«Հայաստանի ֆլորայի սննդային նշանակության որոշ արժեքավոր բուսահումքերը և բուսական արգասիքները՝ որպես սննդի կենսաակտիվ հավելուﬓերի և կոնսերվանտների արդյունաբերական ստացման հումքային աղբյուր» գիտական թեման ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից շահել է դրամաշնորհ՝ 21000.0 (քսանմեկ միլիոն) ՀՀ դրամ ֆինանսավորմամբ: Ներկայացվող նախագծի շրջանակում իրականացվելու է Հայաստանի ֆլորայի դեղատու որոշ արժեքավոր և սննդային նշանակության բուսահումքերի չոր հանուկների և բուսական արգասիքների համալիր ֆարմակոգնոստիկ, տեխնոլոգիական առանձնահատկությունների և կենսաբանական ակտիվության ուսումնասիրությանը՝ սննդի կենսաակտիվ հավելումների ստացման և դրանց՝ արդյունաբերության մի շարք ոլորտներում կիրառման համար:
Ինչպես նշում է գիտական նախագծի ղեկավար, Ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ, դեղագործական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Չիչոյանը, բուսական հանուկներն այսօր բավականին արդիական և հեռանկարային արգասիք են արդյունաբերության մի շարք ոլորտներում՝ այդ թվում և սննդի արդյունաբերության մեջ` որպես վիտամինների, կենսական կարևոր ամինաթթուների, կիսաչհագեցած և չհագեցած ճարպաթթուների, հանքային նյութերի և այլ կենսաակտիվ նյութերի հումքային աղբյուր:
Ներկայումս ժամանակակից տեխնոլոգիաների և հետազոտության մեթոդների կատարելագործման շրջանում հնարավորություն է ընձեռվել ուսումնասիրել և բացահայտել հայրենական ֆլորայի գրեթե չհետազոտված, կամ քիչ ուսումնասիրված որոշ արժեքավոր բուսատեսակների (որոնք վաղ անցյալում կիրառվել են ժողովրդական բժշկության մեջ և նույնիսկ՝ սննդում) հանուկների, եթերայուղերի և բուսական արգասիքների քիմիական բաղադրությունը և կենսաբանական ակտիվությունը:
Նախագծի նպատակն է համալիր ֆարմակոգնոստիկ հետազոտությամբ բացահայտել Հայաստանի ֆլորայի մի շարք արժեքավոր բուսատեսակների և բուսական արգասիքների կենսաբանորեն ակտիվ նյութերը և նրանցում պարունակվող օրգանիզմի համար կենսական կարևոր նուտրիենտները, ստանալ չոր հանուկների նուտրիցևտիկ ֆրակցիաները՝ նախադրյալներ ստեղծելով կենսաակտիվ հավելումների արտադրության կազմակերպման նախագծի մշակման համար:
Ֆարմակոգնոզիայի ամբիոնը նախագծի առաջին փուլում համագործակցում է ԳԱԱ-ի «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Կաթնաթթվային բակտերիաների հետազոտման լաբորատորիայի հետ՝ պրոֆեսոր՝ կ.գ.դ. Հ. Հովհաննիսյանի և լաբորատորիայի ղեկավար՝ կ.գ.թ. Լ.Դանիելյանի անմիջական աջակցությամբ:
Համագործակցության շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել Հայաստանի տարբեր բնակլիմայական գոտիներից հավաքված և ժողովրդական բժշկության մեջ և սննդում կիրառվող Օriganum vulgare L., Nepeta mussinii (Spreng.), Nepeta sulphurea (C. Koch.), Peucedanum caucasicum Լ., Chaerophyllum bulbosum L. , Ziziphora clinopodioides Lam, Linum usitatissimum L.(ճարպազտված սերմերի քուսպը) տեսակներից հավաքված հումքերի լուծամզվածքների հակամանրէային և աճի խթանիչ ազդեցությունը պրոբիոտիկ և պաթոգեն մանրէների վրա in vitro պայմաններում:
Լաբորատորիայի ղեկավար կ.գ.թ. Լ.Դանիելյանի խոսքով՝ դեղաբույսերը և դրանց լուծամզվածքները պարունակում են զգալի քանակությամբ ֆենոլային միացություններ, պեկտինային նյութեր և այլ կենսաակտիվ միացություններ, որոնք հանդիսանալով սննդային բաղադրիչների ակտիվ մետաբոլիտներ, համարվում են պրեբիոտիկների նոր խումբ, որոնք չեն յուրացվում օրգանիզմի կողմից, սակայն ակտիվ փոխազդեցության մեջ են գտվում աղիների միկրոֆլորայի և յուրացվում վերջիններիս կողմից: Նման հավելումները նպաստում են մարդու ռեզիդենտ միկրոֆլորայի աճին, որն իր հերթին կնպաստի աղիքային միկրոբիոտայի բարելավմանը:
Հետազոտությունների արդյունքում ստացված տվյալները հնարավորություն կտան գնահատելու նշված լուծամզվածքների խթանիչ և հակամանրէային պոտենցիալը և նախանշել ուղիներ նրանց կիրառման համար:
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 1693-Ա/2 հրամանի համաձայն, 21T‐3C263 ծածկագրով «Հայաստանի ֆլորայի սննդային նշանակության որոշ արժեքավոր բուսահումքերը և բուսական արգասիքները՝ որպես սննդի կենսաակտիվ հավելուﬓերի և կոնսերվանտների արդյունաբերական ստացման հումքային աղբյուր» գիտական թեման, որը ՀՀ Գիտության պետական կոմիտեի կողմից շահել է դրամաշնորհ՝ աշխատանքները կկատարի սահմանված՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 9-ը ժամկետում:
Գիտական նախագիծը ղեկավարում է Ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ, դեղագործական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ն.Բ.Չիչոյանը, նախագծի կատարողներն են՝ բժշկ. գիտ. թեկնածու Գ.Մ.Պողոսյանը, ասիստենտներ՝ Ա.Մ.Ղազարյանը, Ն.Ի. Արշակյանը, Վ.Գ.Հովհաննիսյանը: