Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ֆրանսիական La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարն արդեն հասանելի է ընթերցողին

Ֆրանսիական La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարն արդեն հասանելի է ընթերցողին

Հարգելի՛ բժիշկներ և ուսանողներ,Ֆրանսիական La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարն արդեն ձեր տրամադրության տակ է։ 

Համարի թեմատիկ հոդվածաշարը նվիրված է ուղիղ աղու քաղցկեղին։ Լինելով մարսողական համակարգի ամենահաճախադեպ քաղցկեղներից մեկը՝ դրա վարումը էական առաջընթաց է ապրել։ Վերջին տարիներին հիվանդության ախտորոշման և վարման յուրաքանչյուր փուլ՝ լինի սքրինինգային ծրագրի ներմուծում, նախա- և հետվիրահատական բուժում թե վիրաբուժական մեթոդ, վերանայվել ու բարելավվել է։ Եվ պատահական չէ, որ մինչ օրս որդեգրված բուժումների հետզհետե ուժգնացման մարտավարությունը ներկայումս լրջորեն վերանայվում է հօգուտ ավելի դյուրատար և կյանքի որակի վրա հնարավորինս քիչ հետևանքներ ունեցող մոտեցումների։ Ուստի ներկայիս հանձնարարականների և մշակման փուլում գտնվող հավանական զարգացումների ամփոփումը տեղին ու տրամաբանական է թվում։  

Մերօրյա տեղեկատվական հարահոսում վստահելի տեղեկատվության և «արժանահավատ» ապատեղեկատվության սահմանն ավելի ու ավելի դժվար է նշմարվում։ Բժշկությունն այդ իմաստով, ցավոք, բացառություն չէ, և քննական մտածողությունն այն հիմնական գործիքն է, որին պետք է տիրապետի մերօրյա բժիշկը։ Էնդոկրինային խաթարիչների մասին մեր հոդվածը մի այդպիսի հրավեր է՝ ապացուցվածը, ենթադրյալը և երևակայականը կողք կողքի դնելու և քննական հայացքով դիտարկելու։ 

Լուսային աղտոտումը համեմատաբար նոր երևույթ է։ Լուսադիոդները, որ ամենուր են՝ քաղաքային լուսավորությունից մինչև էկրաններ, վտանգում են մեր ցանցաթաղանթը, նրանում տեղի ունեցող գործընթացների նուրբ ալքիմիան, բերում օրգանիզմի ներքին ժամացույցի խաթարման, և դրա հետևանքները բնավ միայն տեսողական չեն։ Սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի մեծացում, գիշերային աշխատանք ունեցող կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի հարաբերական վտանգի ավելացում, դեռահասների և երեխաների շրջանում սովորելու ունակությունների խախտում… Հետևանքներ, որոնց մասին արդեն տվյալներ կան։ «Լուսային աղտոտում» հոդվածն անդրադառնում է այս խնդրին` պարզաբանելով ախտածագման մեխանիզմները։ 

Այս համարում կարող եք կարդալ նաև այլ հոդվածներ՝ հետևյալ թեմաներով՝ ցելիակիան երեխաների շրջանումմարսողական համակարգի էնդոմետրիոզ`քիչ հայտնի, բայց հաճախ կնոջ կոնքի քրոնիկական ցավերով դրսևորվող հիվանդություն։ 

La Revue du Praticien-ի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր` Վահե Մուղնեցյանի խոսքով` ուսանողներին կհետաքրքրի նաև «Խանգարված շարժումներ» հոդվածը, ինչպես և էոզինոֆիլիային վերաբերող ամփոփ նյութը։ 

Ի վերջո, կարող եք բացահայտել 2021 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Դեվիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին, ավելին իմանալ նոր ընկալիչների հայտնաբերման մասին, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի արդյունավետ պայքարել մի շարք հիվանդությունների դեմ: 

 Կից` պարբերականի հերթական համարը։

Այն հասանելի է նաև հետևյալ հղումով․ 

Հաճելի ընթերցում։