Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվել է Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) կողմից ամրագրված պահանջներին։
Բժշկական համալսարանի վերոնշյալ կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացն իրականացվում է Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի (Վրաստան) կողմից։ Կենտրոնը Եվրոպայում որակի բարելավման առաջին գործակալությունն է, որը ստացել է Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) կողմից ճանաչման կարգավիճակ:
Շարունակական այս գործընթացի երկրորդ փուլի շրջանակում եռօրյա աշխատանքային այցով բժշկական համալսարան է ժամանել եվրոպական և վրացի առաջատար փորձագետներից կազմված պաշտոնական պատվիրակությունը։ Այսօր պատվիրակության անդամները հանդիպեցին բուհի ղեկավարության` ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, պրոռեկտորների և Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի հետ:
Առաջիկա օրերին նշանավոր միջազգային մասնագետները՝ Միացյալ Թագավորությունից բարձրագույն կրթության բարեփոխումների առաջատար փորձագետ, պրոֆեսոր Էնդի Գիբսի նախագահությամբ, Հունգարիայից հայտնի փորձագետ, պրոֆեսոր Միհալի Բորոսի համանախագահությամբ, ինչպես նաև բարձրագույն կրթության վրացի փորձագետները, հայ փորձագետները, հանդիպումներ կանցկացնեն ինքնագնահատման թիմի, ծրագրի ղեկավարի, ինչպես նաև գիտական անձնակազմի, ուսանողների և շրջանավարտների հետ:
«Մեծ պատիվ է այս ներկայացուցչական կազմով ընդունել ձեզ բժշկական համալսարանում: Առաջին հերթին, խորին շնորհակալություն կցանկանայի հայտնել այն մեծ աշխատանքի համար, որ իրականացրիք մեզ հետ միասին: Բժշկական համալսարանը հիմնադրվել է հենց այն ֆակուլտետից և այն ծրագրից, որի վերաբերյալ մենք այսօր հանդիպում ենք: Շուրջ մեկ դար այս ծրագիրը պիտանի է եղել մեր ժողովրդին` մատուցելով անգնահատելի օգնություն», – համառոտ ներկայացնելով բժշկական բուհը և քննարկման առանցքում գտնվող կրթական ծրագիրը, ողջունելով արտերկրի գործընկերներին՝ ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Անդրադառնալով մեկդարյա բուհի հաջողություններին՝ նա տեղեկացրեց ներկաներին, որ շուրջ 8000 շրջանավարտ մասնագիտական գործունեություն է ծավալում աշխարհի 40 երկրում:
Ռեկտորի գնահատմամբ` բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետը` ի դեմս «Բուժական գործ» կրթական ծրագրի, ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական ոլորտում մեծ նշանակություն ունի՝ նկատի ունենալով թե՛ պատերազմական իրավիճակը, թե՛ կորոնավիրուսային համավարակը:
Մասնավորապես, համավարակի ընթացքում բժշկական համալսարանը դարձավ մեր երկրի հանրային առողջապահական ծրագրերի առաջատարը պատվաստումների գործընթացում` ընդգծելով ժողովրդի թիկունքին լինելու բարձր հեղինակությունը:
Բժշկական բուհը լայնորեն ներգրավված է նաև հանրապետության առողջապահական քաղաքականության մշակման գործընթացում․ ԵՊԲՀ գրեթե բոլոր ամբիոնների վարիչները նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետներ, խորհրդատուներ են:
«Կցանկանայի ընդգծել, որ այս ամենի հետ մեկտեղ բժշկական համալսարանը բացարձակապես չի սահմանափակվում ձեռք բերված հաջողություններով, սոցիալական նախաձեռնություններով», – նշեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ բուհը բաց համակարգ է, որտեղ բժշկական կրթություն են ստանում ապագա բժիշկներ աշխարհի շուրջ 33 երկրից:
Համալսարանը վերջին տարիներին սեփական մոտեցումներն է ձևավորել կլինիկական գործունեության մեջ` ձեռք բերելով խոշոր հիվանդանոց: Կլինիկական հնարարավորությունների ընդլայնումը սովորողներին, հատկապես՝ արտերկրի ուսանողներին, թույլ է տալիս ձևավորել կլինիկական մտածելակերպ, թրծվել հիվանդանոցային միջավայրում:
Մեկդարյա բուհում առանձնահատուկ տեղ են տալիս նաև գիտության զարգացմանը, սա գերակա ուղղություն է: Հյուրերին ներկայացվեց, որ վերջին հինգ տարում Նոբելյան մրցանակի դափնեկիր 9 անվանի գիտնական համալրել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորների շարքը, ինչն էլ ոգևորություն է առաջացնում ուսանողների շրջանում՝ միաժամանակ նպաստելով միջազգային հանդեսներում ազդեցության գործակցի ավելացմանը:
Այսօր հրավիրված քննարկումը նախագահում էր Էնդի Գիբսը, ով շնորհակալություն հայտնեց հյուրընկալության և պատշաճ պատրաստվածության համար:
Բրիտանացի փորձագետը, որը շուրջ 30 տարի ներգրավված է կրթության որակի բարելավման գործընթացներում և աշխարհի 60 երկրում աշխատելու փորձառություն ունի:
Փորձագիտական խմբի անդամները հասցրել են ուսումնասիրել կրթական այս ծրագրի վերաբերյալ բուհի կողմից ներկայացված ծավալուն փաստաթղթերը և այժմ ուսումնառության գործընթացին տեղում ծանոթանալու հնարավորություն ունեն:
Հյուրերը ներկայացան հայ գործընկերներին՝ մանրամասնելով իրենց նեղ մասնագիտացման և կրթության բնագավառում փորձի մասին:
ԵՊԲՀ պրոռեկտորները նույնպես խոսեցին իրենց կողմից համակարգվող ոլորտների, աշխատանքային պարտավորությունների վերաբերյալ` հույս հայտնելով, որ օտարերկրացի կոլեգաների առաջարկություններն ու դիտողությունները կնպաստեն Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական քաղաքականության բարելավմանը:
Նշենք, որ փորձագիտական խումբը այցի շրջանակում կուսումնասիրի ուսանողների գիտական, հետազոտական թեզերը, շրջայց կկատարի համալսարանական տարբեր ստորաբաժանումներում, այդ թվում՝ համալսարանական հիվանդանոցներում: