատոմային մակարդակից ճանաչել գոյությունը և դա լավագույնս փոխանցել գրականության միջոցով, իր հերթին, գրականությունը, առավելություն է ստեղծում խորապես և պատկերավոր ըմբռնել բժշկական գիտելիքները»,-նշում է սովորողը՝ հավելելով՝ եթե չընտրեր բժշկի մասնագիտությունը, ապա  կնվիրվեր գրականությանը:

Լիլիթ Բաղդասարյանը սիրում է նաև բեմը: ԵՊԲՀ «Դիմակներ» թատերախմբի անդամ է, դերասանուհի, ունի հաղորդավարման փորձ. «Տարված եմ նկարչությամբ և լուսանկարչությամբ:   Մշտապես հետաքրքրված եմ եղել հասարակական կյանքով, ղեկավարում եմ Էջմիածնի երիտասարդական խորհուրդը, մասնակցում և երբեմն նախաձեռնում-իրականացնում եմ մի շարք ծրագրեր ու միջոցառումներ, ակտիվ եմ եղել նաև ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանում»:

Ուսանողուհին ապագա բժիշկներին խորհուրդ է տալիս լսել և ի գիտություն ընդունել դասախոսների տված ցանկացած գիտելիք. դրանք անփոխարինելի են լինելու հետագա ողջ մասնագիտական զարգացման ընթացքում:

«Գուցե չհիշվի որևէ նյութի որևէ դեղաչափ, որը կարելի է գտնել համացանցում, բայց այն, ինչ տալիս են դասախոսները, ուրիշ ոչ մի տեղ գտնել չի ստացվի: Զինվե՛ք համբերությամբ. ճանապարհը երկար է, իսկ հիասթափությունների դեպքում վերհիշեք` դեպի ուր եք գնում և ինչու: Մնացյալը ճանապարհն ինքն է անում, և չես էլ նկատում ինչպես ես ուսանողից տրանսֆորմացվում բժիշկ-ուսանողի, և քայլում դեպի բժշկություն»,-իր խոսքը եզրափակում է Լիլիթ Բաղդասարյանը:

 

Պատրաստեց Արփինե Թովմասյանը