Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դեղահաբի վրա բժշկական համալսարանը պատկերելով ապագա պլաստիկ վիրաբույժը չի պատրաստվում սահմանափակել նկարչական վարպետությունը

Դեղահաբի վրա բժշկական համալսարանը պատկերելով ապագա պլաստիկ վիրաբույժը չի պատրաստվում սահմանափակել նկարչական վարպետությունը

ԵՊԲՀ-ում դասավանդողների և սովորողների շրջանում ստեղծագործող անհատների պակաս չկա։ Նրանից մեկը 3-րդ կուրսի ուսանող Շանթ Կարապետյանն է, ում ընտանիքում ոչ բժիշկներ կան, ոչ էլ նկարիչներ, բայց նա հավասարաչափ սիրում է թե՛ բժշկությունը, թե՛ նկարչությունը։

Օրեր առաջ համացանցում տարածվեց և հանրությանն անտարբեր չթողեց նրա հերթական աշխատանքը, որտեղ հեղինակին փոքրիկ դեղահաբի վրա վարպետորեն հաջողվել էր պատկերել բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքը։ Ոչ միայն կենտրոնական մասնաշենքը, այլև բժշկականի մյուս շենքերն ու խորհրդանիշներն անմասն չեն Շանթի աշխատանքներից։

Պատահական չէ, որ ապագա բժիշկը ցանկանում է մասնագիտանալ պլաստիկ վիրաբուժության ոլորտում, քանի որ նրա կարծիքով այն սերտորեն առնչվում է նաև արվեստի հետ։ «Հենց սկզբից էլ բժշկական ընդունվել եմ միայն հետագայում պլաստիկ վիրաբուժությամբ զբաղվելու համար»,- մանրամասնում է Շանթը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարդ շատ լայն հնարավորություններ ունի և սովորելու ընթացքում հնարավոր է նաև աշխատել, զուգահեռ մեկ այլ բան սովորել։ «Հիմնականում մենք ինքներս ենք մեր առաջ խնդիրներ ստեղծում, որպեսզի հետո դրանք լուծելով մեզ այդ կերպ բավարարված զգանք։ Ճիշտ է հաճախ թվում է, թե միևնույն ժամանակ մի քանի «ճակատով կռվելը» մեկը մյուսին խանգարում է (ու շատ ժամանակ էլ հենց այդպես է լինում), սակայն եթե գլոբալ նայենք հարցին, ապա կտեսնենք, որ մեկը մյուսին հաճախ լրացնում է»,- իր երկու զբաղվածությունների մասին հարցին ի պատասխան ասում է ԵՊԲՀ ուսանողը։ Սովորել, թե՞ նկարել. խոստովանում է, որ իր պարագայում գրեթե միշտ հաղթում է նկարելը։ «Բայց հավատացե՛ք լավ պլաստիկ վիրաբույժ լինելու համար միայն տեսական գիտելիքները շատ քիչ են։ Բժիշկը պետք է որոշ չափով էլ արվեստագետ լինի։ Բժշկի պատկերացումը գեղեցիկի մասին, ձեռքի թեթևությունը, մատների ճկունությունը ոչ պակաս կարևոր են պլաստիկ վիրաբուժության մեջ։ Վստահ եմ, որ մի օր այս խոսքերը գործով կապացուցեմ»,- հավելում է սովորողը։ Ինչ վերաբերում է բժշկականի կենտրոնական մասնաշենքի՝ դեղահաբի վրա պատկերելու յուրօրինակ գաղափարին, երտասարդ ստեղծագործողը նշում է, որ այն պատահական է կյանքի կոչվել։
«Շատ ժամանակ պտտվում եմ տան մեջ, տեսնում եմ մի իր, վերցնում և փորձում եմ մի գեղեցիկ և ամենակարևորը՝ օրիգինալ գործ ստանալ։ Այդ օրը դարակում նկատեցի դեղահաբ և այդպես ստեղծվեց հայտնի պատկերը։ Օրինակ՝ մի օր, երբ ընկերոջս հետ զրուցում էինք, ասացի, որ ուզում եմ փոքր նկար նկարել, կատակով ասաց ՝ կարո՞ղ է այնքան փոքր լինել, որ տեղավորվի կոճակի վրա։ Ասացի ՝ իհարկե ոչ, ինչպես է հնարավոր կոճակի վրա նկարել։ Անցավ մի քանի օր, այդ «վիրուս» միտքը վարակել էր ուղեղս։ Վերցրեցի կոճակը և նկարեցի Վան Գոգի նկարներից մեկը։ Հետո արդեն շատ կոճակներ տուժեցին՝ համաշխարհային ամենասիրելի գործերը կրելով իրենց վրա »,-կատակում է Շանթը՝ ավելացնելով, որ շատ կարևոր է կարողանալ ոչնչից ամեն ինչ ստեղծել, ներսից հաղորդվող մտքերին արտաքին տեսք տալ։ Երիտասարդ բժիշկ-նկարիչն ընդգծում է, որ իրեն հաճախ նոր գեղեցիկ մտքեր տալիս են նաև շրջապատող մարդիկ, և հիմնականում նրանք դա անում են ոչ գիտակցաբար։

Դեղահաբով բժշկական համալսարանի թեմատիկան Շանթի աշխատանքներում չի ավարտվում։ Նա կոճակի վրա նկարել է բժշկականի տարբերանշանը, բանանի կեղևի ու միջուկի միջոցով կրկին ստացել կենտրոնական մասնաշենքը, իսկ վերջերս էլ նկարի կեսն իրական, մյուս կեսը՝ իր նկարած բժշկականն էր, այս անգամ անատոմիական մասնաշենքով։

Անդրադառնալով ԵՊԲՀ-ում սովորելուն, ապագա բժիշկը նշում է, որ ամենամեծ առավելությունն այն է, որ հնարավորություն է ունենում մարդուն ճանաչել ներսից, ուսումնասիրել նրա անատոմիան։
Ի դեպ, եթե երբևէ առիթ ունենաք այցելել բժշկական համալսարան, ապա կարող եք Վարչական մասնաշենքի առաջին հարկում ամիսներ առաջ բացված փոքրիկ ցուցահանդեսում ծանոթանալ նաև բժիշկ-նկարիչ Շանթի ստեղծագործություններին կամ հետևել նրա գործունեությանը սոցիալական ցանցերում ՝ Shakart անվան ներքո։

 

Ապագա բժշկի հետ զրուցեց Տաթևիկ Գրիգորյանը