ԵՊԲՀ շրջանավարտ Վանանդ Գևորգյանը նպատակ ունի մաշկաբանության և էսթետիկ բժշկության ոլորտում ստացած գիտելիքներն ու փորձը հայրենիքում ծառայեցնել հանրությանը։ Բժշկի մասնագիտությունը շատ պատասխանատու աշխատանք է, որն իրենից ենթադրում է մարդկանց կյանքի որակի բարելավում։
«Իմ կարծիքով բժիշկը պետք է լինի սրտացավ և բարեհամբույր, պատասխանատու և բանիմաց, անընդհատ կատարելոգործի իր մասնագիտական հմտությունները։ Ես հավատում եմ, որ բժշկությունը բուժում է մարմինը, իսկ երաժշտությունը ՝ հոգին»,- մասնագիտության մասին խոսելիս նշում է Վանանդ Գևորգյանը:
Ծնվել է Երևանում։ Հայրն իրանահայ է և այդ տարիներին ուսանում էր Երևանում։ Ուսումն ավարտելուց հետո ծնողներս ընտանիքով որոշում են գնալ Իրան՝ Սպահան քաղաք (Նոր Ջուղա)։ Այնտեղ էլ հաճախել է տեղի hայկական դպրոց։ Ամեն տարի ամառային արձակուրդներն անցկացրել է Հայաստանում։
«Ծնողներս ամեն ինչ անում էին, որպեսզի ես հնարավորինս շատ շփվեի հայկական արվեստի և մշակույթի հետ, հայեցի դաստիարակվեի և սիրեի հայրենիքս»,- նկատում է բժիշկը։
Երաժշտությունը նրանց ընտանիքում կարևոր տեղ ունի։ Հայրը սաքսոֆոն է նվագում, մայրը՝ դաշնամուր։ Ինը տարեկանից Վանանդը երգել է «Կոմիտաս» երգչախմբում, 14 տարեկանում սկսել է նվագել կիթառ: Ծնողների հետ շրջագայությունների մասնակցելու առիթներ է ունեցել և ոգեշնչվել այդ հնարավորությունից.
«Գնալով ավելի էի սիրահարվում երաժշտությանը։ Հետագայում կլասիկ կիթառին ավելացան էլեկտրոկիթառը, շրթհարմոնը, դաշնամուրը, ուստի երաժշտությունն իմ կյանքի անբաժանելի մասը դարձավ»։
Մեծացել է ընտանիքում, որն անմիջական առնչություն ունի բժշկության հետ։ Մայրը բժիշկ-մաշկաբան, էսթետիստ է, ավարտել է բժշկական համալսարանը, իսկ հայրն ինժեներ է, ում աշխատանքն առնչվում է այս բնագավառի նորագույն տեխնոլոգիաների և սարքավորումների հետ։
Երբ ավագ դպրոցում էր և պետք է որոշեր, թե ինչ է դառնալու ՝ այլընտրանք չկար, որովհետև երկար տարիներ տեսել է մարդկանց նկատմամբ անձնվեր աշխատանքը և նրանց առողջություն պարգևելը։
Համալսարանի ընտրության հարցում էլ, ինչպես ինքն է նշում, անսասան է եղել. միայն ԵՊԲՀ: Դպրոցն ավարտելուց հետո 2013 թվականին տեղափոխվել է Հայաստան և ընդունվել բժշկական բուհ։
«Սկզբնական շրջանում դժվար էր ինձ համար՝ մենակություն, նոր միջավայր, սակայն նպատակասլացությունը հաղթահարեց ամեն ինչ։ Գնալով մխրճվեցի բժշկության անսահման աշխարհի մեջ, հետո հասկացա, որ ամուր ու անքակտելի կապերով եմ կապվել: Բժիշկ դառնալու գործընթացն անվերջանալի է»,- ասում է Վանանդը:
Ուսումնառության առաջին տարիներին համալսարանի բասկետբոլի թիմում էր խաղում, նվագում էի իմ նորաստեղծ երաժշտական խմբում։ Չորրորդ կուրսից արդեն մասնագիտականը գերակշռում էր և սկսեցի ավելի շատ ժամանակ տրամադրել ուսումնառությանը։
Զուգահեռ ուսումնասիրել է նաև Միացյալ Նահանգների բժշկական լիցենզավորման քննության (USMLE) նյութերը։
2019 թվականին ընդհանուր բժշկության ֆակուլտետն ավարտելուց հետո Վանանդ Գևորգյանը մաշկաբանության գծով կլինիկական օրդինատուրա է անցել ԵՊԲՀ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնում, որն ավարտել է 2021 թվականին: Նրա գնահատմամբ` մաշկն օրգանիզմի հայելին է և շատ դեպքերում «խոսում է» օրգանիզմի ներքին վիճակի մասին.
«Այն մարդու ամենամեծ օրգանն է իր հազարավոր հիվանդություններով, որոնք անընդհատ ուսումնասիրության տեղ ունեն, իսկ ես սիրում եմ սովորել, կատարելագործվել և առաջ գնալ»:
Երիտասարդ մասնագետը կլինիկական օրդինատուրան անցկացրել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում։
Սովորելու առաջին տարում մասնակցել է Հարվարդի համալսարանի կազմակերպած «Covid-19-ի ազդեցությունը գլոբալ առողջության վրա» առցանց վեբինարին և թարմ գիտելիքներով միացել Covid-19 համավարակի դեմ պայքարին։
Երկրորդ տարում պատերազմի ընթացքում որպես կամավորական աշխատանք է կատարել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում և Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։
Կլինիկական օրդինատուրայի տարիներին հավելյալ մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու համար ակտիվորեն համագործակցել է Իրանի, Ռուսաստանի և Ֆրանսիայի բժիշկների հետ: