Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում է հիվանդության III-IV փուլերում

Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում է հիվանդության III-IV փուլերում

Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվի ապացույցների վրա հիմնված  կանխարգելման ռազմավարություն:

Չարորակ նորագոյացությունների կանխարգելման հիմնական ուղիներից են առողջ ապրելակերպը, ուլտրամանուշակագույն ճառագայթումից խուսափումը, բժշկության մեջ իոնիզացնող ճառագայթման անվտանգ օգտագործման կանոնների պահպանումը, շրջակա միջավայրի և ներտնային օդի աղտոտվածության կանխարգելումը, մարդու պապիլոմավիրուսի, հեպատիտ B-ի դեմ պատվաստումը և այլն:

Չարորակ նորագոյացություններից մահացության դեմ պայքարում կարևորագույն դեր ունի հիվանդության վաղաժամ հայտնաբերումը, որը ենթադրում է երկու միջոցառումների համալիր իրականացում` քաղցկեղների վաղաժամ ախտորոշում և զանգվածային սքրինինգային ծրագրերի իրականացում:

Քաղցկեղի ախտորոշումը հիվանդության վաղ փուլերում և ժամանակին սկսված բուժումն էապես բարձրացնում են հիվանդության շատ տեսակների բուժման արդյունավետությունը, պացիենտների ապրելունակությունը, բարելավում են նրանց կյանքի որակը, ինչպես նաև նվազեցնում բուժման հետ կապված ծախսերը:

Սքրինինգ հետազոտություններն իրականացվում են նախաքաղցկեղային ախտահարումների կամ նախակլինիկական փուլում` քաղցկեղների որոշ տեսակների վաղ հայտնաբերման նպատակով: Սքրինինգ հետազոտությունների շարքին են պատկանում, օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման նպատակով կատարվող մամոգրաֆիան, ՊԱՊ թեստն արգանդի պարանոցի քաղցկեղի համար, կղանքում թաքնված արյան հայտնաբերումը և այլն:

Մի շարք սքրինինգային ծրագրեր իրականացվում են նաև Հայաստանում: Այսպես, 2015թ.-ից մեկնարկել է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքարը՝ ՊԱՊ թեստի իրականացման միջոցով: Ըստ հայաստանյան տվյալների` ՊԱՊ քսուքի հետազոտություն անցած կանանց տեսակարար կշիռը 2022թ.-ին կազմել է 31.0%, որը գրեթե համապատասխանում է 2016թ.-ի ցուցանիշին, իսկ ՊԱՊ քսուքի հետազոտություն երբևէ չանցած 30-60 տարեկան կանանց տեսակարար կշիռը 2022թ.-ին կազմել է 46.2%, որը շուրջ 12% ավելի ցածր է 2016թ.-ի նկատմամբ։

Մտահոգիչ է, որ, չնայած ընթացող համապետական ծրագրի, 2022թ.-ին 2016թ.-ի համեմատ շուրջ 7.4%-ով նվազել է վերջին մեկ տարվա ընթացքում ՊԱՊ քսուքի հետազոտություն անցած 30-60 տարեկան կանանց քանակը։

ՀՀ մի շարք մարզերում 2021թ.-ին մեկնարկել են նաև կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտությունները, որոնք իրականացվում են տվյալ մարզերի 50-69 տարիքային խմբի կանանց շրջանում:

Ըստ Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների` վերջին 3 տարվա ընթացքում կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություն անցած կանանց տեսակարար կշիռը կազմել է ընդամենը 11.3%։ Մամոգրաֆիկ հետազոտություն երբևէ չանցած 30-60 տարեկան կանանց ցուցանիշը շարունակում է մնալ բարձր՝ ինչպես 2022թ.-ին, այնպես էլ 2016թ.-ին կազմելով շուրջ 79%:

Հատկանշական է, որ մամոգրաֆիկ հետազոտություն անցած կանանց ցածր ցուցանիշը հիմնականում պայմանավորված է վերջինի վճարովի լինելով (բացառությամբ որոշ մարզերում ընթացող պիլոտային ծրագրի), որն էլ շատերի համար այն դարձնում է դժվարամատչելի:

Այդուհանդերձ, մամոգրաֆիական հետազոտություն անցած 30-60 տարեկան կանանց տեսակարար կշիռը 2007-2012թթ.-ին աճել է 3.6%-ից մինչև 14.8%, որից հետո՝ 2016 և 2022թթ.-ին նվազել մինչև 11.3%, իսկ ՊԱՊ քսուքի հետազոտություն անցած 30-60 տարեկան կանանց ցուցանիշը 2007-2022թթ.-ին դրսևորել է կայուն աճ՝ 5.6%-ից մինչև 31.0%:

Ինչպես արդեն նշվել է, սքրինինգային հետազոտությունները մեծ նշանակություն ունեն չարորակ նորագոյացությունների վաղ փուլերում հայտնաբերման համար, որն էլ հաճախ պայմանավորում է հիվանդության ելքը:

COVID-19 համավարակի պայմաններում բոլոր երկրներում, այդ թվում նաև ՀՀ-ում, խաթարվել էր առողջապահության համակարգի կողմից մի շարք քրոնիկ հիվանդությունների և հատկապես քաղցկեղների կառավարման գործընթացը: Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տվյալների` 2020թ.-ին երկրների մեծ մասում նվազել էր կրծքագեղձի սքրինինգի ցուցանիշները (օրինակ` ԵՄ 16 երկրում 2019թ.-ի համեմատ միջինում այդ կրճատումը կազմել է շուրջ 6%): Կրճատումն, ընդհանուր առմամբ, ավելի մեծ էր այն երկրներում, որոնք մինչև համավարակն արդեն իսկ ունեցել են ցածր ցուցանիշներ:

Պացիենտների ցածր դիմելիության պատճառով իջել էր չարորակ նորագոյացությունների առաջնային հիվանդացությունը, օրինակ` 2020թ.-ին Իտալիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում, Նիդերլանդներում և Սլովակիայում արգանդի պարանոցի քաղցկեղի գրանցված դեպքերը նվազել էին ավելի քան 10%-ով:  Արդյունքում 2021թ.-ին նախաքովիդյան 2019թ.-ի համեմատ բարձրացել էր III-IV փուլերում ախտորոշված չարորակ նորագոյացությունների տեսակարար կշիռը:

Նմանատիպ իրավիճակ է գրանցվել նաև Հայաստանում: Մասնավորապես, եթե 2019թ.-ին բոլոր չարորակ նորագոյացությունների 50.4%-ը հայտնաբերվում էր I-II փուլերում, ապա համավարակի տարիներին այն արձանագրել էր կտրուկ անկում՝ մինչև 40.2% և 44.4%՝ 2020 և 2021թթ.-ին: Արդեն հետհամավարակային 2022թ.-ին ցուցանիշը վերականգնվել է՝ կազմելով 53.5%:

Առանձին քաղցկեղներ դիտարկելիս առավել մտահոգիչ պատկեր է դիտվում կրծքագեղձի մասով, որն առավել տարածված տեսակն է կանանց շրջանում․ 2022թ.-ին ախտորոշվել է հիվանդության 1422 նոր դեպք՝ 7%-ով ավելին, քան 2019թ.-ին: Եթե 2019թ.-ին հիվանդության 76.8% հայտնաբերվում էր I-II փուլերում, ապա 2020 և 2021թթ.-ին վաղ հայտնաբերման ցուցանիշը կազմել է համապատասխանաբար 65.8% և 56.4%՝ մասամբ մինչև 66.3% վերականգնվելով 2022թ.-ին:

Ավելի դրական է իրավիճակն արգանդի պարանոցի քաղցկեղի պարագայում: Թեև վերջինի վաղ հայտնաբերման ցուցանիշը ևս արձանագրել էր կտրուկ՝ շուրջ 10%-ով անկում համավարակի տարիներին, 2022թ.-ին I-II փուլերում ախտորոշման ցուցանիշը կազմել է 49.3%, 2019թ.-ի 37.1%-ի փոխարեն:

Հետաքրքրության արժանի տվյալներ են ստացվել շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղի հայտնաբերման ուսումնասիրության արդյունքում, որոնք հիվանդության առավել տարածված տեսակներն են տղամարդկանց շրջանում (2022թ.-ին գրանցվել է հիվանդության 883 դեպք, որից 85%-ը՝ տղամարդկանց շրջանում): Այսպես, եթե 2019թ.-ին I-II փուլերում էին հայտնաբերվում հիվանդության 17.2%-ը, ապա 2020թ.-ին՝ 15.8%, 2021թ.-ին՝ 18.8%, իսկ 2022թ.-ին՝ արդեն 24.8%: Նման աճի պատճառների բացահայտումը պահանջում է գիտական հետազոտություններ, սակայն որպես հնարավոր վարկած կարող է դիտարկվել նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում թոքերի ռենտգեն և համակարգչային շերտագրության հետազոտությունների զանգվածային կիրառումը:

Սիրելի հայրենակիցներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ քաղցկեղն ամենևին դատավճիռ չէ, և վաղ հայտնաբերումն էապես բարելավում է հիվանդության դրական ելքի հավանականությունը: Մասնակցեք սքրինինգային հետազոտություններին, գանգատներ ունենալու դեպքում այցելեք ձեզ սպասարկող առողջության առաջնային օղակի բուժհաստատություն, վստահեք բուժաշխատողներին, ովքեր 24 ժամ, շաբաթը 7 օր կանգնած են մեր բոլորի առողջության թիկունքում: