Պատմական տարբեր ժամանակներում բժիշկների մասնագիտական աջակցությունը բնակչությանը տրամադրվել է ելնելով անհրաժեշտությունից և հրատապությունից, իրավիճակից:
Արցախյան վերջին պատերազմի և հետպատերազմյան օրերին «սպիտակ բանակի» գործուն աջակցությունը արտահայտվեց նաև հոգեկան առողջության ոլորտի մասնագետների ահռելի աշխատանքով, որը շարունակվում է առ այսօր:
Նրանցից շատերն ապագա բժիշկներ են, որոնք վերականգնելով առողջությունը վերականգնում են նաև սովորելու, նորից մոտիվացվելու ձգտումը:
Վիրավորներին հոգեբանական օգնություն տրամադրելուն ջանքերն ուղղեց նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի թիմը:
Պատահական չէ, որ ամբիոնը մարտական գործողությունների ընթացքում Զինված ուժերում հոգեբանական աշխատանքի ապահովման գործընթացքում ցուցաբերած աջակցության համար 2021 թվականին արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրի:
Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ մեզ համար պատերազմը համընդհանուր աղետ էր, վերաբերում էր ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլև սփյուռքի հայությանը:
Վիրավորներին տրամադրվել է հոգեբանական աջակցություն, ինչպես համալսարանական հիվանդանոցներում, այնպես էլ հանրապետության մյուս բժշկական կազմակերպություններում:
Ամբիոնի աշխատակիցները աշխատել են նաև վիրավոր զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հետ և նույնպես արժանացել շնորհակալագրերի:
«Պատերազմը ավարտվել է, սակայն անհետ կորածի կամ զոհվածի ընտանիքի համար այն դեռ շարունակվում է: Գիտական գնահատականներով այս դեպքերում վիշտը և սգալու ընթացքը կարող է տևել մինչև 7 տարի, հետևաբար առնվազն 8-10 տարի մեր ազգաբնակչությունը,այդ թվում նաև պատերազմի վերապրողները կարող են կարիք ունենալ հոգեբանական աջակցության»,- ընդգծում է ամբիոնի ղեկավարը:
Պատերազմի 3-րդ օրվանից սկսած մինչև 2020թ. դեկտեմբերի վերջը ամբիոնի թիմը՝ դոցենտներ Գայանե Ղազարյանը, Քրիստինե Ավետսիյանը, Սոնա Հարությունյանը, դասախոսներ Նունե Վարդանյանը, Անահիտ Տեր-Ստեփանյանը, Տաթևիկ Առաքելյանը, Նաիրա Ազատյանը, Մադլեն Առաքելյանը և Անի Եղիազարյանը ամբիոնի վարիչի ղեկավարությամբ աշխատել են համալսարանական 3 հիվանդանոցում, կենտրոնական կայազորայային և Կանազի հոսպիտալներում, «Սլավմեդ», Աբովյանի բժշկական կենտրոններում: Ամբիոնի վարիչի կողմից սուպերվիզիա է իրականացվել ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորային հոսպիտալին կից հետսթերսային հոգեվերականգնողական բաժանմունք ՝Դիլիջանի Լեռնային Հայաստան առողջարանում ծավալված հետտրավմային վերականգնողական կենտրոնում աշխատող 6 հոգեբանի համար, որտեղ աշխատում էին ամբիոնի դասախոս Մադլենա Առաքելյանը և ասպիրանտ Լիանա Թերզյանը:
Նշենք, որ ամբիոնի թիմի կողմից 2021 թվականի մայիսից օգոստոս ամիսներին իրականացվել է հոգեբանական օգնություն Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներում ապրող Արցախից տեղահանված 408 անձանց հետ, պատերազմական գործողություններից տուժած հազարավոր ընտանիքների և զինծառայողների հետ:
Ամբիոնի վերահաստատված գիտական թեման վերաբերում է հետտրավմային աճին: Աշխարհում կան բազմաթիվ գիտական հետազոտություններ տրավմային սթրեսի վերաբերյալ, սակայն ավելի սակավ են հոգեբանական տրավմայից հետո անձնային աճին, տեղի ունեցածից դասեր քաղելուն, կյանքի նոր ուղի մեկնարկելու և վերաիմաստավորման ուղղությամբ կատարված գիտական ուսումնասիրությունները: Ցանկացած կորուստ ստիպում է վերագնահատել արժեքները և նոր էջ բացել կյանքի ճանապարհին, իհարկե, հայացքը ուղղելով առաջ և Ձեր հետ ապագա տանելով կորստի պատճառով ձեռք բերած դասերը:
Ամբիոնը նախատեսում է իրականացնել հետտրավմային աճի բացահայտմանն ուղղված գիտական ուսումնասիրություններ՝ պատերազմին մասնակցած ուսանողներին ներգրավելով հետազոտական աշխատանքի մեջ: