Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը։
«Երևանյան մաշկաբանական ընթերցումներ» խորագիրը կրող միջազգային հանդիպումը կազմակերպվել էր պրոֆեսոր Հ․Ա․ Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի (ասոցիացիայի նախագահ՝ բ․գ․դ․, պորֆեսոր Խ․Մ․ Խաչիկյան), ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի (ամբիոնի վարիչ՝ բ․գ․դ․, պորֆեսոր Խ․Մ․ Խաչիկյան) և Մաշկաբանների հայկական ասոցիացիայի (ասոցիացիայի նախագահ՝ Հ․Ա․ Հովհաննիսյան) կողմից՝ հանդիսանալով այս ոլորտում անցկացվող տասնմեկերորդ գիտագործնական միջոցառումը։
Հանդիպման մասնակիցներին ողջունեց գիտաժողովի պատվավոր նախագահ, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Մեզ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև առաքելություն լինել վերջին 100 տարվա ընթացքում բժշկագիտական համայնքում ձևավորված ավանդույթների կերտողն ու պահապանը, լինել Հայաստանի բժշկագիտական համայնքի, «Սպիտակ բանակի» հիմնադիրը, որը զանազան փորձությունների ժամանակ ամուր կանգնեց՝ ի պաշտպանություն իր ժողովրդի», – ընդգծեց բուհի ղեկավարը։
Նրա խոսքով՝ բժշկագիտության զարգացումը բժշկական համալսարանի և բոլոր համալսարանական բժշկական հաստատությունների պատերի ներքո թույլ է տվել այսօր Հայաստանում խոսել զարգացած և միջազգային չափանիշներին համապատասխան բժշկության մասին։ «Վստահ եմ, որ այսօրվա միջոցառումը թույլ կտա նախանշել մաշկաբանության ոլորտի նոր ուղղություններ», – եզրափակեց Արմեն Մուրադյանը՝ հիշատակելով ոլորտի հիմնադիրներին և միջոցառման մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք։
ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հ․Ա․ Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի նախագահ Խաչիկ Խաչիկյանը վստահեցրեց, որ գիտաժողովի անցկացումը կնպաստի Հայաստանի, Ռուսաստանի և Լատվիայի միջև մաշկաբանության ոլորտում համագործակցության զարգացմանը։ «Հուսով եմ, որ գիտաժողովի արդյունքները զգալի ներդրում կլինեն մաշկավեներաբանության և դերմատոսկոպիայի ոլորտներում։ Դա հայ մասնագետներին հնարավորություն կտա ինտեգրվել միջազգային բժշկական համայնքին», – հավելեց նա։
Խաչիկ Խաչիկյանը ներկայացրեց Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի պատմության հիմնական հանգրվանները և կայացման փուլերը։
Գիտաժողովի ընթացքում մաշկավեներաբանության հիմնախնդիրները ներկայացնելիս և դրանց զարգացման հեռանկարները նախանշելիս առանձնահատուկ ուշադրության արժանացան դերմատոսկոպիայի և դերմատոօնկոլոգիայի ոլորտները։
Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի վարիչ, համալսարանական կլինիկայի մաշկի ուռուցքների ախտորոշման և բուժման գիտագործնական կենտրոնի ղեկավար Իռենա Շլիվկոն տեսակամրջի միջոցով միացավ միջոցառման մասնակիցներին և ներկայացրեց «Վարդագույնը դերմատոսկոպիայում» խորագրով զեկույցը։
Մասնագիտական զեկույցներով հանդես եկան նաև Պրիվոլժիեի հետազոտական բժշկական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի դոցենտ, համալսարանական կլինիկայի մաշկի ուռուցքների ախտորոշման և բուժման գիտագործնական կենտրոնի աշխատակից Օքսաննա Գառանինան «Մելանոմա-Յունիտ-Մոսկվա» իսրայելական գիտական բժշկական կենտրոնի կլինիկական-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ, գլխավոր ուռուցքաբան, Մելանոմայի հիմնախնդիրներով մասնագետների ասոցիացիայի կառավարչության անդամ Իգոր Սինելնիկովը, NEO-Clinic հիվանդանոցի ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, Տյումենի պետական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության ամբիոնի դերմատոսկոպիայի հիմունքներով դերմատոօնկոլոգիայի դասընթացի ղեկավար, Դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսաստանյան ընկերակցության փորձագիտական խմբի անդամ Ալեքսեյ Գետմանը, ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ, պրոֆեսոր Հ․Ա․ Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի պատվավոր անդամ Միխայիլ Ուստինովը, ՌԴ նախագահի գործերի կառավարման կենտրոնական բժշկական ակադեմիայի մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի դեցենտ, Մ․Վ․ Լոմոնոսովի անվան ՄՊՀ-ի ԲԳԿ բժիշկ-դերմատովեներոլոգ, Դերմատոսկոպիայի միջազգային ընկերակցության կառավարչության անդամ Աննա Միչենկոն, կանխարգելիչ դերմատոօնկոլոգիայի և դերմատոսկոպիայի մագիստր, Լատվիական համալսարանի ռեզիդենտուրայի ծրագրի տնօրեն, Դերմատոսկոպիայի միջազգային ընկերակցության գործադիր կոմիտեի անդամ Ռայմոնդ Կառլսը։