Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը մայիսի 21-ին հյուրընկալեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։ Ներկայացուցչական միջոցառման նպատակն է ուսումնասիրել ձևավորող գնահատումը և գործատուների դերն ուսանողների համար նախատեսված առաջադրանքների մշակման գործում։
Հանդես գալով բացման խոսքով՝ ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը բուհի ռեկտորի անունից ողջունեց Մասնագիտական կրթության և ուսուցման որակի ապահովման Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումի մասնակիցներին և դրա շրջանակում անցկացվող աշխատանքը։ «Խիստ կարևորելով կրթության, այս դեպքում՝ միջին մասնագիտական կրթության աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող մասնագետներ պատրաստելու հիմնախնդիրը՝ ՀՀ կրթության՝ 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է այն կարևոր պայմանը, համաձայն որի՝ պետք է ապահովել շրջանավարտների մասնագիտական զբաղվածության 90% մակարդակ։ Ահա այս առումով պետք է բարձր գնահատել ՀՀ որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից մշակված մոդելը, որտեղ կարևորվել է կրթության մեջ գործատուների ներգրավվածության հարցը՝ որպես որակի ապահովման կարևորագույն գործոն։ Մեր համալսարանում բարձրագույն կրթությանը զուգահեռ իրականացվում է նաև միջին մասնագիտական կրթություն։ Վերջին տարիների ընթացքում և՛ բարձրագույն, և՛ միջին մասնագիտական կրթության գործընթացի գնահատմանն ուղղված մեր վերլուծությունները բազմիցս փաստել են տարբեր շահակիցների հետ փոխադարձ կապի հաշվառման գնահատելի ազդեցությունը կրթության որակի վրա։ Այս առումով ավելի քան կարևորում ենք ֆորումի ընթացքում աշխատանքին միտված գնահատման որակի ապահովման գործիքների քննարկումները և դրանց արդյունքում անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններն ու ցուցումները։ Մեկ անգամ ևս ողջունում ենք այս միջոցառման աշխատանքը, ասում՝ «Բարով եք եկել մեր տուն» և մաղթում հաջողություններ», – նշեց պրոռեկտորը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նույնպես կարևորեց քննարկվող հարցը՝ հաշվի առնելով, որ մասնագիտությունները պետք է ընտրվեն ճիշտ հետագայում աշխատանքային խնդիրներ չունենալու և ընտրված աշխատանքում կայանալու համար։ «Այս ճանապարհին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս իրականացրել է որոշակի աշխատանք, մասնավորապես՝ «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացը դպրոցներում ներդնելու ուղղությամբ», – տեղեկացրեց նա՝ մաղթելով արդյունավետ քննարկում։
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Ավագյանը, ողջունելով մասնակիցներին, շեշտեց, որ սա շարունակական գործընթաց է վերջերս ընդունված ավելի լայն կրթական ռազմավարության շրջանակում։ Քննարկումը, նրա խոսքով, մեծ օգուտ կբերի նրանց, ովքեր մասնակցում են՝ բացահայտելով բացերը և ուղղորդելով, թե ինչպես վարվել դրանց հետ։ «Ցանկանում եմ վերահաստատել ԵՄ պատվիրակության աջակցությունն ավելի լայն կրթական ռազմավարության իրագործմանը», – հավելեց Դավիթ Ավագյանը։
Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի անդամ Լուիզա Միլիտոսյանի պնդմամբ՝ այսօր շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում կրթական համակարգում, և այդ փոփոխությունները թելադրում են մասնագիտական կրթության վերանայումը նույնպես։ «Ուսուցման ավանդական մոդելին փոխարինելու է եկել ուսանողակենտրոնը, որի հիմքում է վերջնարդյունքահեն մոտեցումը։ Այս առումով շատ կարևոր է գործատուների ներառումը, կապն աշխատանքի և ուսուցման միջև», – շեշտեց նա։ Հավատարմագրման հանձնաժողովը, Լուիզա Միլիտոսյանի խոսքով, ուշադրություն է դարձնում, թե որքանով է ուսումնական հաստատությունն իրականացնում հետադարձ կապ, որի մեխանիզմները հնարավորություն են տալիս պարզելու շահակիցների և գործատուների գոհունակությունը և այն առաջընթացը, որը որդեգրել է ուսումնական հաստատությունն այս ընթացքում։ «Շատ կարևոր է, որպեսզի ուսումնական հաստատությունն իր վերլուծությունների մեջ կարողանա հստակ ներկայացնել իր ուժեղ և թույլ կողմերը և ցույց տալ դրանց բարելավման ուղղությունները», – ավելացրեց նա։
Եվրոպական կրթական հիմնադրամի տնօրեն Պիլվի Տորստին դիմեց ֆորումի մասնակիցներին տեսաձայնային ուղերձով․ «Եվրոպական կրթական հիմնադրամի ֆորումը գործարկվել է 2017 թվականին։ Ֆորումը միջազգային համագործակցության նախաձեռնություն է Մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների որակի արտաքին ապահովման գործընթացներ իրականացնող 16 ազգային կառույցի միջև։ Ներկայումս ավելի քան 20 երկիր անդամակցում է ֆորումին, որի նպատակն է աջակցել անդամ երկրներին՝ արդիականացնելու և բարելավելու որակի ապահովումը մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում՝ բազմակողմանի համագործակցության միջոցով: Մենք համարում ենք, որ կրթական համակարգերը եզակի են, բայց դրանք կարող են նաև կիսել ընդհանուր մարտահրավերները և կարող են ունենալ լավ պրակտիկա, որը սովորելու հնարավորություն է տալիս մյուսներին: Հայաստանում՝ մեր ընդունող երկրում, Ալբանիայից, Իսրայելից, Հորդանանից, Կոսովոյից, Լիբանանից, Մոնտենեգրոյից, Մարոկկոյից, Հյուսիսային Մակեդոնիայից և Սերբիայից ժամանած մասնագետները կկիսվեն իրենց մտքերով ուսուցման ձևավորման գնահատման վերաբերյալ»։