Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Դիմակներ» թատերական ակումբի նոր երգիծական կատակերգությունը ներկայացվեց ԵՊԲՀ-ում

«Դիմակներ» թատերական ակումբի նոր երգիծական կատակերգությունը ներկայացվեց ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Դիմակներ» թատերական ակումբը համալսարանականներին ներկայացավ նոր՝ «Սպանդի աստվածը» երգիծական կատակերգությամբ:

Ապագա բժիշկները դերասանի վարպետությամբ ներկայացրին բնավորությունների այնպիսի շերտեր, որոնք խնդրի հետ բախվելով՝ բացում են մինչ այդ թաքնված բազմաթիվ գծեր:

Մարդիկ քաղաքակիրթ դիմակի տակ հաճախ թաքցնում են բոլորովին այլ էություն և, ծայրահեղ վիճակի մեջ ընկնելով, սկսում են ցույց տալ իրենց իրական «ես»-ը: Կերպարներից յուրաքանչյուրն իր տեսանկյունից ճիշտ է, ինչն էլ հանգեցնում է կոնֆլիկտի:

Հերոսները, համեմելով ծիծաղելին և անհեթեթը, ներկաներին մտորելու բազմաթիվ առիթներ տվեցին:

Ներկայացման ավարտին դերասանական կազմը բազմաթիվ ծափողջույնների արժանացավ:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը շնորահալություն հայտնեց թատերական ակումբի անդամներին և հիմնադիր, «Սպանդի աստվածը» երգիծական կատակերգության ռեժիսոր, կլինկական օրդինատոր Էռնեստ Հովհաննիսյանին՝ հույս հայտնելով, որ նման ներկայացումները շարունակական կլինեն:

 «Մեր հոգու դատարկությունն այսօր լցվեց: Բոլորիս հոգու մեջ կա դատարկություն, ապրեք, որ լցրեցիք այն: Մեկ ժամվա ընթացքում ստացած լիցքը բավական է երկար ժամանակ բարձր տրամադրություն ունենալու համար: Բժիշկները բազմիցս ապացուցել են, որ բազմակողմանի զարգացած են»,-ընդգծեց դեկանը:

Նշենք, որ «Դիմակներ» թատերական ակումբը հիմնադրվել է 2018 թվականի փետրվարին: Այն թատերական բեմադրություններից բացի նկարահանում է նաև կարճամետրաժ ֆիլմեր: Ստեղծագործական հիմական ժանրը ռեալիզմն է:

Նոր անդամներով համալրված թատերական ակումբը կշարունակի ներկայանալ հետաքրքիր պիեսներով՝ հանդիսատեսին ոչ միայն մասնակից դարձնելով բուհական մշակութային կյանքին, այլև դառնալով կարևոր հարթակ՝ թատերական արվեստով հետաքրքրված ուսանողների համար: