Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ այցելու պրոֆեսորը Digital Davos 2022 գագաթաժողովին ներկայացրեց «Առողջապահության ապագան» զեկույցը

ԵՊԲՀ այցելու պրոֆեսորը Digital Davos 2022 գագաթաժողովին ներկայացրեց «Առողջապահության ապագան» զեկույցը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, Գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր, Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի հիմնադիր-տնօրեն, այժմ՝ Ավստրիայի Գրացի համալսարանի ռեկտորատում բոլոր գիտահետազոտական, կրթական ծրագրերի և բոլոր Biobanking և Biomarker Research ծրագրերի պատասխանատու Կարինե Սարգսյանը համաշխարհային տնտեսական ֆորումի Digital Davos 2022 գագաթաժողովի ընթացքում ներկայացրեց «Առողջապահության ապագան» զեկույցը։ 

Անդրադառնալով հիվանդությանը, որը նա հաղթահարել է և որը հնարավոր եղավ բուժել աշխարհի լավագույն նյարդավիրաբույժներից մեկի շնորհիվ, նա ընդգծեց, որ եթե ծնված լիներ կես դար առաջ, ապա, հնարավոր է, ողջ չլիներ։ 

«Այս մակարդակի վիրաբուժությունը հասանելի է միայն զարգացած աշխարհում։ Լինելով բժիշկ, հետազոտող և հիվանդ՝ ես բժշկության և առողջապահության ապագան տեսնում եմ ինտեգրացիոն մոտեցման մեջ: Հետագա փոփոխությունները լինելու են երկու տարբեր ոլորտում՝ գործող առողջապահություն և ձևավորվող առողջապահություն», – ընդգծեց Կարինե Սարգսյանը։ 

Աշխարհում գործող առողջապահություն եռյակն, ըստ մասնագետի, ներառում է՝

  1. Առողջապահության աշխատողներին՝ բժիշկներ, բուժքույրեր, թերապևտներ,
  2. Ապագա հիվանդությունները և նոր մարտահրավերները,
  3. Ապագա ախտորոշիչ և թերապևտիկ տեխնոլոգիաները, որոնք զարգանում են հսկայական արագությամբ։ 

«Կասկածից վեր է, որ մեր հասարակությունը շատ ավելի արագ է զարգանում, քան նախկինում էր։ Դա վերաբերում է նաև բժշկական տեխնոլոգիաներին, որոնք այսօր հասել են անհավանական մակարդակի», – նշեց Կարինե Սարգսյանը։

Ապագա առողջապահության և բժշկության ձևավորվող եռյակը, զեկույցի համաձայն, վերաբերում է.

  1. Առողջապահության միտումներին․ «2004 թվականին մենք խոսում էինք անձնավորված բժշկության մասին, իսկ մի քանի տարի առաջ հայտնվեց «ճշգրիտ բժշկություն» տերմինը, և առողջապահությունը սկսեց ավելի շատ հակվել դեպի մեկ անձը: Շատ շուտով սովորական կդառնան կանխարգելիչ ընդլայնման մոտեցումը, թվային առողջապահությունը, ինտեգրված (առօրյա կյանքում) բժշկությունը։ Ապագան այն չէ, թե ինչպես ենք մենք բուժում հիվանդությունները, այլ այն, թե ինչպես ենք կանխում դրանց առաջացումը», – շեշտեց Կարինե Սարգսյանը:
  2. Առողջապահական համակարգի մարտահրավերներին. «Մենք պետք է պայքարենք հիվանդանոցը որպես բիզնես դիտարկելու գաղափարի դեմ: Պետք է բարձրացնենք մատչելիության մակարդակը: Ապագայում մենք կհաղթահարենք վճարունակության և մատչելիության խոչընդոտը՝ հօգուտ առողջության հասանելիության, համակարգի և լավագույն որակի կայունության, ինտեգրված առողջ հիվանդների փորձի և պարզապես ավելի լավ առողջության», – վստահեցրեց ԵՊԲՀ շրջանավարտը:
  3. Հնարավորություններին, ինչպիսիք են կարգավորող բարելավումները, բժշկական սիմբիոզի հետազոտությունն ու բուժումը, նոր ինտեգրացիոն կազմակերպչական և բիզնես մոդելները և առողջապահական (տեխնոլոգիական) հարթակները, որոնք, մասնագետի խոսքով, ապագա բժշկությունն ավելի հասանելի կդարձնեն, եթե քաղաքականությունը պահպանի տեխնոլոգիական և բուժիչ զարգացման արագությունը: 

«Ապագայում մենք կկարողանանք բուժել վերքերը րոպեների ընթացքում, զարգացնել լիարժեք օրգաններ, ոսկորներ և բջիջներ, ստեղծել մարդկային էներգիայով աշխատող սարքավորումներ, վերականգնել վնասված ուղեղները և շատ ավելին: Ինտեգրատիվ առողջապահությունը, ներթափանցված լինելով մարդկային մոտեցմամբ, ստանալով բարձրակարգ ախտորոշիչ և թերապևտիկ տեխնոլոգիաների աջակցությունը, կլինի հիմնական որոշիչ գործոնը։ Ուստի ապագայում ոչ թե վիրուսը կլինի վարակիչ, այլ ինքնին առողջությունը: Ես ուզում եմ զեկույցս ավարտել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի խոսքերով. «Միայն սրտով կարելի է ճիշտ տեսնել. էականն անտեսանելի է աչքի համար»։ Այսպիսով, մենք առողջապահության ոլորտում պետք է առաջնորդվենք սրտով», – եզրափակեց ԵՊԲՀ այցելու պրոֆեսորը: