Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Ալեքսանդր Ռումյանցևի դասախոսությունը

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Ալեքսանդր Ռումյանցևի դասախոսությունը

Բժշկական համալարանը հյուրընկալեց ՌԴ ԳԱԱ նախագահության անդամ, ՌԴ գլխավոր մանկական արյունաբան, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունաբանության կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության միության նախագահ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Ռումյանցևին։

Ողջունելով հյուրին ապագա բժիշկների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար նախատեսված դասախոսության ընթացքում և անդրադառնալով Հայաստանը 34 տարի առաջ պատուհասած ավերիչ երկրաշարժի տարելիցին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս մեկ անգամ երախտագիտության խոսքեր հնչեցրեց բոլոր այն բժիշկների հասցեին, որոնք դժվարին օրերին հայ ժողովրդի կողքին էին։ Բուհի ղեկավարն ընդգծեց պաթոգենեզի խորապես իմացության կարևորությունն ուսանողների համար։ «Դուք պիտի լինեք մասնագետներ, որոնք ունակ կլինեն ցուցաբերելու հմուտ պաթոգենետիկ օգնություն», – հավելեց ռեկտորը։

Արմեն Մուրադյանը շեշտեց, որ աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ մեր երկրի համար մանկաբուժությունը բժշկության հիմնարար գիտություններից մեկն է։ «Մանկաբուժությունը բժշկության այն ուղղությունն է, որին պետք է նայել սիրահարված աչքերով և որի առաջ պետք է խոնարհվել։ Այսօր Հայաստանն այն երկրներից է, որտեղ մանկական մահացության մակարդակը նույնն է, ինչ զարգացած երկրներում։ Սա, իհարկե, հնարավոր է դարձել Հայաստանի մանկաբույժների բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։ Այդ պատճառով մանկաբուժությանը պետք է վերաբերվել ոչ միայն մանկական հիվանդությունների բուժման տեսանկյունից, այլև կյանքի միջին տևողության երկարաձգման տեսանկյունից», – ավելացրեց Արմեն Մուրադյանը։

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Ալեքսանդր Ռումյանցևը գոհունակություն հայտնեց․

«Ուրախ եմ հանդիպել այսօր ձեզ հետ, այստեղ աշխատում են ինձ հարազատ մարդիկ, համախոհներ»։

Խոսելով աշխարհի տարբեր երկրներում կյանքի միջին տևողության մասին՝ նա նշեց, որ ամենաբարձր ցուցանիշը Ճապոնիայում է՝ 87-88 տարի։

«Կենսաբանական ծերացման վերաբերյալ գիտության նոր ուղղությունը կոչվում է գերիատրիա։ Սա ոչ թե ծերերի հիվանդությունն է, այլ այն լրջագույն գործընթացների շարքը, որոնք կապված են դանդաղ նյութափոխանակության, ծերացումն ուղեկցող հիվանդությունների առաջացման հետ», – պարզաբանեց պրոֆեսոև Ռումյանցևը, ում խոսքով՝ գենետիկ հետազությունները թույլ տվեցին բեկում մտցնել։ «Մենք սկսեցինք միջամտել քաղցկեղի էթիոլոգիային», – ընդգծեց պրոֆեսորը։

Ինչ վերաբերում է մանկաբուժության ոլորտին, Ալեքսանդր Ռումյանցևը նշեց, որ մանկաբույժն աշխատում է ոչ թե երեխայի, այլ նրա մոր հետ, և մանկաբույժի համար շատ կարևոր է փոքրիկի հարազատների հետ շփումը։

Դասախոսության ավարտին մասնագետը պատասխանեց ապագա բժիշկներին և դասախոսներին հետաքրքրող հարցերին։