Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ի՞նչ է բժշկական գաղտնիքը․ ո՞ւմ կարելի է այն փոխանցել և ե՞րբ․ հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է բժշկական գաղտնիքը․ ո՞ւմ կարելի է այն փոխանցել և ե՞րբ․ հաճախ տրվող հարցեր

Մենք շարունակում ենք ներկայացնել կարևոր հարցերի մասին հանրամատչելի տեղեկատվություն, որը հետաքրքիր և անհրաժեշտ է ոչ միայն ապագա բժիշկներին, այլև բոլորիս:

Բժշկական գաղտնիքի մասին հիմնական իրավակարգավորումները սահմանված են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում, սակայն առանձին իրավակարգավորումներ կարելի է գտնել «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին», «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքներում, ինչպես նաև առողջապահության ոլորտը կարգավորող այլ օրենքներում և ենթաօրենսդրական ակտերում:

Վստահ ենք՝ այս պարզաբանումները կօգնեն ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, լինել ավելի գրագետ և պաշտպանված։ Այս անդրադարձում հետևյալն ենք առանձնացրել:

1․ Ի՞նչ է բժշկական գաղտնիքը:

 «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բժշկական գաղտնիքը պացիենտի առողջական վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար դիմելու կամ ստանալու մասին, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ընթացքում պարզված տվյալներն են։ Բժշկական գաղտնիք չեն համարվում ապանձնավորված տվյալները, որոնց միջոցով հնարավոր չի լինի ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:

2․ Ո՞ւմ կարող են փոխանցել բժշկական գաղտնիքը։

Բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարող են փոխանցվել պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի: Բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման վերաբերյալ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության ձևը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 21-ի թիվ 47-Ն որոշմամբ:

 3․ Ո՞րն է համարվում բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալների փոխանցում։

Բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցում է հանդիսանում այդ տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված որևէ գործողություն (անգործություն), այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով գաղտնիք համարվող տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով այլ անձի մատչելի դարձնելը: Բժշկական գաղտնիք համարվող տվյալների տիրապետող անձը պարտավոր է պահպանել (չփոխանցել) բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Օրենքի խախտմամբ բժշկական գաղտնիքի փոխանցում համարվող գործողություն կատարելը առաջացնում է օրենքով նախատեսված  պատասխանատվություն: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով սահմանված է քրեական պատասխանատվություն բժշկական գաղտնիքի հրապարակման համար:

4․ Ո՞ւմ կարող են փոխանցվել բժշկական գաղտնիք համարվող տվյալները առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության։

Բժշկական գաղտնիք համարվող տվյալները, առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության,ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1388-ն որոշման համաձայն,  կարող են փոխանցվել միայն՝

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին՝ պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով, եթե առանց այդ տվյալների հնարավոր չէ պացիենտին տրամադրել բժշկական օգնություն և սպասարկում․

2) լիազոր մարմնին՝

ա. ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին՝ վարակիչ, ինչպես նաև քիմիական, ճառագայթային, կենսաբանական գործոններով պայմանավորված հիվանդացության դեպքերում, և լիազոր մարմնի սահմանած առանձին ոչ վարակիչ հիվանդությունների կամ զանգվածային թունավորումների կամ դրանց սպառնալիքի դեպքերում,

բ. լիազոր մարմնին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի և որակի ստուգման աշխատանքներ իրականացնելիս․

3) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով․

4) ռազմաբժշկական փորձաքննություն անցկացնելու նպատակով զինվորական կոմիսարիատների կամ բժշկական կամ ռազմաբժշկական հանձնաժողովների հարցման դեպքում․

5) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող պետական իրավասու մարմնին՝ բժշկասոցիալական փորձաքննություն և վերափորձաքննություն իրականացնելու նպատակով․

6) անգիտակից պացիենտի կոնտակտային անձին կամ ընտանիքի չափահաս անդամներին: Սույն կետի իմաստով՝ ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, օրինական ներկայացուցիչը, ամուսինը, ամուսնու ծնողները, որդեգրողը, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, այդ թվում՝ որդեգրվածը․

7) սույն օրենքով նախատեսված դեպքերում գիտական կամ գիտատեխնիկական գործունեության իրականացնողներին․

8) ոստիկանությանը՝ բժշկական հաստատություն տեղափոխված այն պացիենտի (ինչպես նաև մահացած անձի) մասին, որի վերաբերյալ առկա են կասկածներ, որ առողջության վատթարացումը կամ մահը հետևանք է բռնի, ներառյալ՝ հակաօրինական գործողությունների․

9) քննիչին, դատախազին, դատարանին՝ իրենց վարույթային պարտականությունները կատարելիս, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված հարցումների հիման վրա․

10) արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկին, արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին՝ օրենքով նախատեսված դեպքերում․

11) լիազոր մարմնին (ներառյալ՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին) և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին՝ սույն օրենքով նախատեսված՝ առողջապահության բնագավառի տվյալների բազաների վարման նպատակով․

12) Կառավարության լիազորած՝ առողջապահության բնագավառի վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ առողջապահության, աշխատողների առողջության պահպանման նորմերի կիրառման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս:

Հաճախ տրվող հարցերն առանձնացրեց Ինգա Մարտինյանը