Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Երազանքի աշխատանքը երևակայություն չէ»․ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Կարինե Սարգսյանի TEDx ելույթը

«Երազանքի աշխատանքը երևակայություն չէ»․ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Կարինե Սարգսյանի TEDx ելույթը

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, ARICE ծրագրի առաջատար փորձագետ,  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ, ԱՄՆ Կալիֆոռնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն, Ավստրիայի Գրացի համալսարանի բիոբանկի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Կարինե Սարգսյանի հերթական TEDx ելույթը կրում էր «Դարձե՛ք աշխարհին անհրաժեշտ տարբերությունը» (“Be the Difference”) խորագիրը։

Իր խոսքում պրոֆեսորն ընդգծում է մեծ երազանքներ ունենալու, փոփոխությունների համար բաց լինելու կարևորությունը, ինչպես նաև բարի և զուսպ լինելու անհրաժեշտությունը:

Կարինե Սարգսյանը ներկայացնում է իր անցած մասնագիտական ուղին՝ սննդաբանից և մանկաբույժից մինչև գիտնական, բիոբանկավորման մասնագետից մինչև ֆուտուրոլոգ: «Կառավարելով բիոբանկերը՝ ես սկսեցի կառավարել գիտական և հետազոտական ենթակառուցվածքները և դարձա հետազոտության մենեջեր՝ ակտիվացնելով էթիկապես ապացուցված կենսաբժշկական հետազոտությունները հօգուտ աշխարհի բնակչության: Մարդկությանն աջակցելու համար ես սկսեցի կիրառել թվայնացումը, արհեստական ինտելեկտը (AI), մեքենայական ուսուցումը և որոշակի պահից սկսած՝ աշխատում էի՝ որպես ֆուտուրոլոգ: Շատ հաճախ ինձ հարցնում են. «Ինչո՞ւ ես այդքան շատ բան անում»: Տարբեր ոլորտներում զուգահեռաբար աշխատելն ավելի լայն է բացում աչքերն ու միտքը, օրինակ՝ առաջին բիոբանկում մեր ներդրած ծրագիրը թանգարանային էր, բայց այն հիանալիորեն աշխատեց», – պատմում է նա:

Պրոֆեսոր Սարգսյանը վստահեցնում է՝ այս կամ այն ոլորտից փոխառված գաղափարներն ավելի հարուստ և հեշտ են դարձնում ընդհանուր գործընթացը։

«Բայց սա վերջը չէ, վստահ եմ, որ նոր գաղափարներ կունենամ, կաշխատեմ և սովորելու տարբեր հնարավորություններ կունենամ։ Չնայած՝ քաոսային է թվում, բայց ես ունեմ իմ կենտրոնացումը՝ ունենալ և ստեղծել ավելի լավ կյանք Երկիր մոլորակի վրա, և այն ամենով, ինչ անում եմ, ես փորձում եմ կյանքն ավելի լավը դարձնել: Ահա իմ անձնական, շատ կոնկրետ բանաձևը երջանիկ մասնագիտական կյանքի համար.

  • Երազանքներ (մեծ),
  • Տեսլական,
  • Ձգտում,
  • Առաքելություն,
  • Կրթություն,
  • Հետազոտություն,
  • Փոփոխություն։

Երազանքի աշխատանքը երևակայություն չէ: Այն իրագործման սպասող հնարավորություն է», – շեշտում է ԵՊԲՀ պատվավոր դոկտորը։

Կարինե Սարգսյանի խորհուրդն է.

«Երբեք մի՛ վտանգեք ձեր ընտրության ազատությունը:

  • Ամեն օր սովորե՛ք և կարդացե՛ք այնքան շատ, որքան կարող եք:
  • Բաց եղե՛ք փոփոխությունների համար: Եթե դու բաց ես փոփոխությունների համար, դու ոչ ոքի թույլ չես տա սահմանափակել քեզ և նույնը չես անի նաև ինքդ քո հանդեպ:
  • Եվ, ամենակարևորը, եղե՛ք բարի ու զուսպ:

Դարձե՛ք աշխարհին անհրաժեշտ տարբերությունը: Ձեր երեխաներին մի՛ հարցրեք, թե նրանք ինչ մասնագետ են ուզում դառնալ, այլ հարցրե՛ք, թե աշխարհում ինչ խնդիր են ուզում լուծել»։

Նշենք նաև, որ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Կարինե Սարգսյանի համահեղինակած գիրքը՝ “Future Intelligence: the World in 2050 – Enabling Governments, Innovators, and Businesses to Create a Better Future” վերնագրով, արդեն կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։ Գրքում արծարծվող թեմաներից ապագայի բժշկութունը և ապագայի գիտությունը կարևորություն են ներկայացնում բժշկական բուհի ARICE ծրագրի համար։ Գիրքը Springer Nature-Business հրատարակչության նախավաճառքի Bestseller է՝ չնայած նրան, որ էլեկտրոնային տարբերակը կարելի է անմիջականորեն ու անվճար ներբեռնել։