Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռեկտորը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց տարեկան հաշվետվությունը

ԵՊԲՀ ռեկտորը Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեց տարեկան հաշվետվությունը

Հոգաբարձուների խորհրդի` «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հրավիրված նիստը` Միքայել Ադամյանի նախագահությամբ, մեկնարկեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի 2023 թվականի հաշվետվությամբ:

Ողջունելով Հոգաբարձուների և նիստին ներկա Գիտական խորհրդի անդամներին, հիվանդանոցային համալիրների ղեկավարներին, դեկաններին, ուսանողներին` ռեկտորը նշեց, որ այսօր լրանում է բուհի ղեկավարի պաշտոնում իր վերընտրման երկու տարին։

«Այս ընթացքում ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ, հաջողություններ և դժվարություններ, համատեղ անցած ճանապարհ, որը Հոգաբարձուների խորհրդի հետ միասնական աշխատանքի արդյունքում է հաղթահարվել», – շեշտեց Արմեն Մուրադյանը` տեղեկացնելով, որ անցնող տարվա իր հաշվետվությունը կունենա կրթական, գիտական, կլինիկական, միջազգային կառուցամաս։

Կրթական

ԵՊԲՀ-ում 2023 թվականին ուսանողների թիվն աճել է 5 տոկոսով, այն բոլոր ֆակուլտետներում միասին հանրագումարում 6263 է, որից 2091-ը օտարերկրացի ապագա բժիշկներն են։

Ամեն երրորդ ուսանող այլ երկրից է ժամանել բժշկական կրթության համար: Նպատակներից է, որպեսզի առաջիկայում այս ցուցանիշը հատի ամեն երկրորդը:

 Բոլոր ֆակուլտետներում ուսանողների թիվն աճել է, այդ թվում` ԵՊԲՀ քոլեջում, որն այս տարվանից ունի նոր տեղակայում Կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում։ 750 սովորող ունեցող հաստատությունն այժմ կրթություն է տրամադրում 6 ուղղությամբ։ Քոլեջում ընդունելությունը կազմակերպվում է մրցութային ընթացակարգով։

Ավարտվող տարվա առանցքային ձեռքբերումներից էր միջազգային ծրագրային հավատարմագրման գործընթացը, որը, ռեկտորի գնահատմամբ, ժամանակի հրամայականն էր ու պահանջը, ինչը բժշկական բուհը պարտավոր էր իրականացնել.

«Արդեն երկու տարի է, որ իրականացնում ենք «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրմանն ուղղված աշխատանքներ, ստեղծվել է հանձնաժողով, աշխատանքային խմբեր, որոնք ընդգրկում են նաև հրավիրված մասնագետներ»:

Ձեռքբերումների թվում էր ԵՊԲՀ-ում առաջին անգամ 2022-2023 ուսումնական տարվա պետական ավարտական քննության գործնական հմտությունների ատեստավորման անցկացումը OSCE (Objective Structural Clinical Exams-Օբյեկտիվ կառուցվածքային կլինիկական քննության) ձևաչափով, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հատկացված տարածքում վերանորոգվեցին և OSCE քննության համար նախապատրաստվեցին քննական, ինչպես նաև այլ օժանդակ սենյակներ, արդյունքում ստեղծվեց 25 դասասենյակ և 3 օժանդակ սենյակ ընդգրկող OSCE քննական կենտրոնը:

Կրթական հատվածի վերաբերյալ հաշվետվության մեջ ռեկտորն անդրադարձավ նաև ուսանողների ակադեմիական շարժունակությանը, հեռացված ուսանողների թվին։

Այս հարցի շուրջ նա շեշտեց, որ խստությունը գերադասված է եկամուտներին, նվազել են բացակայությամբ պայմանավորված սովորողների հեռացման դեպքերը։

Պրոֆեսոր Մուրադյանը խոսեց ուսումնական պրոցեսի նյութատեխնիկական բազայի բարելավմանն ուղղված ծախսերի, լրացուցիչ մասնագիտացումների և կատարելագործումների մասին։

Ոչ պետական բուհերից համալսարան ընդունված կլինիկական օրդինատորների թվի նվազումը ևս վկայությունն է այն բանի, որ որակը գերազանցում է եկամուտներին։

Կարիերայի կենտրոնի ծրագրերը նույնպես ներառվել էին զեկույցում, խոսքը FMGE նախապատրաստական դասընթացների, «Լանցետ» մասնագիտական կողմնորոշման ծրագրի և այլ նախաձեռնությունների մասին է:

Գիտական

Անդրադարձ կատարվեց միջազգային հետազոտական դրամաշնորհներին, ինչպես նաև բուհի` Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ դրամաշնորհներին: Համալսարանի գիտական գործունեության կենտրոնում է ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը, որը տարածաշրջանային նշանակության է և որի զարգացումն ու հզորացումը շարունակական է:

«Ժամանակակից գիտության հիմքում իրականացվող շռայլ, լայն ծրագրերն են», -փաստեց Արմեն Մուրադյանը:

Անդրադառնալով կարճ ժամանակ առաջ ԱՄՆ կատարած իր աշխատանքային այցին` նա, ինչպես կրթական, այնպես էլ գիտական բնագավառում ևս մեկ անգամ ընդգծեց մեկդարյա համալսարանի շրջանավարտների դերը:

Գիտական ձեռքբերումներից է այն, որ ԵՊԲՀ­–ում հրա­տա­րակ­վող «­Նոր հայ­կա­կան բժշկա­կան հան­դե­ս» («The New Armenian Medical Journal») անգ­լա­լե­զու գիտակիրառական պարբերականն ընդգրկվել է Web of Science գիտաչափական շտեմարանում:

Կլինիկական

Համալսարանական երեք` «Հերացի», «Մուրացան», «Միքայելյան» հիվանդանոցների գործունեությունից խոսելով` նիստի հիմնական զեկուցողն ընդգծեց, որ այս հիվանդանոցները, կլինիկական հատվածից զատ, նաև հսկայական կրթական գործառույթներ են իրականացնում` պատրաստելով որակյալ կադրեր:

«Հերացի» հիվանդանոցում 1.7 տոկոսով աճել է պացիենտների թիվը: Անելիքներ կան հիվանդանոցի կազմում գործող պոլիկլինիկայի կցագրումների ավելացման ուղղությամբ:

Նախորդ 11 ամսում հիվանդանոցն էականորեն համալրվել է սարքավորումներով, որոնց շարքում ռեկտորն առանձնացրեց վերջին սերնդի գերժամանակակից ռենտգեն սարքը և անգիոգրաֆը:

Տեղեկացվեց, որ Հոգաբարձուների խորհրդի` այս տարվա օգոստոսի 23-ի հեռակա նիստի թիվ 5 արձանագրությամբ որոշում է կայացվել լուծարել թիվ 1 և թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկաները և ստեղծել  «Ստոմատոլոգիական գիտակրթական կլինիկակական թիվ 1 կենտրոն», որը Թերապևտիկ ստոմատոլոգիայի և Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնների կլինիկական բազան է:

Բարեփոխումների արդյունավետության դեպքում նման փոփոխությունները նաև այլ ստորաբաժանումներում կիրականացվեն:

«Մուրացան» հիվանդանոցի պոլիկլինիկայում այցելությունների թիվը կազմել է 98988, աճ է գրանցվել 48 տոկոսով: Սանավիացիայի կանչերը 621 էին, մեծ մասը` 78.7 տոկոսը` հանրապետության մարզերից:

Առաջիկայում հիվանդանոցում ծրագրվում է վիրաբուժական ծառայությունների օպտիմալացում:

«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի զարգացումն Արմեն Մուրադյանը թռիչքային բնութագրեց: Հասրաթյան 9/1 հասցեում վերանորոգվել է 600 քմ տարածք`  կեցավայր տրամադրելով մինչև 164 ուսանողի:

Վերաբացվել է ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունք` համալրվելով ժամանակակից անգիոգրաֆով: Պացիենտների թիվն այստեղ նույնպես աճել է 11.8 տոկոսով:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 4 տասնյակ բուժաշխատող մասնագիտական գործունեությունն այժմ շարունակում է  համալսարանական տանիքի ներքո:

Ինչպես այս քայլը, այնպես էլ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի` Զինվորի տան գործունեությունը, որի համահիմնադիրն է ԵՊԲՀ-ն, սոցիալական կարևոր նշանակություն ունեն և տեսանելի ու ուսուցողական են ուսանողության համար` ապագա բժիշկներին փոխանցելով հայրենասիրություն, սոցիալական պատասխանատվության զգացում:

Հաշվետվությունը ռեկտորը եզրափակեց «Հերացի» ավագ դպրոցի հաջողություններով, որի շրջանավարտների մեծ մասը բարձրագույն կրթությունը շարունակում է բժշկական համալսարանում և աչքի ընկնում գիտելիքով ու առաջադիմությամբ:

ԵՊԲՀ 2023 թվականի բյուջեի կատարման կանխատեսման հաշվետվությունը ներկայացրեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը` պատասխանելով  ներկաներին հետաքրքրող հարցերին:

Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը, լսելով հաշվետվությունը, նշեց, որ որպես ամենաշատ բժշկական կրթություն արտահանող բարձրագույն կրթական հաստատություն` ԵՊԲՀ-ն գնում է ճիշտ ճանապարհով, ողջունելի է այն, որ համալսարանը բյուջետային, իրավական, այլ խնդիրների առնչությամբ հաճախ  նախաձեռնություններով ու պատրաստ լուծումներով է հանդես գալիս` հնարավորություն ընձեռելով քննարկել արդեն առկա լուծման հնարավորությունը:

Արձագանքելով` ռեկտորը  նշեց, որ կրթության որակի բարելավումը բուհի համար օրակարգային է:

Արմեն Մուրադյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց թիմին, ինչպես կրթության պատասխանատուներին, այնպես էլ վարչական հատվածի ներկայացուցիչներին, ուսանողությանը, որոնք նույնպես կրթագիտական մեկդարյա հաստատությունում կատարվող բարեփոխումների անքակտելի մասն են ու անմիջական մասնակիցը:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը փաստեց` ներկայացված զեկույցն ու հաջողությունները հնարավոր է կյանքի կոչել միայն համատեղ ջանքերի շնորհիվ:

«Կատարած աշխատանքի համար շնորհակալ եմ բոլորին` առաջին կուրսի ուսանողից սկսած, սա բոլորիս աշխատանքի արդյունքն է», – ընդգծեց Ադամյանը:

Նիստի  ավարտին հաջորդեց Հոգաբարձուների խորհրդի անդամների մասնակցությամբ շրջայցը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի տարածքում, ներկայացվեցին կատարված աշխատանքներն ու հետագա  ծրագրերը: