Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երիտասարդ և փորձառու դասախոսը վստահ է՝ լսարանում իշխանության կռիվ չպետք է լինի

Երիտասարդ և փորձառու դասախոսը վստահ է՝ լսարանում իշխանության կռիվ չպետք է լինի

Բժշկի աշխատանքը մասնագիտական գիտելիքներից զատ պահանջում է նաև զարգացվածության որոշակի մակարդակ։ Բժիկը բոլոր ժամանակներում համարվել է նաև բարեկրթության խորհրդանիշ։ Պահանջված այս մասնագիտության դարբնոցում ապագա բժիկների ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև վերլուծական միտքը զարգացնելու, հետաքրքրությունների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ բազմակողմանի աշխատանքեր նույնպես տարվում են։ Սովորողների հասարակական ակտիվությունը խթանելը՝ ԵՊԲՀ հասարակագիտության ամբիոնի դասախոս, կրթության որակի ապահովման և զարգացման մասնագետ Հայարփի Սահակյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում է։ Երիտասարդ, բայց փորձառու դասախոսը ԵՊՀ շրջանավարտ է, վերապատրաստումներ է անցել Իտալիայում, Լեհաստանում և Ուկրաինայում։ Նա ապագա բժիշկներին հայերենով և անգլերենով դասավանդում է փիլիսոփայություն և բիոէթիկա։ Իր ուսանողներին արտալսարանային բազմաբնույթ միջոցառումներում ներգրավելն արդեն տարիների պատմություն ունի, իսկ վերջին ուսումնական տարում ուսանողակենտրոն նախաձեռնությունները ստացել եմ նոր շունչ։

«2015 թվականից հասարակական նախաձեռնությունները պարբերական բնույթ էին կրում, մինչ այդ, մոտ երեք տարի հարմարվում էի աշխատանքի բնույթին ու բարդություններին։ Փորձում էի հասկանալ ուսանողներին, ու ամենակարևորը ինձ հասկացնել, որ մեր տեսլականներն ուսումնառության գործընթացում շատ տարբեր են, ինչը սակայն չի նշանակում, թե մեկը լավն է, մյուսը՝ վատ: Բայց պիտի ազնվորեն նշեմ, որ սկզբում դժվար էր գիտակցել այս ամենը, հատկապես, որ ես դեռ ուսանողի նստարանին էի»,- անկեղծանում է Հայարփի Սահակյանը։ Հետագայում, երբ դասաժամն օգտագործում էր բացառապես թեմաները քննարկելու, գրքեր կարդալու և վերլուծելու համար, իր կարծիքով ավելի հետաքրքիր դարձավ ուսանողների համար, ինչպես նաև իր՝ երիտասարդ դասախոսի համար։

«Սկզբում, երբ նոր էի սկսել դասախոսական աշխատանքը, երբեմն լսարան պահելու հարց էր առաջ գալիս։ Երիտասարդ էի, գուցե երբեմն լուրջ չէին վերաբերվում, սակայն հետո կոտրվեցին կարծրատիպերը, և երկկողմանի սկսեցին առավել արդյունավետ ու հետաքրքիր դարձնել դասերը։ Ասում են՝ ես խիստ դասախոս եմ, անկեղծ, չեմ կարող ասել, իրենք ավելի ռեալ են դատում: Ուսանողները շատ հետաքրքիր են, հավասար ու ոչ լարված մթնոլորտ կա լսարանում, լսարանում իշխանության կռիվ չպետք է լինի»,- վստահեցնում է Հասարակագիտության ամբիոնի դասախոսը։

Հենց իրենք՝ ապագա բժիշկները դրդեցին սովորողների հետ գրեթե հասակակից դասավանդողին արտալսարանային ակտիվություն դրսևորել։

«Զգացել էի իրենց մեջ այդ պահանջը։ Ես էլ, բնականաբար անսացի ու այդ պահին դա կարծես այն էր, ինչ ուզում էի»,- շեշտում է նա՝ հավելելով, որ սիրում է իր աշխատանքը և ուսանողների շնորհիվ և իհարկե նրանց իսկ օգուտի համար ինքն իրեն խոստացել է, որ երբ զգա, որ իրենց այլևս փոխանցելու ոչինչ չունի, ապարդյուն են ջանքերը, որքան էլ բարդ լինի, կթողնի այս աշխատանքը։

Հայարփին մեծ ոգևորությամբ է պատմում հասարակական իր նախաձեռնությունների մասին, խնամքով պահպանում ուսանողների հետ տարբեր տարիներին արված համատեղ լուսանկարները, անգամ Իրանից ու Հնդկաստանից ժամանած ուսանողների ծնողների շնորհակալական նամակները։

Պատմում է, որ առաջին քննարկումները նա սկսել էր իր գործընկերուհու, նույն ամբիոնի դասախոս Ռոզա Նեմիշալյանի հետ։ Փիլիսոփայության և բիոէթիկայի դասախոսները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ֆիլմ-հոլովակ էին նկարահանել՝ «Չհնչած հարցի 24 պատասխանները» խորագրով: Ֆիլմ-հոլովակը 24 րոպե էր տևում, որի ընթացքում 24 հայտնի պատմաբաններ, երաժիշտներ, մարզիկներ ու քաղաքական գործիչներ պատասխանում են հետևյալ հարցին՝ ի՞նչ փաստարկ կբերեիք, որ Հայոց ցեղասպանությունը ժխտողներն ընդունեին այն:

Այս ուսումնական կիսամյակում, ինչպես և նախորդ տարի ծրագրվում է գրքերի և ֆիլմերի քննարկումներ, տարատեսակ այդ թվում մարզային այցելություններ կազմակերպել։ Կշարունակվի նաև «Իմ տեսանկյունից» խորագրով ինտերակտիվ հանդիպումների շարքը, որը ևս մեծ արձագանք ստացավ ուսանողների շրջանում։ Ընտրվող թեմաները վերաբերում են ոչ միայն բժշկագիտությանը, այլև ժամանակակից երիտասարդներին հետաքրքրող ամենատարբեր հարցերի։ Ուսանողները նախապես ընտրված թեմայի շուրջ ներկայացնում էին իրենց պատկերացումները, փաստարկում են, մեկնաբանում, միմյանց հարցեր ուղղում։ Դասախոսի գերնպատակն է, ոչ մի դեպքում չխոչընդոտել սովորողների սեփական կարծիքը արտահայտելու հնարավորությանը, այլ հակառակը խրախուսել նրանց վերլուծական կարողությունների զարգացումը։

Ամփոփելով զրույցը՝ Հայարփին ընդգծում է, որ ուսանողներն իրեն շատ բան են սովորեցրել, թե կյանքի, թե գիտելիքների առումով: Պատահական չէ, որ ուսանողների համար նա «Ֆեյսբուքում» «Ճանապարհ դեպի փիլիսոփայություն» անվանմամբ խումբ է ստեղծել՝ խրախուսելով հետազոտական ակտիվությունը նաև վիրտուալ տիրույթում։

 

Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը