Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Դեկտեմբերի 1-ը` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը հնարավորություն է` անդրադառնալու մինչ օրս ձեռք բերված հաջողություններին, իրազեկելու այն խնդիրների մասին, որոնք մնում են ՁԻԱՀ-ի վերացման նպատակներին հասնելու ճանապարհին և մոբիլիզացնելու բոլոր շահագրգիռ կողմերին՝ համատեղ ջանքերը կրկնապատկելու համար:

2023 թվականի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է` «Թող համայնքներն առաջնորդեն․ նպատակն է մատնանշել համայնքների հիմնական ազդեցությունը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջոցառումների ձևավորման, ինչպես նաև ընդհանուր առմամբ գլոբալ առողջության վրա։

Որպես ինքնուրույն հիվանդություն՝ Մարդու իմունային անբավարարության վիրուսն (ՄԻԱՎ) առաջին անգամ արձանագրվել է 1981թ.-ին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ն ախտահարում է անձի իմունային համակարգը, ինչի հետևանքով էլ օրգանիզմը կորցնում է վարակների, ինչպես նաև մի շարք չարորակ նորագոյացությունների դեմ պայքարելու ունակությունը։ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) ՄԻԱՎ վարակի վերջին փուլն է, երբ իմունային համակարգի ախտահարումը հանգեցնում է իմունային անբավարարության զարգացման և որպես հետևանք՝ օպորտունիստական վարակների և հիվանդությունների առաջացման: ՄԻԱՎ վարակի տարածման հետևանքով առաջացած ՁԻԱՀ-ի համաճարակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև հարցի կարևորության շեշտադրման նպատակով 1988թ.-ին դեկտեմբերի 1-ը հռչակվել է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր:

ՄԻԱՎ-ը շարունակում է մնալ հանրային առողջության լուրջ գլոբալ խնդիր, որը մինչ այժմ խլել է 40.4 միլիոն մարդու կյանք՝ աշխարհի բոլոր երկրներում վարակի շարունակական փոխանցման միջոցով: Ընդ որում` որոշ երկրներ հայտնում են նոր վարակների աճող միտումների մասին, մինչդեռ նախկինում այդ ցուցանիշը նվազման միտում ուներ:

2022 թվականի վերջի դրությամբ` գնահատվում է, որ ՄԻԱՎ–ով ապրող 39 միլիոն մարդ կա աշխարհում, որոնց երկու երրորդը (25.6 միլիոն մարդ) գտնվում է Աֆրիկյան տարածաշրջանում: 2022 թ.-ին 630.000 մարդ է մահացել ՄԻԱՎ-ի հետ կապված պատճառներից, իսկ 1.3 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով:

ԱՀԿ-ն, Գլոբալ հիմնադրամը և UNAIDS-ն ունեն ՄԻԱՎ-ի դեմ պայքարի գլոբալ ռազմավարություն, որի նպատակն է դադարեցնել ՄԻԱՎ-ի համաճարակը մինչև 2030 թվականը:

Ըստ ԱՀԿ-ի` իր առջև դրված խնդրի՝ մինչև 2025թ.-ը ՄԻԱՎ-ով ապրող բոլոր մարդկանց 95%-ը պետք է ախտորոշվի, նրանց 95%-ը պետք է ստանա կենսական հակառետրովիրուսային բուժում, իսկ բուժում անցնողների 95%-ը պետք է նվազեցնի վիրուսային բեռը՝ ի շահ մարդու առողջության, և կրճատի ՄԻԱՎ-ի հետագա փոխանցումը:

Ըստ ՀՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի վիճակագրական տվյալների` 2023թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրում և իր կարգավիճակի մասին գիտի 4356  քաղաքացի, իսկ բուժում ստանում է 3369  քաղաքացի:

Ըստ նույն աղբյուրի` 1988թ.-ից մինչև 2022թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 5114 դեպք: ՄԻԱՎ վարակի՝ արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 3563 մարդ (69․7%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1551 դեպք (30․3%): ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունեցող քաղաքացիների 49․2%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում: 0-14 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 79 դեպք (1.5%):

ՄԻԱՎ-ի արդյունավետ կանխարգելման, ախտորոշման, բուժման և խնամքի հասանելիության շնորհիվ, ներառյալ օպորտունիստական վարակները, ՄԻԱՎ վարակը դարձել է կառավարելի քրոնիկ առողջական վիճակ, որը թույլ է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց երկար և առողջ կյանք վարել, ինչին չպետք է խոչընդոտեն նրանց հանդեպ խտրական վերաբերմունքն ու հիվանդությունը խարանի վերածելու մոտեցումները:

Հարկ է նշել, որ խտրականությունը լրջագույն խոչընդոտ է ՄԻԱՎ-ի դեպքերի վաղ ախտորոշման, ՄԻԱՎ-ով ապրող անձանց բուժման և ՄԻԱՎ-ի հակազդման
ծրագրերի արդյունավետ իրականացման համար։ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հաճախ են
ենթարկվում հիվանդության հետ կապված խտրականության հասարակական կյանքի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առողջապահական, սոցիալական, աշխատանքի, ընտանեկան և այլ ոլորտներում։ Խտրականության համար հիմք են հանդիսանում մի շարք գործոններ, սակայն դրանցից ամենակարևորը հիվանդության, դրա բուժման, փոխանցման ճանապարհի և այլ կարևոր հանգամանքների վերաբերյալ բավականաչափ տեղեկատվություն չունենալն է:

ԵՊԲՀ-ն, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, ոչ վարակիչ հիվանդություններով, մասնավորապես՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց հանդեպ խտրական վերաբերմունքի մասին համալսարանական հիվանդանոցների բուժաշխատողների շրջանում իրազեկությունը բարձրացնելու, խնդրի մասին բարձրաձայնելու նպատակով վերջերս կազմակերպել էր կրեդիտավորված դասընթացներ:

Խտրականության դեպքերը կարող են հանգեցնել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ խարանի, ինքնաքննադատության, սեփական անձի թերագնահատման, հասարակությունից մեկուսացման և երբեմն լուրջ հոգեբանական խնդիրների, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց կյանքի որակի և բուժման գործընթացի վրա։

Սիրելի հայրենակիցներ, ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, այն չի փոխանցվում կենցաղային ճանապարհով, ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժիշկի, հետևել նշանակումներին, և այդ ամենը հնարավորություն կընձեռի ապրել լիարժեք կյանքով ձեզ սիրող մարդկանց կողքին: