ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ-ի և Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված Երկրորդ միջազգային մաշկավեներաբանական գիտագործնական համաժողովին Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Էստոնիայից առաջատար մասնագետները զեկույցներ ներկայացրին:
Համաժողովի սկիզբն ազդարարեց ՀՀ ԱՆ Մաշկաբանության և ՍՎ ԲԳԿ տնօրեն, կոնֆերանսի նախագահ դոցենտ Միքայել Սահակյանը:
Մասնակիցներին ողջունեց Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Մկրտիչյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը:
Պրոռեկտորը, ողջունելով մասնակիցներին, կարևորեց մասնագիտական համաժողովների կրթական բաղկացուցիչը: Նրա խոսքով՝ հատկապես երիտասարդների համար նման միջոցառումների անցկացումը նոր գիտելիքներ ստանալու լավ հնարավորություն է:
Քննարկվեցին տարաբնույթ մասնագիտական թեմաներ: Պրոֆ. Գոմբերգը Ռուսաստանի Դաշնությունից ներկայացրեց Lege Artis պատրաստված դասախոսություն՝ սեռավարակների ազդեցությունը գեղանկարչության վրա: Թեման չափազանց հետաքրքիր էր, առաջացրեց բազմաթիվ հարցեր և քննարկումներ: Սեռավարակների դեմ պայքարի միջազգային միության եվրոպական մասնաճյուղի ղեկավար պրոֆ. Այրի Պոդերը կիսվեց իրենց կազմակերպության կողմից նախատեսվող միջոցառումների վերջաբերյալ տեղեկություններով, ինչպես նաև արժեքավոր խորհուրդներ տվեց Հայաստանում մաշկավեներաբանության բնագավառում գործող հասարակական կազմակերպությունների աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար: Մաշկաբանների համար նորություն էր նաև մաշկի ուլտրաձայնային հետազոտման մասնագետ, բ.գ.թ. Ե. Պրիվալովայի երկու զեկույցները, որտեղ ներկայացվում է մաշկի ուլտրաձայնային հետազոտությունների դերը և նշանակությունը մաշկաբանության մեջ, կիրառությունը տարբեր իրավիճակներում: Վրացի գործընկերներ պրոֆ. Գալդավայի և պրոֆ. Կվլիվիձեյի կողմից նույնպես ներկայացվեցին բժշկագիտության նորություններով հագեցած հետաքրիր և գործնական մեծ նշանակություն ունեցող դասախոսություններ: Ուկրաինայի գլխավոր մաշկավեներաբան պրոֆ. Ա.Լիտուսի դասախոսությունը նվիրված էր աղետների ժամանակ մաշկաբանի գործունեությանը և հիմնական շեշտը դրված էր մաշկային հիվանդությունների վաղ հայտնաբերման և տեսակավորման կարևորության վրա: Միջոցառման վերջին հատվածում ելույթ ունեցան մաշկավեներաբաններ Հայաստանից: Ներկայացվեցին մի շարք կարևոր թեմաներ, բժշկագիտության նորություններ թե՛ մաշկաբանության, թե՛ սեռավարակաբանության, թե՛ ալերգոլոգիայի վերաբերյալ: Առաջարկվեցին մի շարք հիվանդությունների վարման նոր մոտեցումներ:
Իսկ հաջորդ օրվա միջոցառումը նվիրված էր մաշկի նորագոյացությունների դերմատոսկոպիկ ախտորոշման հիմունքներին, որը ներկայացնում էր ՌԴ պրոֆ. Գետմանը: Դասախոսությունն ընդհատվում էր կլինիկական դեպքերի քննարկումով, ինչն ամրապնդում էր ստացած գիտելիքները: Իսկ միջոցառման երկրորդ մասում կատարվեց պացիենտների զննում և մասնակիցները հնարավորություն ունեցան ձեռք բերել նաև գործնական հմտություններ: Մասնակիցները բարձր գնահատեցին դասախոսության որակը և նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել նմանատիպ միջոցառումներ կազմակերպել: