Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Երևանի պետական բժշկական համալսարանում մայիսի 31-ին և հունիսի 1-ին անցկացվեց «Մանկաբուժության մարտահրավերները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը, որի նպատակն էր բացահայտել ոլորտի առջև ծառացած մարտահրավերները և քննարկումների միջոցով փորձել գտնել ոլորտում առկա խնդիրների հնարավոր լուծումները:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին նշեց, որ բժշկական համալսարանի համար խիստ կարևոր է մանկաբուժության ոլորտում կրթական ծրագրերի իրականացումը: Ռեկտորն ընդգծեց, որ մանկության տարիների խնդիրներն առանցքում են, և այսօր հանրապետության առաջատար մասնագետների մասնակցությամբ հրավիրված այս քննարկման նպատակներից է կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումը: Պրոֆեսորը հանգամանալից անդրադարձավ մանկության ոլորտի ցուցանիշներին, ինչպես նաև մեր երկրում իրականացվող և ցուցանիշների բարելավմանը նպաստող երկարամյա ծրագրերին։
Մանկական մահացության ցուցանիշը վկայում է յուրաքանչյուր երկրի զարգացվածության մասին։ Նա խոսեց նաև հանրային առողջպահական, անհաս երեխաների կյանքի փրկությանն ուղղված և այլ ծրագրերի մասին։ Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ ոչ միայն մեր երկրում, այլև աշխարհում մանկաբուժության ոլորտում առկա են որոշակի խնդիրներ, որոնք պահանջում են կատարել վերլուծութուններ։ Ինչ վերաբերում է մանկաբուժական ֆակուլտետների աշխատանքին, ապա ԵՊԲՀ-ում 2004 թվականից մանկաբուժական կրթությունն իրականացվում է Ընդհանուր բժշկության կրթության շրջանակում: Պաշտոնական ցուցանիշների համաձայն, ոչ բոլոր երկրներում, որտեղ կան մանկաբուժական ֆակուլտետներ, մանկության ոլորտի ցուցանիշները բարելավված են և հակառակը։ Այսինքն ոլորտում առկա խնդիրների լուծումը հնարավոր չէ պայմանավորել միայն մանկաբուժական ֆակուլտետի բացմամբ։ Լուծման ենթակա առաջնային խնդիրներից է մարզերում, նաև մայրաքաղաքում երիտասարդ կադրերի ավելացումը: Մարզերում մանկաբույժների միջին տարիքը անցնում է հիսունը կամ վաթսունը, առկա է մինչև երեսուն տարեկան մանկաբույժների պակաս:
Ռեկտորի խոսքով՝ մանկաբուժության ոլորտի արդի խնդիրների քննարկման ու մարտահրավերի վերուծության արդյունքում պետք է մեկ ընդհանուր հանրագումարի գալ և հասկանալ թե ինչ է անհրաժեշտ ԵՊԲՀ-ին որպես բժշկական կրթության հիմնական օպերատոր, որպեսզի կատարված աշխատանքները որակական փոփոխությունների հանգեն։ Համաժողովի շրջանակում կատարված եզրակացությունները կամփոփվեն մեկ փաստաթղթում, իսկ հուլիսին կկազմակերպվեն նեղ մասնագիտական սատելիտային սիմպոզիումներ, որոնք ևս կնպաստեն լոգիստիկ և կրթական ծրագրերում փոփոխությունների կատարմանը։ Առաջարկների փաթեթները կնարկայացվեն ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության և գիտության նախարարություններ: Արմեն Մուրադյանն ամփոփելով իր խոսքը՝ ընդգծեց, որ համալսարանն ունի հստակ մոտեցում մանկաբուժության ոլորտի վերաբերյալ, իսկ թե որակական ինչպիսի փոփոխությունների պետք է գնալ, որոշելու են հենց մասնագետները։ Համաժողովին ԱՄՆ-ից մասնակցում էին նաև երիտասարդ, բայց փորձառու մասնագետներ Կարինե Աբուլյանը և Շանթ Շեքերդիմյանը, ովքեր ներկայացրին ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորություններն ու առանձնահատկությունները։ Նրանք պատասխանեցին նաև տեղի գործընկերներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի։
ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչութան պետ Կարինե Սարիբեկյանը՝ խոսելով երեխաների առողջության պահպանման ազգային ռազմավարության մասին նշեց, որ ամբողջ աշխարհում երեխաների առողջության պահպանմանը վերաբերող խնդիրները գերակա են։ ՄԱԿ-ի կառուցները բազմիցս են անդրադառնում երեխաների առողջապահական խնդիրներին, հիմնականում շեշտադրելով մայրական և մանկական մահացության իջեցմանն ուղղված աշխատանքները։ Աշխարհի տարբեր երկրներում սահամանվում են նոր հռչակագրեր, ՅՈՒՆԻՍԵՖ-ը վերլուծում է գրանցված առաջընթացը։ Չնայած հաջողություններին, համաձայն պաշտոնական վիճակագրությանը դեռևս 6 միլիոն երեխա մահանում է աշխարհում յուրաքանչյուր տարի, հետևաբար մասնագետների ու առողջապահության քաղաքականություն մշակողների անելիքները դեռ շատ են։ Կարինե Սարիբեկյանը ներկայացրեց նաև Հայաստանում վերջին տարիներին ոլորտում ներդրված հիմնական ծրագրերը, որպես օրինակ մատնանշեց այն, որ Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենք։
ՀՀ կառավարության այսօրվա նիստից անմիջապես հետո համաժողովի աշխատանքներին միացավ նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ առաջին հերթին շնորհավորելով մանուկներին Երեխաների պաշտպանության միջազգային օվա առթիվ։ Նա ողջունեց այն անվանի մասնագետներին, որոնց շարքում են նաև իր դասախոսները, ովքեր իրենց նպաստն են բերում մոր և մանկան ոլորտի բարելավմանը:
ՀՀ ԱՆ նախարարն ընդգծեց, որ շատ քիչ բան ասած կլինենք, ասելով, որ երեխաները մեր ապագան են ու երջանկությունը, նրանք նաև մեր ամենախոցելի տեղն են, ունեն մեր մշտական աջակցության ու փայփայման կարիքը։ Անդրադառնալով երեխաների առողջական հարցերին՝ Թորոսյանը շեշտեց, որ որոշ վիճակագրական տվյալներ լավատեսության հիմք են տալիս։ Առողջապահական գերատեսչության ղեկավարը հայտնեց նաև, որ ՀՀ նոր կառավարության ծրագրում մոր և մանկան ոլորտը գերակա խնդիրներից է և օրակարգում ներառված են կարևոր անելիքներ։ Արսեն Թորոսյանը մեծապես կարևորեց նաև երեխաների շրջանում տարածված հիվանդությունների վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանն ուղղված ծրագրերը։
Համաժողովի ընթացքում ելույթ ունեցան հայտնի մանկաբույժներ Հայաստանից և արտերկրից, ովքեր ներկայացրին նաև իրենց աշխատանքային գործունեության ընթացքում առաջացած դժվարությունները և դրանք հաղթահարելու միջոցները: Մասնագետները վստահ էին, որ մասնակցելով համաժողովին իրենց ներդրումն են ունենում Հայաստանում մանկաբուժության ոլորտի զարգացմանն ու «առողջ մանուկներ» տեսլականի իրագործմանը: Ներկայացնելով մանկաբուժական կրթության անցած ճանապարհը և ներկան՝ մասնագետները նպատակ են դրել համատեղ ջանքերով մշակել հետագա զարգացման ուղիները։ Ժողովրդագրական ցուցանիների բարելավումը, մանկության ոլորտի նեղ մասնագետների ավելացումն առաջիկա ծրագրերի հիմքում են լինելու։