Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երևանը լավ կրթություն և ընկերներ է տվել հնդիկ ապագա բժշկին

Երևանը լավ կրթություն և  ընկերներ է տվել հնդիկ ապագա բժշկին

Ապագա վիրաբույժ և ռազմական բժիշկ Աակաշ Պաննուն սովորում է բժշկական բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսում։

Ծնվել է Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի մոտակայքում գտնվող Ռոհտակ քաղաքում։

«Ես արկածախնդիր մարդ եմ, հեշտությամբ եմ կապվում նոր մարդկանց հետ: Ժամանակի առումով այդքան էլ կազմակերպված չեմ, բայց բավականին հետևողական եմ ակադեմիական կրթության տեսանկյունից», – ասում է ուսանողը: Աակաշն ունի մի շարք հետաքրքիր սովորություններ, ինչպիսիք են գիրք կարդալը, էսքիզները, քայլարշավները, չմուշկներով սահելը, ձկնորսությունը:

«Նաև հեծանվորդ եմ և վերջերս ավարտին հասցրի մոտ 500 կմ երկարությամբ հեծանվային ճանապարհորդությունս հյուսիսային Հայաստանով՝ ընդգրկելով 6 քաղաք», – պատմում է նա:

Հնդիկ ուսանողը որոշեց բժիշկ դառնալ, երբ 15 տարեկան էր։ «Մեծապես հետաքրքրված էի մարմնի ֆունկցիաների կենսաբանությամբ և մարդկանց օգտակար լինելու մեծ ցանկություն ունեի: Երբ պապիկս առաջարկեց ինձ այս ազնիվ մասնագիտությունը, սկզբում մի փոքր վախենում էի, բայց հիմա դա ինձ համար երազանք է դարձել։ Չէի ցանկանա որևէ բան փոխել իմ կյանքում», – վստահեցնում է Աակաշը:

Հայաստանին օտարերկրացի ուսանողը ծանոթ էր նորությունների և պատմավավերագրական ֆիլմերի շնորհիվ։

«Բժշկական համալսարանի մասին իմացա ընկերոջս միջոցով, որն ավարտել էր բուհը երեք տարի առաջ։ Այնուհետև ինքս կատարեցի որոշակի հետազոտություն և, հաշվի առնելով հաստատության հարուստ ժառանգությունը, որոշեցի դիմել՝ բարձրագույն կրթություն ստանալու համար», – ասում է Աակաշը։

ԵՊԲՀ կրթության որակը, նրա համոզմամբ, չի զիջում աշխարհի այլ հեղինակավոր բուհին։ «Մանկության ընկերներս սովորում են աշխարհի տարբեր երկրներում, երբեմն նստում և խոսում ենք․ Բժշկականը միշտ լավագույնն է լինում, և ես հպարտորեն կարող եմ ասել՝ այո, գոհ եմ իմ կրթությունից», – ընդգծում է հնդիկ ուսանողը։ 

Հայաստանը, նրա կարծիքով, գեղեցիկ վայր է ապրելու համար, իսկ հայ ժողովուրդը շատ հյուրընկալ է։ «Երևանն ինձ շատ բան սովորեցրեց և դարձրեց ինքնուրույն մարդ։ Երևանն ինձ նաև հիանալի ընկերներ տվեց։ Կցանկանայի մնալ և աշխատել Հայաստանում, բայց քանի որ ամբողջ ընտանիքս Հնդկաստանում է, բացի դրանից, բանակում՝ որպես բժիշկ, ծառայելու ծրագրեր ունեմ, պետք է վերադառնամ հայրենիք», – ասում է Աակաշը։

Նրա կարծիքով՝ լավ բժշկի համար պետք է կարևորվի պացիենտը, անկախ նրա ազգությունից, կրոնից, էթնիկ կամ լեզվական պատկանելությունից:

«Լավ բժիշկը պետք է ունենա բացառիկ պարզություն և հանգիստ բնավորություն», – եզրափակում է Աակաշ Պաննուն։

  

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան