Բժշկական կադրերի մեկդարյա դարբնոցի Դեղագիտական ֆակուլտետը 50 տարեկան է: Կեսդարյա ֆակուլտետի շրջանավարտներն աշխարհի տարբեր անկյուններում առողջապահական, դեղագործական կազմակերպություններում մասնագիտական հաջողված գործունեություն են ծավալում` բարձր պահելով հարազատ կրթօջախի պատիվը:
Վարդան Քարամյանը ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի 2000 թվականի շրջանավարտ է: Բուհն ավարտել է կարմիր դիպլոմով, ինչպես նաև «Մխիթար Հերացու անվան» կրթաթոշակառու է եղել:
«Պատահականության արդյունք էր, որ իմ ընդունելության քննության միավորները բավականացնում էին միայն Դեղագիտական ֆակուլտետում անվճար ուսուցման համար: Անկեղծ ասած, դեղագիտությունն ինձ համար այդ պահին լավագույն ընտրությունը չէր, սակայն առաջին կիսամյակում հասկացա, որ ամենևին խելացի չէր լինի արհամարհել դեղագետի մասնագիտությունը: Ֆակուլտետի հրաշալի դասախոսների շնորհիվ էր, որ սկսեցի գնահատել, թե որքան բազմակողմանի և լայն հնարավորություններով լեցուն է դեղագիտությունը: Այդ օրվանից երբեք չեմ փոշմանել և շնորհակալ եմ, որ հնարավորություն եմ ունեցել կրթվելու բժշկական համալսարանի Դեղագիտական ֆակուլտետում», – պատմում է դեղագիտության դոկտոր, բ.գ.թ., պրոֆեսորը:
Ներկայումս Ֆարմակոլոգիայի և նեյրոկենսաբանության պրոֆեսոր է
ԱՄՆ Միչիգան նահանգի Օքլենդի համալսարանի Ուիլյամ Բոմոնտի անվան բժշկական դպրոցի բժշկագիտական ամբիոնում:
«Նախքան այդ 14 տարի դասախոսել եմ Տեխասի տեխնիկական համալսարանի բժշկագիտական կենտրոնի Դեղագիտական դպրոցում: Ներկայումս ղեկավարում եմ Նեյրոդեգենիրատիվ հիվանդությունների և դեղերի ստեղծման և բացահայտման լաբորատորիան», – ասում է Վարդան Քարամյանը:
Նրա խոսքով՝ դժվար է մի քանի նախադասությամբ ասել, սակայն կարճ պատասխանի դեպքում նշում է․ «Նա, ով ընտրել է դեղագետի մասնագիտությունը, պետք է լինի համառ իր ձգտումներում, և լավ իմանա սեփական ուժեղ և թույլ կողմերը: Հիմնականում համեմատեք Ձեզ հենց Ձեզ հետ, և ոչ թե Ձեզ այլոց հետ»: Դեղագետի համոզմամբ՝ պետք է շատ բարձր գնահատել կրթությանը, գիտելիքը և գիտությունը: «Սա միակ ճանապահն է, որը Ձեզ, Ձեր ընտանիքի և Հայաստանի համար կարող է ապահովել բարգավաճ ապագա: Այլ խոսքով ասած. «ad astra per Scientia»- «աստղերի մոտ՝ գիտության միջոցով»», – ընդգծում է Դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտը:
Նշենք, որ «Դեղագետի հաջողության բանաձևը» խորագրով նյութերի շարքն իրականացվում է Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյա հոբելյանի և «Դեղերի ստեղծման առաջընթացը նախագծումից մինչև սպառում» միջազգային գիտաժողովի շրջանակում: