Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«ԵՄ ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ EURAXESS-ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՐՏԱԼԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ – ՄԻՋՈՑԱՌՈՒՄ» միջազգային խորհրդաժողով

«ԵՄ ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ EURAXESS-ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՐՏԱԼԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ – ՄԻՋՈՑԱՌՈՒՄ» միջազգային խորհրդաժողով

Երևանում կայացավ «ԵՄ ՀՈՐԻԶՈՆ ԵՎՐՈՊԱ ԾՐԱԳՐԻ ԵՎ EURAXESS – ՀԱՅԱՍՏԱՆ ՊՈՐՏԱԼԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ – ՄԻՋՈՑԱՌՈՒՄ» խորագրով խորհրդաժողովը, որին բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Սիգնե Ռացոն, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը։

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի համակարգող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացավ «Հաջողակ միջազգային գիտական համագործակցության փորձի փոխանակում» թեմայով զեկույցով։

Ներկայացնելով «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ և ԵՄ համագործակցության պատմությունը՝ նա նշեց․

«Մեզ մոտ՝ համալսարանում, սկսեց ձևավորվել մեկ միտք՝ ինչպես կարելի է գնալ ժամանակակից միջազգային գիտության հետքերով։ Մասնագիտանալով կենսաքիմիայի ոլորտում և ուսումնասիրելով բջջում տեղի ունեցող գործընթացները՝ մեր կողմից քայլ արվեց դեպի ուղեղ։ Հասկանալով, որ ուղեղն անցյալի, այսօրվա և, միանաշանակ կարող եմ ասել, վաղվա գիտությունն է, մենք փորձեցինք խորանալ ուղեղի հետազոտության ոլորտում, այսինքն՝ դառնալ այս ոլորտի փորձագետ»։

Գլոբալ նպատակն, ըստ պրոռեկտորի, Հայաստանը տեղորոշելն է համաշխարհային գիտական քարտեզում։

«Սկսեցինք մտածել Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Դա գեղեցիկ դահլիճ ունենալը չէ միայն, դա ժամանակակից սերնդի տեխնիկա ունենալը չէ միայն, դա առանձին վերցված գիտնականները չեն միայն։ Դա այս ամենի համախումբն է, որն, ի վերջո, տալիս է ցանկալի, ծանրակշիռ և միջազգային հանրույթի կողմից ընդունելի արդյունք։ Մենք հասկանում էինք, որ այս ճանապարհին պետք է սկսեինք դիմել միջազգային կառույցների։ Դիմեցինք «ՀՈՐԻԶՈՆ-2020» ծրագրին և հաղթեցինք», – շեշտում է Կոնստանտին Ենկոյանը։

Զեկույցի ընթացքում բժշկական բուհի պրոռեկտորը ներկայացրեց «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի՝ ԵՊԲՀ գործընկեր բուհերը՝ Գերմանիայի (Բոննի և Թյուբինգենի) և Շվեդիայի (Լունդի) համալսարանները, որտեղ աշխատում են նաև հայ մասնագետներ։

«Այժմ աշխատում ենք Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի ստեղծման ուղղությամբ։ Մենք ստեղծում ենք բավականին լուրջ ենթակառուցվածք», – վստահեցրեց Կոնստանտին Ենկոյանը՝ շեշտելով, որ բժշկական համալսարանը խոշոր ներդրում է կատարել կենտրոնի շինարարության մեջ։

Զեկույցի ընթացքում պրոռեկտորը խոսեց նաև մեկ այլ՝ «ՍԿԱՈՒՏ» ծրագրի մասին, որը Հայաստանում իրականացվող «ՀՈՐԻԶՈՆ-2020»-ի կողմից ֆինանսավորվող եզակի հետազոտական պրոյեկտներից է: Արագ առաջընթաց դեպի նորարարություն գործողության շրջանակում հետազոտական թիմը պետք է կարողանա պարզել արյան նմուշառման նոր Ser-Col սարքավորման արդյունավետությունը տարբեր ախտորոշիչ նպատակներով:

Հիշեցնենք, որ Հայաստանը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «ՔՈԲՐԵՅՆ» նախագծով առաջին անգամ ճանաչվել էր «ՀՈՐԻԶՈՆ-2020 Թվինինգ» ծրագրի հաղթող:

Ստանալով Եվրահանձնաժողովի պաշտոնական նամակն առ այն, որ “COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders: A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing” վերնագրով նախագիծը շահել է «ՀՈՐԻԶՈՆ-2020 Թվինինգ» ծրագիրը և հնարավոր առավելագույն միավորի 96.6%-ը ՝ բժշկական բուհը դարձավ դրա համակարգող: