2017 թվականի նոյեմբերից Ավստրիայի Գրացի համալսարանի Բիոբանկի տնօրեն Կարինե Սարգսյանը նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր է:
Կարինե Սարգսյանը նաև Գրացի համալսարանի Միջմշակութային հաղորդակցության և միգրացիայի ծրագրի գիտական փոխտնօրենն է և պրոֆեսոր, «Sargsyan & Hartl OG» կազմակերպույան հիմնադիրն ու ղեկավարը (Elite Academy Graz), դասախոս (առողջապահական ոլորտի կառավարում, փոփոխությունների կառավարում, նորարարությունների կառավարում), ինչպես նաև Գրացի բժշկական համալսարանի բիոբանկի մագիստրոսական ծրագրի գիտական փոխտնօրենը և պրոֆեսոր:
Կարինե Սարգսյանը բժշկական կրթությունն ստացել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ավարտելով մանկաբուժության ֆակուլտետը: Այնուհետև շարունակել է մասնագիտանալ մանկաբուժության մեջ Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցում: Ասպիրանտական կրթություն ստացել է Երևանի պետական համալսարանի պրակտիկ հոգեբանության ամբիոնում: Գրացի բժշկական համալսարանում ստացել է բժշկական և կլինիկական սնուցման մասնագետի որակավորում: Մինչ Ավստրիա մեկնելը Կարինե Սարգսյանն աշխատել և իրականացրել է բազում ծրագրեր ՀՀ առողջապահության նախարարության և առողջապահության ոլորտի մի շարք այլ կազմակերպությունների հետ: Արդեն Ավստրիայում աշխատել է Գրացի համալսարանի մանկաբուժության բաժնում, իսկ արդեն 2007 թվականից ստանձնել Գրացի «Բիոբանկի» տնօրենի պաշտոնը: Որպես մասնագետ աշխատել է նաև Արաբկիր բժշկական կենտրոնի երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի բժշկական և կլինիկական սնուցման, մետաբոլիկ խանգարումների բաժնում: 2009թ. ստանձնել է Competence Centre K BioPersMed (Biomarkers for Personalised Medicine)-ի գիտական ղեկավարի պաշտոնը:
Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, որոնցից է 2009թ. շնորհված «Academic Management Award for Biobank Graz» մրցանակը, 2016թ. «Healthcare & Life Sciences Awards 2016: Most outstanding academic Biobank» -ը և «International Life Sciences Awards 2016: Best European Academic Biobank-»ը:
Կարինե Սարգսյանը նաև մի շարք մասնագիտական միություների և համալսարանների խորհուրդների անդամ է, հանդիսանում է 50-ից ավել մասնագիտական հոդվածների, ինչպես նաև գրքերի հեղինակ, որպես կամավոր ակտիվ գործունեություն է ծավալում Գրացի հայկական համայնքում, ինչպես նաև մասնագիտական և ոչ մասնագիտական մի շարք կազմակերպություններում: