Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռեկտորը և Հայաստանում ԱՄԷ դեսպանը քննարկեցին համագործակցության ընդլայնման հեռանկարները

ԵՊԲՀ ռեկտորը և Հայաստանում ԱՄԷ դեսպանը քննարկեցին համագործակցության ընդլայնման հեռանկարները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Աբդուլլահ Ալ Մուլլային։

Ողջունելով բարձրաստիճան դիվանագետին՝ բուհի ղեկավարը նշեց, որ դեսպանը սպասված հյուր է բժշկական համալսարանում։ «Ես ներկայացնում եմ մի համալսարան, որը 100 տարվա պատմություն ունի։ Ուրախալի է, որ հյուընկալվեցիք մեզ մոտ այս օրերին, երբ մեր համալսարանը միջազգայնորեն հավատարմագրվեց։ Մեզ համար, իհարկե, շատ կարևոր են նմանատիպ հանդիպումները մեր գործընկեր երկրների հետ, որտեղ մենք կարող ենք ներկայացված լինել՝ որպես հավատարմագրված բուհ և ցույց տալ այն մեծ աշխատանքը, որն արվում է այստեղ։ Ցավոք, չունենք ուսանողներ, որոնք Ձեր երկրից են։ Այնուամենայնիվ, ունենք որոշակի ռեզիդենտների հետ աշխատանքներ, և, իմանալով, թե ինչպիսի հաջողություններ կան Ձեր երկրում առողջապահական ոլորտում, մեծ ցանկություն ունենք համագործակցելու բուժական, գիտական, կրթական բնագավառներում», – ընդգծեց Արմեն Մուրադյանը՝ պատրաստակամություն հայտնելով այցեր կազմակերպել համալսարանական կլինիկական հաստատություններ։

Դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Աբդուլլահ Ալ Մուլլան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շնորհավորեց բուհի ղեկավարին միջազգային հավատարմագրման առթիվ. «Այս վայրը յուրահատուկ է ինձ համար, քանի որ ինքս բժիշկ եմ՝ սրտաբան, շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել բժշկական համալսարանի ուսանող»:

Դիվանագետը նշեց, որ ԱՄԷ-ից ԵՊԲՀ-ում ուսուցանողների ներգրավվածության հարցը քննարկել է իր երկրի կրթության պատասխանատուների, համապատասխան գերատեսչության, բժշկական դպրոցների ներկայացուցիչների հետ: «Նրանք պատրաստակամություն են հայտնել փոխգործակցելու, և հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե արդյոք համալսարանը միջազգայնորեն ճանաչված է։ Այժմ ես փաստորեն ստացա այդ հարցի պատասխանը», – ուրախությամբ նշեց նա։

Դեսպանը հետաքրքրվեց, թե որ լեզվով է ընթանում դասավանդումը բուհում։

«Ընդհանրապես բժշկական համալսարանում դասավանդումն իրականացվում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ «Բուժական գործ» կրթական ծրագրերը հավատարմագրվել են նաև անգլերենով։ 35 երկրից ժամանած 2000-ից ավելի ուսանողների համար կրթական ծրագիրը նույնն է․ այն պարտադիր ներառում է հայերեն լեզվի դասավանդում։ Աշխարհում «Բուժական գործ» մասնագիտությունը տրամադրում է 3800 հաստատություն, և ընդամենը 400-ն է միջազգայնորեն հավատարմագրված։ Բացի հավատարմագրումից, մեր բուհը մասնակցում է նաև ռեյտինգավորման գործընթացին։ Համոզված եմ, որ մինչև տարվա վերջ մենք նաև կիմանանք, թե, հավատարմագրումից զատ, որ տեղում ենք գտնվում», – հայտնեց Արմեն Մուրադյանը։

ԱՄԷ դեսպանը մասնավորապես հետաքրքրվեց Ռազմական բժշկության ֆակուլտետի գործունեությամբ՝ նշելով, որ իր երկրում այս ոլորտն ամենաքիչն է ներկայացված։

Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ Վարդան Ծատուրյանը հանգամանալից ներկայացրին ուսումնական գործընթացի մանրամասները և դրա տևողությունը, ներառյալ՝ արտասահմանցի սովորողների համար։

Զրուցակիցները քննարկեցին նաև արհեստական բանականության կիրառումը համալսարանի կրթական ծրագրերում։

Ռեկտորի առաջարկով դեսպանը շրջայց կատարեց ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների կենտրոնում։

Հանդիպման ավարտին փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ ընդլայնելու առարկայական համագործակցությունը նախանշված ոլորտներում։