Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դասախոսեցին ՌԴ-ից ժամանած մասնագետները

Այսօր ԵՊԲՀ-ն հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, Պիրոգովի համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական նանոբիոտեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Վլադիմիր Չեխոնինին և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մոսկվայի Սեչենովի անվան 1-ին բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մակացարիային: Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը:
Նա նշեց, որ մեծ պատիվ է ՌԴ-ի գործընկերներին հյուրընկալել, ովքեր հանդես կգան սկզբունքային, թիրախային դասախոսությամբ՝ նվիրված «Գլխուղեղի ուռուցքների ախտորոշման և բուժման կենսատեխնոլոգիական նորարարությունն երը» և «Թրոմբոֆիլիան և թրոմբոզները կանանց կյանքում» թեմաներին: Վլադիմիր Չեխոնինը նախքան դասախոսությունը սկսելը նշեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանում:

«Արդեն մեծ փորձ ունեմ աշխատելու հայ գիտնականների հետ: Շատ եմ ցանկանում, որպեսզի հայկական գիտությունը ոչ միայն զարգանա այստեղ, այլև համաշխարհային գիտության կազմում»,- նշեց նա: Խոսելով գլխուղեղի ուռուցքների և դրանց կանխարգելման մասին, նա նկատեց, որ այն, ըստ էության, ամենաչարորակ ուռուցքների թվում է. «Առաջին հերթին նրան բնորոշ է արագ աճը և կրկնության հավանականությունը»: ՌԴ գիտությունների ակադեմիայի փոխնախագահն իր խոսքում ամփոփեց ոչ միայն այսօրվա արդի բժշկակենսաբանական ուղղվածությունն այս դաշտում, այլև հստակ ցույց տվեց Ռուսաստանի Դաշնության լաբորատորիաների, մասնավորապես իր կողմից ղեկավարվող լաբորատորիայի արդյունքները: Այնուհետև դասախոսությամբ հանդես եկավ Ալեքսանդր Մակացարիան, ով ամփոփեց մի ամբողջ ուղղություն՝ նվիրված «Թրոմբոֆիլիան և թրոմբոզները կանանց կյանքում» թեմային:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամը ԵՊԲՀ-ին նվիրեց Իսրայելի գիտնականների համահեղինակությամբ հրատարակված նոր դասագիրք՝ նվիրված թրոմբոֆիլիային: Մակացարիան իր խոսքում անդրադարձավ նաև նախօրեին Գիտությունների ակադեմիայում անցկացված հանդիպմանը: Նա նշեց, որ հիացած է նախորդ օրը Գիտությունների ազգային ակադեմիայում կայացած հանդիպման ընթացքում բժշկական համալսարանի կողմից ներկայացված զեկույցով և համալսարանում նեյրոգիտության ոլորտում կատարվող հետազոտությունների մակարդակից: «Սրանք անկեղծ խոսքեր են և ոչ դիվանագիտություն: Մեր միջև հարաբերությունները քաղաքական բնույթ չեն կրում: Այս հարաբերություններում ես նկատեցի անկեղծություն և միմյանց նկատմամբ հարգանք,-հավելեց նա»: Դահլիճում գտնվող բազմությունը մեծ հետաքրքրությամբ էր լսում մասնագետների դասախոսությունները, իսկ հանդիպման վերջում նրանց կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց ՌԴ-ից ժամանած մասնագետները մեծ սիրով ու մանրամասնությամբ պատասխանեցին: Դասախոսությունից հետո ակադեմիկոսներն այցելեցին Նեյրոգիտության լաբորատորիա, որտեղ հետագա գիտական համագործակցության կոնկրետ պլաններ մշակվեցին: