Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ճիշտ մոտեցումը պացիենտի համար արդեն բուժում է. Ժուլետա Խաչատրյանի հորդորն՝ ապագա բժիշկներին

Ճիշտ մոտեցումը պացիենտի համար արդեն բուժում է. Ժուլետա Խաչատրյանի հորդորն՝ ապագա բժիշկներին

Նորմալ անատոմիայի ամբիոնի դասախոս Ժուլետա Խաչատրյանը շուրջ 39 տարի մասնագիտական գործունեություն է ծավալում բժշկական մայր բուհում:  Հերացիականի հետ  զրուցել ենք մասնագիտական գործունեության, դասախոս-ուսանող հարաբերությունների, նախասիրությունների մասին:

«Արարատի մարզի Վեդի քաղաքում հաճախել եմ դպրոց, որից հետո փորձել եմ ընդունվել բժշկական համալսարան, շատ էի սիրում  վիրաբուժությունը, սակայն բախտս չբերեց և ընդունվեցի Սանիտարական ֆակուլտետ: Աշխատել եմ Ֆիզիոլոգիայի ամբիոնում պրեպարատր մոտ երկու տարի, ավարտելուց հետո՝ Վեդիի սանեպիտկայարանում, սակայն զգացի, որ այս աշխատանքն ինձ հոգեհարազատ չէ: Իմանալով, որ Անատոմիայի ամբիոնում աշխատատեղ կա, ընդունվեցի աշխատանքի, սկզբում աշխատում էի որպես լաբորանտ 1986-1990թթ., այնուհետև 1991-2014թթ որպես ասիստենտ: 2014թ-ից առ այսօր բժշկական բուհի նորմալ անատոմիայի ամբիոնի դասախոս եմ»,-խոսելով մասնագիտական գործունեության մասին նշում է  տիկին Խաչատրյանը:

Անատոմիան միշտ հոգեհարազատ է եղել նրան: Հաճույքով ոչ միայն մասնագիտական նյութերի հետ է առնչվում, այլև ուսանողների, նրանցից յուրաքանչյուրին մոտենում որպես անհատի.

«Միշտ անհամբերությամբ սպասում եմ, թե երբ է սեպտեմբերի մեկը գալու, որպեսզի հանդիպեմ նոր երեխաների, ինձ շատ հետաքրքիր են նրանցից յուրաքանչյուրը, ինչպես ասում են՝ ինչքան մարդ, այդքան բնավորություն: Ինձ համար վատ ուսանող չկա, բոլորն էլ լավն են, ճիշտ, անհատական մոտեցում է անհրաժեշտ յուրաքանչյուրին, 39 տարվա մեջ չի եղել դեպք, որ ես ուսանողի հետ ընդհարվեմ, վիճեմ, զայրանամ»:

Դասախոսի խոսքով՝ լավ բժիշկ դառնալու համար պետք է լավ սովորել և լինել լավ մարդ, պացիենտին ճիշտ մոտեցում ցուցաբերել, լինել բարեհամբույր, ապրումակցել:

«Բժիշկը պետք է հոգեբանորեն կարողանա հասկանալ դիմացինին, ճիշտ, լավ մոտեցումը պացիենտի համար արդեն բուժում է: Դրա համար ցանկացած ուսանող, երբ ընդունվում է բժշկական համալսարան առաջինը պետք է մտածի լավ մարդ լինելու մասին, ես էլ նայեմ և հիանամ: Երբ մտնում եմ հիվանդանոց իմ ուսանողները մոտենում են և գրկում ինձ, դա ինձ համար մի ամբողջ աշխարհ է»,-նշում է համալսարանականը հոգում վերակենդանացնելով ուսանողների հետ կապված գեղեցիկ հուշերը:

Նա մասնագիտական գործունեությունից զատ սիրում է նկարել, ճամփորդել Արևմտյան Հայաստանով.

«Այս տարի 20-րդ անգամ եմ գնացել Արևմտյան Հայաստան: Արդեն երրորդ տարին է, ինչ Ամանորը այնտեղ եմ նշում, անցյալ տարի՝ Վանում, մի տարի՝ Համշենում, իսկ այս տարի՝ Կարսում: Երկու  տարի առաջ գնացի Հայոց ձոր՝ տատիս և պապիս գյուղը գտնելու, կյանքի գնով գնացինք, շատ դժվար էր ճանապարհը, բայց բարձրացանք: Այս ամառ ևս գնալու եմ պապիս տունը գտնելու: Աննկարագրելի գեղեցկություն է, աննկարագրելի ապրումներ եմ ունենում (հուզվում է):  Սիրտս ցավում է. հայրս միշտ ցանկացել է գնալ, սակայն այն ժամանակ այցելությունները թույլատրելի չէին, այդ պատճառով ամեն գնալուց փոքր քարեր եմ բերում և դնում հորս շիրմին»,-անկեղծանում է Ժուլետա Խաչատրյանը՝ ընդգծելով, որ պատմական հայրենիք վերադառնալը կյանքի  նպատակներից է: