Բժշկական համալսարանի Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ Զարուհի Կալիկյանը ԵՊԲՀ օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժինը ղեկավարում է արդեն տասը տարի՝ 2011 թվականից։
Բուհի այս ստորաբաժանումը գործում է դեռևս 1975 թվականից։
«Սկզբում եղել է ֆակուլտետ՝ նախատեսված հայ քաղաքացիների համար։ Ժամանակի ընթացքում տարբեր վերափոխումներ ապրելով՝ 2000-ականների սկզբից բաժինը սկսեց ծառայել միայն սփյուռքահայերին և օտարերկրացիներին», – պատմում է Զարուհի Կալիկյանը։
Օտարերկրացիները, նրա խոսքով, ԵՊԲՀ սկսել են գալ դեռևս 1992-93 թվականներից։
Նախապատրաստական ուսուցման բաժնում նրանց տրամադրվում է նախահամալսարանական կրթություն։ «Այստեղ կարող են սովորել թե՛ մեր սփյուռքահայ հայրենակիցները, թե՛ օտարերկրացիները։ Անցկացվում է մեկ ակադեմիական տարի տևողությամբ դասընթաց, որը ներառում է 5 առարկա՝ կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, անգլերեն և հայոց լեզու։ Նաև նախնական թեստավորում ենք անցկացնում՝ որոշելու դիմորդների անգլերենի իմացության մակարդակը, և ըստ այդմ կազմում ենք մեր խմբերը», – նշում է բաժնի ղեկավարը։
Բաժնի կազմավորման նախնական տարիներին շատ էին դիմում Իրանի քաղաքացիները, հետո ավելացան Սիրիայի, իսկ վերջին տարիներին՝ նաև Հորդանանի քաղաքացիները։
«Հորդանանի Հաշիմյան Թագավորության հետ մենք ունենք միջպետական համաձայնագիր, ըստ որի՝ իրականացվում է փոխանակային ծրագիր․ Հայաստանից Հորդանան ուսանողները գնում են հիմնականում արևելագիտություն և միջազգային հարաբերություններ սովորելու, իսկ Հորդանանից գալիս են մեր երկիր բժշկական կրթություն ստանալու նպատակով։ Սկզբում այդ ծրագրով Հորդանանից ունեինք 3-4 դիմորդ, հիմա՝ արդեն շուրջ 30։ Տարեցտարի սկսեցին ավելանալ նաև այդ միջպետական ծրագրում չներառված դիմորդները, և հիմա հավասարապես ունենք և՛ անվճար, և՛ վճարովի սովորողներ Հորդանանից», – փաստում է մասնագետը։
Ընդհանուր առմամբ՝ 2011 թվականին, երբ Զարուհի Կալիկյանը ստանձնեց բժշկական բուհի օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժնի ղեկավարությունը, սովորողները 40-ն էին։ «Ժամանակի ընթացքում նրանց թիվն աստիճանաբար ավելացավ։ Նախաքովիդյան՝ 2019-2020 ուսումնական տարում մենք ունեցանք 150 ուսանող։ Եվ, իհարկե, այդպես էլ կշարունակվեր, եթե չլինեին համավարակն ու պատերազմը։ Այնուամենայնիվ, 2020-2021 ուստարին մենք ավարտեցինք շուրջ 100 ուսանողով», – ընդգծում է նա։
Դասերը նախապատրաստական ուսուցման բաժնում սկսվում են հոկտեմբերից։
Հունիսին՝ դասընթացն ավարտելուց հետո, սովորողները հանձնում են ավարտական քննություններ, որոնք, միաժամանակ, հանդիսանում են ընդունելության քննություններ։ Դասընթացի ավարտին սովորողներին տրամադրվում են համապատասխան վկայականներ։
«Այս տարի մենք 70 ուսանող ճանապարհեցինք բժշկական բուհ։ Յուրաքանչյուր տարի ԵՊԲՀ առաջին կուրս ընդունվող արտասահմանցիների 25%-ն ապահովում է նախապատրաստական ուսուցման բաժինը․ սովորողների մոտ 80%-ը հաղթահարում է ավարտական քննությունները», – շեշտում է Զարուհի Կալիկյանը։
Նրա ղեկավարած բաժնի աշխարհագրությունը ներառում է շուրջ 20 երկիր (Իրան, Իրաք, Հորդանան, Սիրիա, Եգիպտոս, Լիբանան, ԱՊՀ երկրներ՝ Ռուսաստան, Վրաստան, Ղրղզստան, Թուրքմենստան, Տաջիկստան, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն, ինչպես նաև Եվրոպա՝ Կիպրոս, Գերմանիա, Շվեդիա, Լեհաստան)։
«Նախորդ տարիներին դիմորդներ ենք ունեցել Թուրքիայի հայ համայնքից։ Այս տարի ուսանող ունենք Ֆիլիպիններից։ Մեր աշխատանքում շատ կարևոր դեր ունի իրազեկումը, նաև՝ անմիջական շփումների միջոցով։ 2017 թվականին Հայաստանի դեսպանատան հրավերով ինքս մեկնեցի Լիբանան, որտեղ ներկայացված էր ևս 3 բուհ (ՀՊՃՀ, ԵՊՀ, Եվրոպական համալսարան)։ Պետք է ասեմ, որ հաջորդ տարի ուսանողների զգալի աճ նկատվեց, հատկապես՝ Լիբանանից», – պատմում է բաժնի ղեկավարը։
Դասընթացի ուսումնական ծրագրերը պարբերաբար վերանայվում են՝ համապատասխանեցվելով միջազգային չափանիշներին։
«Ուսումնասիրել ենք տարբեր բուհերի մինչհամալսարանական կրթության ծրագրերը՝ փորձելով հասկանալ՝ ինչի կարիք կարող է ունենալ մեր ուսանողը։ Այս ամբողջ ընթացքում ամբիոնների հետ համատեղ իրականացվել են ուսումնական ծրագրերի բարեփոխումներ, օրինակ, ներառվել են թեմաներ, որոնք նախկինում չեն եղել։ Կան թեմաներ, որոնք սկսել ենք ավելի մանրամասն ուսումնասիրել», – եզրափակում է Զարուհի Կալիկյանը։
Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան