Մասնագիտական շարունակական կրթությունը և ինքնակրթությունը յուրաքանչյուր բժշկի զարգացման և կայացման հիմքն է: Այս համոզմանն է ԵՊԲՀ շրջանավարտ Լիլիկ Գրիգորյանը, որն այժմ «Հերացի» հիվանդանոցային համալիրի Թիվ 1 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում անցնում է կլինիկական օրդինատուրա՝ ընտանեկան բժիշկ-ստոմատոլոգ դառնալու նպատակով:
«Գիտելիքների տեսակետից բժշկական համալսարանը միշտ տրամադրում է առաջնային ու հաստատուն գիտելիքներ: Եթե ուզում ես լավ բժիշկ դառնալ, ինքնակրթվելը պետք է լինի գործի կեսը: Բավարարվել միայն ուսումնական նյութերով կնշանակի, որ սովորում ես սովորելու, ոչ թե բժիշկ դառնալու համար»,- նշում է առաջին կուրսի կլինիկական օրդինատորը:
Իր շատ հասակակիցների նման ընդգծում է, որ ԵՊԲՀ-ում ձեռք բերել ոչ միայն գիտելիքներ է, այլև ստացել է հնարավորություն ձևավորել սեփական արժենքերը, պատկերացումներն աշխարհի մասին, սահմանել առաջնահերությունները:
«Իմ կարծիքով բժշկի կոչմանն արժանանալու համար նախևառաջ պետք է մարդ կոչմանն արժանանալ»,- շեշտում է Լիլիկը:
Աշխարհայացքի ու մտահորիզոնի ձևավորման գործում կարևոր ազդեցություն են ունեցել նաև հարբժշկական առարկաները, ինչպիսին է օրինակ՝ փիլիսոփայությունը: Սովորողի խոսքով՝ արժեհամակարգը ձևավորվում է նաև լսարանում, դասախոսի մատուցած նյութը լսելիս, մասնագիտական քննարկումների ու բանավեճերի ընթացքում:
«Երբ բուհ ես ընդունվում 16-17 տարեկանում, դեռ բավականաչափ կյանքի փորձ չունես, դասախոսն ամենաառաջին մարդն է, որից օրինակ ենք վերցնելու: Դասախոսող ցանկացած մարդ պետք է իմանա, որ իր վրա ահռելի պատասխանատվություն է կրում, քանի որ օրինակ է ծառայում»,- պատմում է ապագա մասնագետը:
Պատերազմի օրերին օգնել է մեր այն հայրենակիցներին, որոնք Արցախից տեղափոխվել էին Երևան:
ԵՊԲՀ մի խումբ ուսանողներով, Հասարակագիտության ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանի նախաձեռնությամբ՝ տարբեր սոցիալական նախաձեռնություններ են իրականացրել՝ ի աջակցություն արցախցի փոքրիկների:
Նման նախաձեռնություններում Լիլիկը վստահ է, որ կարևորը դիմացինին օգնելու ցանկությունն է:
Բացի մասնագիտական կատարելագործմանն ուղղված ծրագրերից՝ նա նաև ստեղծագործում է: Հեղինակում է խոհափիլիսոփայական ուղղվածության մոնոլոգներ, ընդլայնում է հոգեբանական գրականություն ընթերցելու ցանկը: Մեծ է նրա ցանկությունը քայլել ժամանակին, կյանքի արագ փոփոխվող ռիթմին համահունչ:
«Բժիշկը պետք է ճիշտ տիրապետի ոչ միայն իր մասնագիտությանը, այլ նաև լինի ներդաշնակ ու հարուստ ներաշխարհով»,- հավելում է կլինիկական օրդինատորը:
Առաջիկայում ծրագրում է նեղ մասնագիտացում ձեռք բերել օրթոպեդիկ ստոմատոլոգիայի բնագավառում ևս: Ուսումնառությունից զատ՝ հաճախում է դեղագիտական դասընթացների: