Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռեկտորը Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանի հետ քննարկեց համագործակցության հեռանկարները

ԵՊԲՀ ռեկտորը Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանի հետ քննարկեց համագործակցության հեռանկարները

Դոմինիկյան Հանրապետության պատվիրակությունը՝ Հայաստանում նորանշանակ դեսպան Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսի գլխավորությամբ, այցելեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպեց ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ հյուրընկալվելով նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը հյուրերին ներկայացրին 100-ամյա բժշկական բուհի, ինչպես նաև Զինվորի տան ստեղծման, զարգացման և հետագա ընդլայնման պատմությունը։

«Ես Դոմինիկյան Հանրապետության առաջին դեսպանն եմ, որը հավատարմագրված է Հայաստանում։ Սովորաբար մենք համագործակցում ենք աշխարհի տարբեր համալսարանների հետ, բայց այժմ ես ունեմ հատուկ նպատակ։ Հաշվի առնելով Հայաստանի ընձեռած հնարավորությունները և քաջատեղյակ լինելով այստեղի համալսարանների տրամադրած գերազանց կրթության մասին՝ մենք կուզենայինք, որպեսզի մեր երկրից շատ ուսանողներ բժշկական կրթություն ստանային հենց ձեր համալսարանում», – նշեց Ֆրանկ Հանս Դանենբերգ Կաստելյանոսը։

Դեսպանը 14 տարի իր դիվանագիտական առաքելությունն է իրականացրել Հնդկաստանում։ «Հիշում եմ՝ շատ հնդիկ ուսանողներ էին ձգտում այստեղ սովորել։ Ինքս էլ շատ տպավորված եմ ձեր համալսարանով։ Մեր ուսանողները կլինեն նաև մեր մշակույթի դեսպանները ձեր երկրում։ Եվ կարող ենք մեր երկրների միջև կապերն ամրացնել նաև ուսանողների միջոցով», – ավելացրեց Հայաստանում Դոմինիկյան Հանրապետության դեսպանը։

Ռեկտորը դեսպանին ներկայացրեց ԵՊԲՀ միջազգային կրթական ծրագրերը, ինչպես նաև ծանոթացրեց համալսարանական կլինիկաների գործունեությանը։ «Շնորհակալ եմ մեր բուհին տրված բարձր գնահատականի համար․ մեզ համար մեծ պատիվ է, որ մեզ առաջիններից են այցելում», – գոհունակություն հայտնեց Արմեն Մուրադյանը։

Անդրադառնալով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գործունեությանն ու նպատակներին՝ ռեկտորը շեշտեց․ «Այս պահին էլ մենք շարունակում ենք մեր բժշկական գործունեությունը՝ ուղղված մեր վիրավոր զինվորների վերկանգնողական բուժմանը։ Յուրաքանչյուր երկիր ունի իր պարծանքը․ Ֆրանսիայում դա Փարիզի Հաշմանդամների տունն է, մեզ համար այդպիսին է այս Կենտրոնը»։

Արտասահմանցի ուսանողների ընդունելության հետ կապված, ռեկտորի խոսքով, բուհն ունի հստակ մոտեցումներ, որոնք սահմանված են կառավարության որոշումներով։ «Եթե այդ ձևաչափը պահպանվի, մենք սիրով պատրաստ ենք մասնակից դառնալ կրթական գործընթացին։ Պետք է հստակ արձանագրենք, որ մեր նպատակն է տալ մեր երիտասարդներին աշխարհի ամենամարդասիրական մասնագիտությունը։ Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր երկրից ընդունել բժիշկ դառնալ ցանկացող մարդուն, որը պատրաստ է դրսևորել բարձր պրոֆեսոինալիզմ, ունի մարդկային տեսակ և, իհարկե, համապատասխանում է համալսարանական կարգերին ու հետևում դրանց», – ընդգծեց Արմեն Մուրադյանը։

«Մեր համալսարանն անհամեմատելիորեն մատչելի միջազգային կրթություն է ապահովում, իսկ մեր շրջանավարտներն աշխատում են աշխարհի առաջատար մասնագետների հետ համատեղ», – եզրափակեց բուհի ղեկավարը՝ հավելելով, որ ԵՊԲՀ շրջանավարտներն ակտիվ բժշկական գործունեություն են ծավալում աշխարհի մոտ 40 երկրում։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել Դոմինիկյան Հանրապետության ուսանողների ընդունելության հետ կապված աշխատանքային քննարկումները բժշկական բուհի Միջազգային համագործակցության բաժնի հետ։