Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երկու տասնամյակ անց՝ հարազատ համալսարանում

Երկու տասնամյակ անց՝ հարազատ համալսարանում

Կրկին ուսանողական նստարանին, կրկին հարազատ բուհում, բայց ոչ թե ապագա բժշկի, այլ 20 տարվա շրջանավարտի կարգավիճակում:

Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ լսարանում հրավիրված միջոցառումը նվիրված էր բժշկական համալասարանի՝ 2003 թվականի շրջանավարտների՝ բուհն ավարտելու 20 տարվա հոբելյանին: Երկու տասնամյակ անց նախկին ուսանողներն արդեն վաղուց կայացած բժիշկներ են, բայց հենց այս կրթօջախն է դարձել հաջողությունները խորհրդանշող մեկնակետը և ուսանողական լավ հիշողությունների վկան:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, շնորհավորելով և ողջունելով ներկաներին, նշեց, որ համալսարանում ավարտելու հոբելյանները նշելը գեղեցիկ ավանդույթ է, որն ամրացնում է կապը սերունդների միջև:

Մեծ ուրախություն է ձեզ ողջունել մայր բուհի հիշարժան և պատվաբեր դահլիճում, որը կրում է մեր ուսուցչի, անվանի բժշկապետ Գաբրիելյանի անունը: Դահլիճը ձեր պես շրջանավարտներ են կառուցել, իսկ ուսանողներն ուղղակի ներգրավված են եղել շինարարական աշխատանքներում: Համոզված եղեք, որ հայրական տունը, որը համալսարանն է ձեզ համար իր փառահեղ անցյալով, իր ամուր արմատներով՝ ի դեմս մեր ուսուցիչների ճանաչվելու է ձեզանով՝ որպես ծառի պտուղներ: Ես երջանիկ եմ, որ ձեզանից մեկն եմ, հերացիական եմ և աշխատում եմ նվիրումով: Համոզված եմ, որ դուք ևս, պատվով կրելով այդ բարձր անունը, նվիրված եք համալսարանին», – ասաց Արմեն Մուրադյանը` համառոտ ներկայացնելով նաև կյանքի կոչված բուհական ծրագրերը:

«Հաջողությունները նաև ձեր ձեռքերում են, համալսարանի ապագան շրջանավարտներն են: Ամեն անգամ, երբ կտեսնենք միմյանց, թող ջերմ հիշողությունները ձեզ հեղեղեն: Բուհը միշտ բաց է ձեր առաջ»,-ընդգծեց նա:

«Իմ դիմաց նստած են շատ կայացած անհատներ, որոնք 20 տարի առաջ պատանեկան եռանդ ունեին, բայց այդ եռանդը դեռ մնացել է ձեր աչքերում»,- նկատեց Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյանը, ով 2001-2006թթ. Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանն էր:

Միջոցառմանը ներկա էին ոչ միայն Ընդհանուր բժշկության, այլև Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտներ, որոնք ավարտել են նույն տարեթվին և համատեղ դասեր են անցկացրել ուսումնառության ընթացքում, ընկերացել:

Խոսքն ուղղելով հերացիականներին՝ պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը վերհիշեց մի դրվագ. «Երրորդ կուրսի ուսանող էի, Անատոմիական մասնաշենքւոմ դասի էինք, դասամիջոցին դուրս եկանք բակ և տեսանք մի խումբ շատ պատկառելի բժիշկներ կանգնած էին: Տեղեկացանք, որ 20 տարի առաջ ավարտած շրջանավարտներ են և հավաքվել էին համալսարանում: Հիմա ես ձեզ նայում եմ որպես երեխաների», – ժպիտով ասաց Կենսաքիմիայի ամբիոնի վարիչը` հավելելով, որ ինքն ավարտել է բուհը 1963 թվականին` ուղիղ 60 տարի առաջ: Բուռն ծափողջյուններով մասնակիցները ողջունում էին ավագ սերնդի ներկայացուցիչներին:Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը, մեջբերելով անվանի բանաստեղծ Հովհաննես Շիրազի խոսքերն, ասաց, որ իր նախկին ուսանողները սրտի մեջ են, այլ ոչ թե լեզվի վրա, իրենց միշտ հիշում է ջերմությամբ և սիրով:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի տեղակալ, Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի դոցենտ Նելլի Նահապետյանը ամուսնու` Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս Վահե Հակոբյանի հետ ծանոթացել է հենց ուսանողական տարիներին:

Նշում է, որ կուրսով հավաքվել են ինչպես հինգ, այնպես էլ տասը, այնուհետև 15 տարվա հոբելյաններին, բայց համալսարանական հարկի տակ առաջին անգամ է մեկնարկում հոբելյանական հանդիպումը:

2003-ին ավարտած շրջանավարտների այս կուրսում ևս երեք ամուսնական զույգ է ձևավորվել, ինչն առավել մտերմացրել ու ամրացրել է շատերի հարաբերությունները:

Արտեմ Գրիգորյանը, Մարգարիտա Խուդավերդյանը, Սերգեյ Բաբլոյանը, Արփինե Սարգսյանը, Դավիթ Ղազարյանը, շատ ու շատ ուրիշներ այսօր հաջողությամբ շարունակում են ավագների ուղին՝ կրթելով սերունդներ, նպաստելով բժշկագիտության զարգացմանը:

Վերականգնողական բժշկության բնագավառը ներկայացնող բժիշկ Նունե Ակունցը ևս շրջանավարտների թվում էր, խոստովանեց, որ մեծ ոգևորությամբ է հետևում բուհական իրադարձություններին և հպարտանում յուրաքանչյուր գրանցած հաջողությամբ:

Շրջանավարտներից պլաստիկ և միկրովիրաբուժական ոլորտի մասնագետ Լիլիթ Ներսիսյանը ողջ կուրսի անունից շնորհակալություն հայտնեց մայր բուհին միջոցառումն անցկացնեու հնարավորությունն ընձեռելու, իսկ դասախոսներին՝ կրթելու, սովորեցնելու համար:

Հանդիպումն ավարտվեց ավանդական խմբակային լուսանկարով. շրջանավարտներին՝ բուհի նահապետների գլխավորությամբ, լուսանկարեց ռեկտորը: