Շրջանավարտներն իրենց աշխարհասփյուռ գործունեությամբ բժշկական 100-ամյա կրթօջախի, պրոֆեսորադասախոսական կազմի համար հպարտանալու առիթներ են ստեղծում:
Տարածելով բուհում ձեռք բերած գիտելիքները և ամրապնդելով հարազատ համալսարանի հետ կապը՝ նրանց հաջողվում է նոր խոսք ասել բժշկագիտության ոլորտում:
Վահան Գրիգորյանը հյուսվածքային ինժեներիան բժշկական գիտության ամենահեռանկարային ճյուղերից է համարում և նպատակ ունի լաբորատոր պայմաններում ստանալ կենդանի հյուսվածքներ, որոնք կիրառելի կլինեն բժշկության, այդ թվում և վնասվածքաբանության մեջ։
«Դեռևս ուսանողական տարիներից միշտ համարել եմ, որ բժիշկը, բացի կլինիկական աշխատանքից, պետք է զբաղվի նաև գիտական գործունեությամբ։ Այդ ժամանակ էր, որ ներգրավվեցի ՀՀ ԳԱԱ Լ.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինտիտուտում՝ դոկտոր Զարուհի Կարաբեկյանի ղեկավարած Իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայում՝ որպես գիտնական-հյուսվածքային ինժեներ»,- ասում է բժշկական համալսարանի շրջանավարտը:
Նա մեծ հետաքրքրություն ունի նաև հյուսվածքային ինժեներիայի առաջադեմ ճյուղերից մեկի՝ եռաչափ բիոտպագրության մեջ.
«Պատահական չէ, որ որոշ ժամանակ անց ծանոթացա համախոհ երիտասարդ գիտնականների՝ Էմմանուել Ղանդիլյանի և Համլետ Խաչատրյանի հետ, որոնք նույնպես բժշկական համալսարանից էին։ Էմմանուելը, ունենալով նաև ճարտարագիտական գիտելիքներ, զբաղվում էր բիոտպիչների նախագծմամբ և դիզայնով: Համլետը, խորապես նաև մասնագիտացած լինելով քիմիայի ոլորտում, ստանձնեց բիոմատերիալների սինթեզի և մշակման աշխատանքները, իսկ ես՝ որպես հյուսվածքային ինժեներ, ստանձնեցի բիոտպագրության կենսաբանական ասպեկտներին առնչվող փորձարարական մասը։ Եվ միասին մեզ հաջողվեց հիմնադրել «Ֆոլդինկ»-ը՝ Հայաստանում առաջին ընկերությունը, որը զբաղվում է եռաչափ բիոտպագրությամբ»։
Հյուսվածքային ինժեներիան, ինչպես և գիտության այլ ոլորտները, պահանջում է բազմամասնագիտական գիտելիքներ, և այդ առումով Վահանին հաջողվել է անցնել պրակտիկա և վերապատրաստումներ Հայաստանի և արտերկրի (Վալենսիա, Մոսկվա, Սկոպյե և Դուբնա քաղաքների) առաջատար բժշկական և գիտական կենտրոններում և ամրապնդել գիտելիքների բազան՝ ոլորտին առնչվող տարբեր ասպեկտներում։
ԵՊԲՀ-ում սովորելու տարիների մասին սիրով ու ջերմությամբ է հիշում։ Բժշկական համալսարանն իրեն տվել է ոչ միայն բազմակողմանի գիտելիքներ, այլև մշտապես սովորելու ձգտում, օգնել է ձևավորել համակարգային մտածողություն, բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն, սովորեցրել մարդասիրական սկզբունքներ և կոլեգիալ սոլիդարություն։
«Համալսարանում ուսանելու տարիներին եղել եմ բավականին ակտիվ, մասնակցել եմ արտածրագրային բազմաթիվ դասընթացների, գիտական նախագծերի, ինչպես նաև զբաղվել եմ կամավորական աշխատանքով Կարմիր խաչում»,- պատմում է բուհի շրջանավարտը:
Օրթոպեդիայի և վնասվածքաբանության հանդեպ հետաքրքրությունն իր մոտ կար դեռևս վաղուց, սակայն ոլորտի հետ առաջին գործնական առնչությունը եղել է երրորդ կուրսում, երբ փոխանակային ծրագրով պրակտիկա է անցել Սերբիայի Նիշ քաղաքի կլինիկայի վնասվածքաբանական բաժանմունքում։
Դա նույնպես խթան հանդիսացավ, որպեսզի հետագայում որոշում կայացնի մասնագիտանալ հենց այս ոլորտում։
Երբ սկսվեց կորոնավիրուսային հիվանդության համավարակը, Վահանը դեռ սովորում էր կլինիկական օրդինատուրայում: Վնասվածքաբանական բաժանմունքում աշխատանքից զատ, որոշեց ներգրավվել նաև կամավորական աշխատանքի մեջ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում. մասնակցում էր հանրությանը հակահամաճարակային կանոնների իրազեկման, ինչպես նաև ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց հումանիտար օգնության բաժանման աշխատանքներին, կազմակերպում էր հայ և արտասահմանցի կամավորների համար փորձի փոխանակման առցանց սեմինարներ՝ համավարակին արձագանքման թեմայով։
2020 թվականը պատուհասեց 44-օրյա պատերազմով, որի ընթացքում ինչպես Վահանը, այնպես էլ ընկերները՝ Էմմանուելը և Համլետը, աշխատել են վիրավորների հետ տարբեր հիվանդանոցներում, բայց երբեմն նաև հերթապահում էին միասին՝ միմյանց օգնելով և գոտեպնդելով։
«Բնականաբար, որպես վնասվածքաբան, ինձ համար առաջնահերթ պատասխանատվություն ու պարտականություն էր ուժերիս առավելագույնը ներդնել պատերազմի մասնակիցների շուտափույթ ապաքինման և վերականգնման գործում»,- նկատում է բժիշկը։
Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո որոշում կայացրեց որոշ ժամանակ ներգրավվել միայն գիտական ասպարեզում։
Գործընկերների հետ շարունակում է կատարելագործել իրենց հիմնած ընկերությունը` նպատակ ունենալով զարգացնել բիոտպագրության տեխնոլոգիան և ավելի հասանելի դարձնել այն գիտնականների համար։ Միևնույն ժամանակ, սկսել է աշխատել ատենախոսության ուղղությամբ՝ որպես թեմա ընտրելով պերիֆերիկ նյարդերի հյուսվածքային ինժեներիան։ Պատերազմի օրերին, որպես հրազենային վիրավորումների բաղադրիչ, վնասվածքաբանների և վիրաբույժների պրակտիկայում շատ էին հանդիպում պերիֆերիկ նյարդերի տարածուն վնասվածքները՝ հանդիսանալով բարդագույն խնդիր հետագա վերականգնման առումով, և հենց սա էր գլխավոր պատճառը, որ ընտրեց հենց այդ թեման, որը, թեպետ իր համար փոքր-ինչ նոր է և խրթին, բայց կարևոր է և համահունչ այսօրվա իրականության մարտահրավերներին։
Ինչ վերաբերում է մասնագիտության ընտրությանը, ապա կայացրել է մտածված և կշռադատված որոշում։
Հիշեցնում է, որ բժշկությունն առաջին հերթին, մարդասիրական գործունեություն է, և հարգանքն ու հոգատարությունը պացիենտների հանդեպ առաջնահերթություն է։ Ինչպես նաև, բժշկի աշխատանքը պահանջում է անընդհատ ուսում և կատարելագործում։
«Բժիշկը պետք է կարողանա նաև կողմնորոշվել ամենասթրեսային և լարված իրադրություններում (որոնց իրապես շատ է բախվում)՝ չկորցնելով սառը դատելու ունակությունը։ Իմ խորին համոզմամբ՝ բժշկի մասնագիտությունն ամենակարևոր, ամենաբարդ, պատասխանատու և, միևնույն ժամանակ, գեղեցիկ, ոգեշնչող մասնագիտություններից մեկն է»,- ասում է համալսարանականը` հավելելով, որ այս ճանապարհին բժիշկը ստիպված է լինում բախվել շատ խոչընդոտների և դժվարությունների, սակայն անձամբ ինքը երբեք չի ափսոսացել կամ տարակուսել այս մասնագիտության ընտրության հարցում։