ԵՊԲՀ շրջանավարտ Վարդան Քարամյանը, ով այժմ Տեխասի տեխնոլոգիական համալսարանի բժշկագիտական կենտրոնի (TTUHSC) Դեղագիտության դպրոցի դոցենտ է, հունվարի 24-ին Տեխաս նահանգի Լաբոկ քաղաքում արժանացել է համալսարանի ղեկավարության կողմից տրվող մրցանակի (The Chancellor’s Council distinguished teaching award): Այս մրցանակը Տեխասի տեխնոլոգիական համալսարանի համակարգում գիտական գործունեության և մանկավարժության ոլորտում շնորհվող բարձրագույն մրցանակն է։ Այն տրվում է արժևորելու նրանց, ովքեր լրջագույն ներդրում են ունեցել դասավանդման ու գիտահետազոտական ոլորտներում:
Վարդան Քարամյանը 1995-ից 2000 թվականը սովորել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում, որից հետո, ուսումը շարունակելով ասպիրանտուրայում պրոֆեսոր Լ.Ա. Սահակյանի և ակադեմիկոս Ա. Ա. Գալոյանի համատեղ ղեկավարությամբ, 2004-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2005-ին ԵՊԲՀ շրջանավարտը, որպես այցելու գիտաշխատող հրավիրվել է Միսիսիպիի համալսարանի դեղագիտության դպրոց։ 2008-ին տեղափոխվել է Տեխասի տեխնոլոգիական համալսարանի բժշկագիտական կենտրոնի Դեղագիտության դպրոց։ Այս տարիների ընթացքում Վարդան Քարամյանը բազմիցս արժանացել է տարբեր մրցանակների և շնորհակալագրերի: 2014-ին նրան շնորհվել է «World of Difference» մրցանակ Ամարիլոյի ուսանողական սենատի կողմից, ինչպես նաև մանկավարժության ոլորտում մեծ ներդրման համար մրցանակ՝ Տեխասի Համալսարանի ռեկտորից: Այս ամենին զուգահեռ Քարամյանը մեծ հաջողություններ ունի նաև նեյրոգիտության ոլորտում, ինչի վկայությունն է վերջերս նրա գլխավորությամբ աշխատող խմբին ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից տրված R01 դրամաշնորհը, որն ամենամեծն է փորձարարական գիտությունների ոլորտում։
«Լաբորատորիան քիչ պաշտոնական միջավայր է, որտեղ կարելի է ավելի անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր ուսանողին»,- ասել է Քարամյանն ավելացնելով, որ դասախոսությունները այդ հնարավորությունը չեն ընձեռում, սակայն դրանք էլ թույլ են տալիս աշխատել մեծաթիվ ուսանողների հետ՝ առարկան ավելի տպավորիչ կերպով մատուցելով:
Քարամյանը նշել է, որ սիրում է մանկավարժական աշխատանքը գրեթե այնքան, որքան գիտահետազոտականը։ Նրա խոսքով հատկապես գոհացնող է ստանալ դրական արձագանք ուսանողից, ով օգուտ է քաղել տրված դասախոսությունից: «Կարելի է պնդել, որ դասավանդումն օգնում է ինձ և այլ հետազոտողներին պահպանել ողջամտություն»,- ընդգծել է Քարամյանը: ԵՊԲՀ շրջանավարտը կարծում է, որ դասավանդման արդյունքները հաճախ կարելի է տեսնել շատ արագ, դասախոսության կամ կիսամյակի վերջում, մինչդեռ հետազոտությունների արդյունքների բացահայտումը սովորաբար երկար ժամանակ է պահանջում և այս սպասումը գիտնականի համար կարող է լինել բավականին ծանր: «Հավասարակշռված ակադեմիական գործունեության համար լավ է ունենալ և՛ մեկը, և՛ մյուսը»,- ասել է ԵՊԲՀ շրջանավարտ Վարդան Քարամյանը: