Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ն հնդիկ ուսանողուհուն երազանքներն իրականացնելու հնարավորություն է տվել

ԵՊԲՀ-ն հնդիկ ուսանողուհուն երազանքներն իրականացնելու հնարավորություն է տվել

ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողների բանավեճի մրցույթի հաղթող թիմի անդամ Գրեյս Բիժու Թոմասը սովորում է Ընդհանուր բժշկության ֆակուլտետի վերջին՝ 6-րդ կուրսում։

24-ամյա ապագա բժիշկը ծնվել է Հարավային Հնդկաստանի Կերալա քաղաքում, մեծացել՝ Նյու Դելիում։

«Ես  նկարիչ եմ, որի մեջ մանկուց արմատացած է բժշկության հանդեպ ձգտումը: Մանկության տարիներին ամաչկոտ էի՝ ցածր ինքնագնահատականով: Բայց մեծանալով՝ ինձ գտա արվեստում: Ես այն օգտագործեցի որպես հույզերս արտահայտելու միջոց, որը հետագայում դարձավ իմ ուժը», – պատմում է Գրեյսը:

Հնդկուհին նկարչության ոլորտի ավելի քան 50 մրցույթի հաղթող է: Ժամանակի ընթացքում նա իր մեջ բացահայտեց նաև երգելու և պարելու տաղանդները:

Տեսախցիկների նկատմամբ անհագ սերը Գրեյսին տարավ դեպի Հանրային հեռուստաընկերություն, որտեղ նա հայերենով կատարեց անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սասուն Պասկևիչյանի երգերից մեկը։

Պատմելով, թե ինչու որոշեց բժիշկ դառնալ, նա ասում է․

«Մանկուց միշտ ցանկացել եմ ինչ-որ բան անել մարդկության համար։ Մտածեցի, որ, դառնալով բժիշկ, կարող եմ հպարտանալու առիթ տալ ծնողներիս և նաև անել այն, ինչ իսկապես ուզում եմ: Հայրս ոգեշնչեց ինձ, իսկ մայրս աջակցեց բժշկության ոլորտում ապագա ձեռքբերումներիս: Վեց տարի անց, երբ հետ եմ նայում, հպարտություն եմ զգում այդ վճռական որոշումը կայացնելու համար։ Բժշկական համալսարանն ինձ տվեց այն թևերը, որոնք պետք էին՝ երազանքներս իրականացնելու համար»:

Գրեյսը մեջբերում է բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի հայտնի խոսքը, ըստ որի՝ երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ողջ տիեզերքն օգնում է քեզ այդ հարցում:

 «Դա հենց այն էր, ինչ տեղի ունեցավ ինձ հետ: Պատահաբար ձեռքս ընկավ ԵՊԲՀ-ի մասին պատմող տեղեկատվական գրքույկը, որին ուշադրություն չդարձրի՝ մտածելով, որ ընդունվելու եմ Հնդկաստանի որևէ բժշկական համալսարան։ Բայց հայրս հետաքրքրվեց Հայաստանով՝ որպես առաջին քրիստոնյա երկիր, որն առանձնանում է նաև հանցավորության ամենացածր մակարդակով», – ընդգծում է ուսանողուհին։

Բժշկական բուհն, ըստ նրա, ունի բարձր վարկանիշ և Հնդկաստանում հայտնի է իր որակյալ կրթությամբ: «Համալսարանի կրթական ծրագրերը, հոգատարությունը և ուշադրությունը, որոնց արժանանում են ուսանողները դասախոսների կողմից, նման չեն այլ բարձրագույն ուսումնական հաստատություններին: Ծանոթանալով արձագանքներին և զրուցելով շրջանավարտների հետ՝ համոզվեցի, որ այս համալսարանում սովորելու որոշումն իմ բնական ընտրությունն էր», – շեշտում է Գրեյսը: 

Հետագայում նա կընտրի գինեկոլոգի մասնագիտությունը և կկատարելագործի գիտելիքները կանանց վերարտադրողական առողջության բնագավառում:

«Հայաստանը գեղեցիկ երկիր է՝ բնության հիասքանչ տեսարաններով, հուշարձաններով, փողոցներով, լեռներով և բազմաթիվ վանքերով: Հայ ժողովուրդը շատ ջերմ է և հյուրընկալ, հենց դա է ստիպում մեզ այստեղ զգալ ինչպես տանը: Այստեղ մարդիկ երախտապարտ են և բարի սիրտ ունեն՝ անկախ ամեն ինչից», – անկեղծանում է հնդիկ ուսանողուհին: Հայերենը, նրա խոսքով, հին, հարուստ, պատմությամբ լեցուն լեզու է, և իսկապես առավելություն է այն սովորելը։

Բժշկի մասնագիտության մեջ նա առանձնացնում է լավ ունկնդիր լինելու կարողությունը:

«Մարդասիրությունը բժշկի ամենակարևոր առաքինությունն է՝  կարեկցանքի և նվիրումի հետ մեկտեղ: Բժիշկը պետք է հասկանա, որ հիվանդը միայն բժշկական խնդիրների և դեղերի ցանկ չէ: Բժիշկը պետք է մշտապես տեղյակ լինի բոլոր նորարարություններին, պատասխանատու է կյանքի տևողության երկարացման և հասարակության բարեկեցության ապահովման համար՝ երաշխավորելով արագ ախտորոշում և բուժում։ Կցանկանայի մեջբերել կանադացի բժիշկ Ուիլյամ Օսլերի խոսքերը. «Լավ բժիշկը բուժում է հիվանդությունը, լավագույն բժիշկը բուժում է հիվանդին, որն ունի այդ հիվանդությունը»:

Իմ կողմից կավելացնեմ․ «Լավագույն բժիշկը գնահատում է հիվանդությունը ընդհանուր համատեքստում», – եզրափակում է ԵՊԲՀ հնդիկ ուսանողուհին: 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան