Բժշկական համալսարանի մասնագետներն աշխատանքային այցով Ֆրանսիայի Լիոն քաղաքում էին՝ մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության Լաբորատոր ծառայության եվ բիոբանկի խմբի ղեկավար, ԵՊԲՀ ARICE ծրագրի փորձագետ Զիսիս Կոզլակիդիսի նախաձեռնած սեմինարին՝ որպես «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) Թվինինգ ծրագրի մի մաս:
Զիսիս Կոզլակիդիսը, լինելով ԱՀԿ առաջատար մասնագետ, պատասխանատու է աշխարհում կլինիկական նմուշների ամենամեծ և ամենատարբեր միջազգային հավաքածուներից մեկի համար, որը կենտրոնացած է գեն-միջավայր փոխազդեցությունների և հիվանդությունների վրա հիմնված հավաքածուների վրա:
Մայիսի 15-17-ն անցկացված եռօրյա հանդիպմանը մասնակցում էին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը (Հայաստան)՝ ի դեմս Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, ԵՄ ARICE ծրագրի առաջատար փորձագետ Թամարա Սարգսյանի, Բժշկական գենետիկայի ամբիոնի դոցենտ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենի առաջին տեղակալ Դավիթ Բաբիկյանի, Բժշկական գենետիկայի ամբիոնի ասիստենտ, Բժշկական գենետիկայի լաբորատորիայի վարիչ Ալին Այվազյանի, Չարլզի համալսարանը (Չեխիա) և Գրացի բժշկական համալսարանը (Ավստրիա):
Սեմինարի օրակարգում էին Սնուցման և նյութափոխանակության մասնաճյուղի ներկայացումը, այցելությունը Պաթոլոգիական լաբորատորիա, ԱՀԿ ուռուցքների դասակարգման շարքի ներկայացումը, այցելությունը Լեոն Բերարդի քաղցկեղի հիվանդանոց, ինչպես նաև բիոբանկավորման մասին զեկույցներ:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաղթել էր «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE) ԵՄ Թվինինգ ծրագրում:
ARICE ծրագրի նպատակն է էապես բարձրացնել ԵՊԲՀ գիտական և տեխնոլոգիական կարողությունները՝ կենտրոնանալով կլինիկական գենետիկական հետազոտությունների ենթակառուցվածքների զարգացման վրա և, մասնավորապես, կենսաբանական նյութերի և տվյալների հավաքագրման, կառավարման և օգտագործման վրա:
ARICE ծրագրի արդյունավետ իրականացման շնորհիվ ԵՊԲՀ-ն կդառնա առաջատարը Հայաստանում քաղցկեղի գենետիկ հետազոտման ոլորտում։