Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երբ աշխատանքը շատ հետաքրքիր է և ուժ է տալիս. Թոմ Քաթինան բժշկական համալսարանում հանդիպեց ապագա բժիշկներին

Երբ աշխատանքը շատ հետաքրքիր է և ուժ է տալիս. Թոմ Քաթինան բժշկական համալսարանում հանդիպեց ապագա բժիշկներին

«Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր անցկացված բաց դասախոսության ընթացքում ապագա բժիշկներին ներկայացրեց Սուդանի պատերազմական Նուբա լեռներում աշխատելու իր փորձառությունը:

Տարիներ շարունակ բժիշկն աշխատում է «Գթության մայր» հիվանդանոցում: Թոմ Քաթինան միակ վիրաբույժն է 750 հազար բնակիչ ունեցող մի տարածաշրջանում, որն իր չափերով հավասար է Ավստրիային։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ ապագա բժիշկների համար բարեկեցիկ կյանքը թողած և Սուդանի Նուբա լեռներում օրական 20 վիրահատություն կատարող Թոմ Քաթինայի օրինակն առավել քան ուսուցողական է: «Բժշկությունն առհասարակ ամենամարդասիրական մասնագիտությունն է, առաքելություն, որն առաջին հերթին ենթադրում է բարձր պատասխանատվություն և նախաձեռնողականություն: «Ավրորա» մրցանակի հավակնորդն իսկապես բացառիկ մարդասիրական գործունեություն է իրականացնում՝ պատասխանատվություն կրելով հազարավոր մարդկանց բժշկական օգնության համար»,- ընդգծեց ռեկտորը՝ հայտնելով, որ իր կատարած մարդասիրական գործունեության համար ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Թոմ Քաթինան այսուհետև կհամալրի բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը:

«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի 25-30 տարի առաջ: Եթե դուք հետաքրքրված եք այս գործով, դուք էլ կարող եք անել այն: Յուրաքանչյուր մարդ կարող է այս գործով զբաղվել. ընդամենը կամքի և ցանկության հարց է: Այս աշխատանքը շատ հետաքրքիր է և ուժ է տալիս»,- հանդիպման սկզբում ասաց Քաթինան:

Նշենք, որ «Ավրորա» մրցանակի հավակնորդը միայն խիստ անհրաժեշտության դեպքում է թողնում Նուբայի լեռները: Նուբայի բնակիչները, սակայն, անօգնական չեն մնացել: Երեք հայ բժիշկներ մեկնել են Նուբայի լեռներ՝ ժամանակավորապես փոխարինելու բժիշկ Թոմ Քաթինային և շարունակելու նրա մարդասիրական առաքելությունը, որի շնորհիվ բազմաթիվ մարդիկ են փրկվել: Գնդապետ Գևորգ Ոսկանյանը, մայոր Հայկ Հովհաննիսյանը և գինեկոլոգ Արմինե Բարխուդարյանը, ովքեր տարիներ շարունակ ծառայում են խաղաղությանը, ոչ մի րոպե չեն վարանել, երբ իմացել են, որ իրենց կարիքը կա՝ թեկուզ աշխարհից կտրված մի վայրում: Նուբայի լեռներ մեկնած բժիշկների մասին ցուցադրվեց փոքրիկ ֆիլմ: Ամերիկացի բժիշկը պատասխանեց ուսանողների հարցերին:

Դասախոսությունից անմիջապես հետո նա այցելեց ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վերականգնողական բուժում ստացող զինվորներին: Մրցանակի հավակնորդը զրուցեց տղաների հետ, նաև ծանոթացավ Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնի հնարավորություններին:

Լրագրողների հետ զրույցում բժիշկը նշեց, որ նախքան Հայաստան գալը մեր երկրի մասին տեղեկություն ուներ ԱՄՆ-ում բնակվող և աշխատող հայազգի ներկայացուցիչների շնորհիվ: Հավելեց, որ տպավորված է ջերմ մթնոլորտով, որը նրան ստիպում է զգալ ինչպես տանը: