Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Ֆուլբրայթ» ծրագրի կրթաթոշակառուն տպավորված է ԵՊԲՀ-ում իր փորձառությամբ

«Ֆուլբրայթ» ծրագրի կրթաթոշակառուն տպավորված է ԵՊԲՀ-ում իր փորձառությամբ

Սարո Խեմիչյանը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի (University of Southern California) Կլինիկական բժշկության դոցենտ է, Լյարդի փոխպատվաստման գծով տնօրենի տեղակալ, Հեպատիտի բուժման կենտրոնի ղեկավար Կեկ հիվանդանոցում:

«Ֆուլբրայթ» կրթաթոշակային ծրագրի շրջանակում 47-ամյա բժիշկ-գիտնականը երկու ամիս է դասախոսում և հետազոտական գործունեություն է ծավալում ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնում` ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանի հրավերով:

«Ծրագրիրը գիտաշխատողներին ու երիտասարդ մասնագետներին տարբեր ուղղություններում միջազգային մագիստրոսական կոչում ստանալու, խորացված հետազոտական աշխատանքներ իրականացնելու և բուհերում, կրթական հաստատություններում դասավանդելու հնարավորություն ընձեռող   կրթական փոխանակման ամենախոշոր ամերիկյան ծրագիրն է», – մանրամասնում է Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի այցելու պրոֆեսորը, ում այցը Հայաստան եռաբաղադրիչ է լինելու:

Կրթաթոշակի համար տրամադրված ժամկետը վեց ամիս Է, որը նա երկամսյա փուլերով կիրականացնի մինչև 2024 թվականի ավարտը: Երկու ամսում կրթաթոշակառուն հասցրել է ծանոթանալ հայ գործընկերների աշխատելաոճին, ուսանողների գիտելիքին և մասնագիտական կարողություններին:

«Այս ընթացքում նկատել եմ՝ որքան բարձր է ինչպես բժիշկների, այնպես էլ սովորողների իմացությունը, տեղեկացվածությունը համաշխարհային բժշկության նորությունների,  հետազոտությունների մասին», – ասում է հրավիրյալ մասնագետը` հավելելով, որ ուրախ է համալսարանկաան թիմին փորձը ներկայացնելու, փոխգործակցելու հնարավորության համար:

Այցի հետազոտական հատվածի շրջանակում նա պատրաստվում է հարցում կատարել  բուժառուների շրջանում, մասնավորապես՝ լյարդի հիվանդությունների վերաբերյալ` ուսումնասիրելով բուժառուների տեղեկացված լինելու աստիճանը:

Հայրենիքում բժիշկ Խեմիչյանն առաջին անգամ չէ: Ծնվել է Գերմանիայում, այնուհետև կրթություն ստացել Իրանում, հաջորդիվ՝ 15 տարեկանում, տեղափոխվել ԱՄՆ: Ապրելով օվկիանոսից այն կողմ` մշտապես կարևորել է հայերենի իմացությունը, հայապահպանությունը:  Մասնագիտական մեկ տասնյակից ավելի տարվա փորձ ունեցող մեր հայրենակիցը վարժ տիրապետում է մայր լեզվին:

Այն ընթացքում, երբ նա Հայաստանում է, ԱՄՆ-ում նրան փոխարինելու են տեղի գործընկերները: Բնակության վայր վերադառնալով`  աշխատանքով, հերթապահություններով ծանրաբեռնված է լինելու, բայց մեծ պատրաստակամությամբ կվերադառնա Երևան՝ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց, հաջորդ տարվա գարնանը:

Ներքին հիվանդությունների (գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնում, ավագ դասախոս Մանիկ Գեմիլյանի փոխանցմամբ, ևս մեծ ոգևորությամբ են ընդունել ազգությամբ հայ, ամերիկաբնակ բժշկին, քանի որ յուրաքանչյուր նման համագործակցություն  հետագա համագործակցության ու կապերի ամրապնդման հնարավորություն է ստեղծում:

Սարո Խեմիրյանը նոյեմբերի 4-ին ամբիոնականների հետ մասնակցել է Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի` Հելիկոբակտերի և միկրոբիոտայի ուսումնասիրման եվրոպական խմբի (EHMSG) և Գաստրոէնտերոլոգիայի, էնդոսկոպիայի և սննդաբանության եվրոպական ասոցիացիայի (EAGEN) հետ համատեղ Գաստրոէնտերոլոգիայի եվրոպական միության (UEG) հովանու ներքո կազմակերպված միջազգային հիբրիդ երկօրյա գիտաժողովին՝ «Տասը տարի Գաստրոէնտերոլոգիայի եվրոպական միության (UEG) հետ․ Հայաստանի ճանապարհային քարտեզը դեպի եվրոպական գաստրոէնտերոլոգիա» խորագրով: