Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Գայանե Խաչատրյանի մասնագիտության ճարտարապետությունը

Ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Գայանե Խաչատրյանի մասնագիտության ճարտարապետությունը

Պրոֆեսորադասախոսական կազմի ավագ սերնդի ներկայացուցիչներին նվիրված  ակնարկաշարն այս տարի եզրափակում ենք ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր Գայանե Խաչատրյանին նվիրված անդրադարձով: Նա պատմել է բժիշկ դառնալու իր ուղու մասին:

«Մտքովս չէր անցնում, որ բժիշկ կդառնամ: Մայրս ուզում էր, որ դուստրերից մեկը բժիշկ դառնա: Քույրս դարձավ մաթեմատիկոս և ես ընտրեցի այդ մասնագիտությունը: Մշտապես ցանկացել եմ ընդունվել Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետ, բայց մեծ էր մրցակցությունը, մտավախություն ունեի, որ դուրս կմնամ մրցույթից: Սիրում էի նկարել: Եթե ընդունելության առաջին քննությունը լիներ մաթեմատիկա առարկայից, կդիմեի, բայց նկարչություն էր, մտածեցի՝ գերազանց չեմ ստանա: Դիմեցի բժշկական ինստիտուտ և ընդունվեցի Բուժական ֆակուլտետ: Գրաֆիկայի, երկրաչափության, հանրահաշվի նկատմամբ հետաքրքրությունը ինձ տարավ դեպի ռենտգենոլոգիա: Ճառագայթաբան եմ, անցել եմ ինտերնատուրա, հետո արդեն՝ վերապատրաստումներ»,-նշում է պրոֆեսոր Խաչատրյանը:

Բժշկական մայր բուհն ավարտել է  1975 թվականին: Մեկ տարի աշխատել է Ռենտգենաբանության, այնուհետև Սրտաբանության ինստիտուտում:

1982-ին պաշտպանել է թեկնածուական, 1992-ին՝ դոկտորական ատենախոսություն՝ ֆունկցիոնալ համակարգերը տարբեր տեսակի ճնշումների ժամանակ թեմայով:

Անվանի բժիշկը 1995-ից աշխատել է Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոնում, ղեկավարել՝ ժառագայթային ախտորոշման կենտրոնը:

1997 թվականից հմուտ մասնագետը ղեկավարել է ռադիոիզոտոպային մեթոդով հետազոտության լաբորատորիան: Կլինիկական գործունեությանը զուգահեռ, բժշկական գիտությունների դոկտորը զբաղվել է նաև գիտական և դասախոսական աշխատանքով: 2011-2020 թվականներին ղեկավարել  է բժշկական համալսարանի Ճառագայթային ախտորոշման ամբիոնը: 1997 թվականից ի վեր հանդիսանում է Միջազգային ատոմային կոմիտեի ինստրուկտոր, 1998 թվականից՝ Միջազգային ատոմային կոմիտեի (ՄԱԳԱՏԷ) անդամ է: Այժմ պրոֆեսոր Խաչատրյանն աշխատում է Այրվածաքաբանության ազգային կենտրոնում:

«Սկսել եմ ուռուցքաբանության ոլորտից, աշխատել 25 տարի, ապա` սրտաբանական` կրկին 25 տարի: Աշխատում եմ օրդինատորների հետ, նրանց հետ դասապրոցեսը հետաքրքիր է: Բժշկական ճյուղի դիմորդների թիվը երեք անգամ ավելի է, քան նախատեսված են ուսուցման տեղերը: Գիտության և տեխնիկայի զարգացման շնորհիվ է զարգանում ճառագայթային ախտորոշումը: Ծրագրավորում, տեխնիկա, ֆիզիկա, քիմիա, ֆարմակադինամիկա, ֆարմակալոգիա, նոր վերջում բժշկություն. եթե այդ ամենը չլիներ, այսպիսի թռիչք չէր լինի: Հայաստանում ռենտգենաբանությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել: Երբ գնում էինք տարբեր երկրներ վերապատրաստման, ասում էին՝ ինչու եք եկել, ձեզ մոտ Բարդուղիմեոս Ֆանարջյանը կա, Սուրեն Ավդալբեկյան: Եվ հիմա, ավանդույթները շարունակվում են»,-նշում է պրոֆեսորը:

 Անվանի բժիշկը գովեստով է խոսում երիտասարդ կադրերի մասին:

«Շատ լավ երիտասարդություն ունենք, «ոսկի», ի դեպ, բոլոր ոլորտներում, ձգտող են, պրակտիկ են: Հիմա ամեն ինչ կա, նայեն, բացեն, կարդան, հետաքրքրվեն ու կիրառեն: Մեր շրջանավարտները աշխարհի տարբեր անկյուններում աշխատում են մասնագիտությամբ: Ուր գնում ենք, ասում են՝ Հայաստանն ուրիշ է, և դա շատ հաճելի է»,-անկեղծանում է երկար տարիների փորձ ունեցող բժիշկ-դասախոսը:

Երբ կլինիկական օրդինատորները ընտրում են ճառագայթային ախտորոշում, հարցնում է՝  նկարել գիտե՞ն, սիրու՞մ են երկրաչափություն, մեծ մասն ասում է՝ այո, վստահ է, որ դա ենթաուղեղն է թելադրում:

Ճառագայթային ախտորոշման բժշկագիտական ուղղությունը կապված է տարբեր մասնագիտությունների հետ, պետք է իմանալ ֆիզիկա, քիմիա, պարտադիր է ախտաբանությունը:

«Օրդինատորներին մշտապես ասում եմ, եթե գտնենք հիվանդի ախտաբանական խաչմերուկները, անպայման կօգնենք նրան: Սա պատճառաբանական դիագնոստիկա է: Աշխարհում 75 տոկոս ախտորոշումը կատարվում է ճառագայթային ախտորոշման եղանակով: Ես անցյալն եմ, մի քիչ ներկան, սովորողները՝ ներկան ու ապագան, և միշտ ասում եմ՝ դուք պետք է մեզնից լավը լինեք: Կցանկանամ միայն, որ բուհում ավելացվեն Ճառագայթային ախտորոշում առարկայի դասաժամերը»,-ընդգծում է իր գործի նվիրյալը:

Անվանի ռադիոլոգն իր մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է տասնյակ պարգևների, ոսկե մեդալի, իսկ 1988 թվականին` պետական մրցանակի: Նա հեղինակ է հարյուրավոր գիտական հոդվածների, Գերմանիայի Հանովերի ակադեմիայի անդամ է: