Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց «Նեյրոգիտության շաբաթ 2024» միջոցառման շրջանակում մեր երկրում հյուրընկալված առաջատար գիտնականներին։
Ռեկտորը բարձր գնահատեց, որ համաժողովի շրջանակում անցկացված սիմպոզիումը նվիրված էր երջանկահիշատակ պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովին։
Ավագ ընկերոջը, ուսուցչին նա բնորոշեց որպես ինովացիոն, մշտապես պրոգրեսիվ, բժշկական մայր բուհին հավատարիմ անհատի, որն ընդամենը մի քանի ամիս անց 85 տարեկան կդառնար։
«Երեք ամիս առաջ «Բուժական գործ» երեք կրթական ծրագրերի համար միջազգային հավատարմագրում ստանալը մեծ հնարավորություն է գիտությունը զուգահեռ զարգացնելու համար, և լոկոմոտիվը նեյրոգիտությունն է, որը, կցանկանայի, որ չթուլացներ ընթացքը», – ընդգծեց Արմեն Մուրադյանը։
ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի միջազգային խորհրդատվական մարմնի անդամ, ZENEREI հետազոտական կենտրոնի տնօրեն, Սթրեսի և վարքագծի միջազգային միության (International Society of Behavior and Stress) նախագահ, նեյրոգիտության պրոֆեսոր Ալան Կալուեֆը իր գոհունակությունը հայտնեց այցից:
«Մեզ շատ հաճելի է երկար տարիների համագործակցությունից հետո նորից գալ Երևան։ Շատ հագեցած համաժողով է։ Ձեր բուհի հետ սերտ համագործակցությունն արդեն վերածվել է ընկերության, և մենք ցանկանում ենք է՛լ ավելի ընդլայնել այն՝ ի շահ գիտության ոլորտի զարգացման»,- ասաց նա` ներկայացնելով միջազգային գիտական թիմի անդամ հանդիսացող գործընկերներին, որոնց մի մասն առաջին անգամ է Հայաստանում։
Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանի Ֆարմակոլոգիայի ամբիոնի ներկայացուցիչ Դանիել Էնթոնին անգամ մեկօրյա ժամկետով էր ժամանել մեր երկիր, սակայն մեծապես տպավորված էր ապագա բժիշկների հետաքրքրվածությամբ և նրանց հնչեցրած հարցերով։
Ռեկտորն ընդգծեց, որ տարիներ առաջ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի հետ որդեգրել են գիտության հարցում անզիջում լինելու, փոխզիջումների չգնալու և միջազգային միտումներին համահունչ քայլելու ռազմավարությունը։
«Սա ինտեգրման տեսակետից ամենաճիշտ որոշումներից էր` հաշվի առնելով աշխարհաքաղաքական, ներքաղաքական իրադարձությունները», – շեշտեց բուհի ղեկավարը՝ որպես հաջողված օրինակ մատնանշելով ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը։
Նիդերլանդների Մաաստրիխտի և Միացյալ Թագավորության Օքսֆորդի համալսարանների ռուս պրոֆեսոր Տատյանա Ստրեկալովայի խոսքով՝ Երևանը և բժշկական համալսարանը շատ հյուրընկալ հանդիպման վայր են՝ տարբեր երկրների գիտնականներին ընձեռելով մեկ հարկի տակ հավաքվելու եզակի հնարավորություն։
Բժշկական բուհի ղեկավարը համաժողովի մասնակիցներին մաղթեց առաջիկա օրերին ևս արդյունավետ աշխատանք: