Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ուսումնական սիմուլյացիոն կենտրոնը 7 տարեկան է

ԵՊԲՀ ուսումնական սիմուլյացիոն կենտրոնը 7 տարեկան է

Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում և 2013թ. սեպտեմբերին ԵՊԲՀ-ի և Կրթական ծրագրերի կենտրոնի միջև ստորագրված դրամաշնորհային պայմանագրի շնորհիվ սկիզբ դրվեց գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի ստեղծմանը:

2014թ. դեկտեմբերի 22-ին ԵՊԲՀ-ում հիմնադրվեց Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը, որը բուհի ուսումնական գործընթացում տեսական գիտելիքները գործնականում կիրառելու բոլորովին նոր բարձրաձող էր: Սիմուլյացիոն կենտրոնի միջոցով մեր բուհի կրթական համակարգում ներդրվել է բժշկական կրթության նոր մեթոդ՝ սիմուլյացիոն ուսուցում: Այսպիսի նորարարական կրթական մեթոդի ներմուծումը բժշկական կրթության թե՛ բուհական, թե՛ հետբուհական, ինչպես նաև շարունակական կրթության փուլերում թույլ է տալիս զարգացնել ուսանողների գործնական հմտությունները և նվազագույնի հասցնել բժշկական սխալների թիվը մասնագիտական գործունեության ընթացքում:

Սիմուլյացիոն կենտրոնը ներառում է չորս հիմնական կլինիկական ուղղություններ` վերակենդանացում, վիրաբուժություն, մանկաբարձություն և գինեկոլոգիա: Միքայելյան համալսարանական հիիվանդանոցում տեղակայված կենտրոնի սրահները համալրված են համապատասխան մուլյաժներով, շարժասարքերով և կրթական ծրագրեր պարունակող համակարգիչներով:

Սիմուլիացիոն կենտրոնը վերակենդանացման, ինտենսիվ թերապիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի, վիրաբուժության, ընդհանուր կլինիկական հմտությունների ուղղությամբ մասնագիտական կարողությունների ձևավորման համար նորագույն բժշկական սիմուլյացիոն կրթական համալիր է, որը ներառում է հատուկ ծրագրային ապահովմամբ համակարգչայնացված ռոբոտներ, համակարգչային և հարակից տեխնիկա, համապատասխան կահույք, ինչպես նաև սիմուլյացիոն բժշկական կրթությանը վերաբերող մասնագիտական գրականություն: Պատահական չէ, որ կենտրոնը որդեգրել է «Սովորեցնելով սովորում են» կարգախոսը: Բժշկական այս նոր ուղղությունը հնարավորություն է տալիս բարձր կուրսերի ուսանողներին, կլինիկական օրդինատորներին առաջին կուրսեցիներին փոխանցել իրենց արդեն ստացած գիտելիքները, ինչպես նաև դասախոսել: Կենտրոնում կիրառվում են ուսանողների գործնական հմտությունները ստուգելու քննական նորարար մեխանիզմներ: Տարիների ընթացքում այն սիրվեց ապագա բժիշկների, ինչպես նաև արդեն կայացած մասնագետների կողմից:

Նշենք, որ սիմուլյացիոն կենտրոնի աշխատակիցները վերապատրաստվել են արտերկրի հեղինակավոր ուսումնական կենտրոններում: Առաջատար փորձի ներդրման և բարեփոխումների լավագույն արդյունքն ապահովելու նպատակով ԵՊԲՀ-ի սիմուլյացիոն կենտրոնի և կլինիկական ամբիոնների դասախոսների, օրդինատորների համար ևս պարբերաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ միջազգային ճանաչում ունեցող փորձագետների կողմից, կազմակերպում են մասնագետների փոխայցեր, ուսումնական վարժանքներ:

Առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու թեմայով վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվում նաև բժիշկների և բուժքույրերի համար: Շնորհավորում ենք ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի ողջ անձնակազմին` մաղթելով նոր ձեռքբերումներ և հաջողություններ, համագործակցության ընդլայնում: