Ռոզա Գրիգորյանը Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետ է ընդունվել 2015 թվականին։ Բուհն ավարտել է գերազանց առաջադիմությամբ և այժմ շարունակում է կլինիկական օրդինատուրան Միքայելյանի անվան համալսարանական հիվանդանոցում, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնում։
«Բժշկի մասնագիտությունն ընտրել եմ բավականին հեշտությամբ, դեռ վաղ տարիքից էի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Կարող եմ ասել, որ այլընտրանք չկար։ Ինձ համար կար բժշկություն և «մնացածը», կարծում եմ՝ քանի անգամ էլ ունենայի հնարավորություն, կընտրեի միևնույնը՝ բժիշկ դառնալու ուղին։ Տատիկս բուժաշխատող է, բայց ես ու եղբայրս ընտրել ենք այս մասնագիտությունը ՝ ինքնուրույն որոշում կայացնելով՝ գիտակցելով դրա դժվարություններն ու անասելի պատասխանատվության չափաբաժինը»,-ընդգծում է բուհի շրջանավարտը։
Ռոզա Գրիգորյանը նշում է, որ բժշկական համալսարանի, այստեղ սովորելու տարիների մասին կարելի է անվերջ խոսել, հիշողությունները շատ -շատ են:
«Ես բուհը չեմ դիտարկում միայն որպես գիտելիքի դարբնոց, վեց տարիների ընթացքում բժշկական մայր բուհն ինձ տվել է շատ գիտելիքներ, զարգացման, ինքնակրթման, ինքս ինձ բացահայտելու, ինքնաճանաչման մեծ հնարավորություն»,- շեշտում է Ռոզա Գրիգորյանը։
Նա ամենամեծ ձեռքբերումը համարում է շփումը բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Մարդիկ, ավագ գործընկերներ, որոնք փոխանցել են և՛ մասնագիտական գիտելիքներ, և «կյանքի» դասեր։
«Նեղ մասնագիտացման ընտրությունը կայացրել եմ դժվարությամբ։ Խոստովանեմ, որ ինձ համար վեցամյա կրթությունն ավելի հեշտ էր։ Գաստրոէնտերոլոգի մասնագիտացումը ընտրել եմ եղբորս խորհրդով և օգնությամբ, հիմա յուրաքանչյուր հաջորդ օրը ավելի վստահ եմ դառնում, որ ընտրությունը ճիշտ էր։ Բժշկության այդ ճյուղը ընտրեցի, որովհետև երիտասարդացող, զարգացող, արդիական ուղղություն է», – նշում է ապագա գաստրոէնտերոլոգը՝ հավելելով, որ բժիշկ լինելը, առաքելություն է, բժշկի կոչմանն արժանանալը ՝ մեծագույն ձեռքբերում։
«Բժիշկը պետք է ունենա մարդկային և մասնագիտական բարձր որակներ, անմնացորդ նվիրում, ուժեղ կամք, ամուր նյարդեր, «ծով» համբերություն։ Կարծում եմ, յուրաքանչյուր մասնագետ պարտավոր է իր ամբողջ ներուժը կիրառելով, գիտակցաբար մոտենալ իրեն վստահված աշխատանքին, իսկ բժշկին վստահված է ամենաթանկը՝ մարդկային կյանքը»,-ընդգծում է Ռոզա Ֆելիքսի Գրիգորյանը։