Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Գևորգ Միրզոյանը համոզված է` ընտրելով ռազմական բժշկի մասնագիտությունը, կրելով զինվորական համազգեստ, պետք է առաջնորդվել բոլոր գրված կանոններով

Գևորգ Միրզոյանը համոզված է` ընտրելով ռազմական  բժշկի մասնագիտությունը, կրելով զինվորական համազգեստ, պետք  է առաջնորդվել  բոլոր գրված կանոններով

Ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ, անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ 3-րդ կուրսի օրդինատոր, բ/ծ մայոր Գևորգ Միրզոյանն Արցախյան երկու՝ 2016-ի ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասնակից է: «Բուհում սովորելու տարիներին՝ ինչպես շատերին, այնպես էլ ինձ, որպես նեղ մասնագիտացում, գրավում էր վիրաբուժությունը, սակայն ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտելուց հետո, երբ ծառայում էի զորամասային օղակում, և սերտացավ կապը բժշկական հանրության հետ՝ մասնագիտական կողմնորոշումս ուղղվեց դեպի անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտացումը: Լինելով սուր իրավիճակների սիրահար՝ կարծում եմ, որ այս մասնագիտացումն ինձ առավել հոգեհարազատ է»,-ասում է ռազմական բժիշկը՝ շեշտելով, որ, երկու պատերազմների միջով անցնելով, համոզվել է՝ չի սխալվել ընտրության հարցում:

Բնագիտական առարկաներիից գիտելիքները, ձեռքբերումներն օլիմպիադներում և քիմիայի ուսուցչի ներգործությունը նրան ուղղորդել են ընտրել բժշկական համալսարանը՝ ռազմական բժշկի մասնագիտությունը: «Ծնունդով Արցախից եմ: 2007 թվականին էլ ռազմաբժշկականը բարձր հեղինակություն ունեցող ֆակուլտետ էր, որտեղ ընդունվելն ու սովորելը դժվար, բայց պատվաբեր էր: Իմ բոլոր որոշումները կայացրել եմ գիտակցված և չեմ զղջում դրանց համար»,-ընդգծում է ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտը:

Ինտերնատուրան ավարտելուց հետո՝ 2015 թվականին ծառայության է անցել Արցախի զորամասերից մեկում՝ մասնագիտական գործունեությունը շարունակելով այնտեղ:

Զորամասային օղակում որպես ռազմական բժիշկ հմտանալով՝ 2019 թվականին ընդունվել է կլինիկական օրդինատուրա: Լինելով օրդինատուրայի 2-րդ կուրսի ուսանող՝ հասցրել էի ձեռք բերել բավականաչափ մասնագիտական հմտություններ: «Բանակում, սովորաբար, հիվանդի հետ առաջին շփումը ենթադրում է անհետաձգելի բուժօգնություն, որն իմ ընտրած մասնագիտացման հիմքում է»,-նշում է օրդինատորը:

Պատերազմի մասին լուրն իմացել է կնոջից: «44-օրյա պատերազմի առաջին օրը կինս և երեխաս գտնվում էին Արցախում: Աշխատելով հիվանդանոցում հերթապահությունս հանձնելուց հետո պատրաստվում է մեկնել Արցախ՝ երեխայիս ծննդյան տոնին մասնակցելու նպատակով:

Խուճապի չմատնվելը զինվորականի իմ հատկանիշներից է, որը ձեռք եմ բերել այս տարիների ընթացքում: Ինչպես բժշկության մեջ, այնպես էլ զինվորական գործում ամեն ինչ պետք է կատարել ըստ կանոնների: Չնայած սպասում էի իմ նշանակման մասին հրամանին՝ սեպտեմբերի 27-ի գիշերը, որպես շտապօգնության բժիշկ, մեկնել եմ Արցախ և այնտեղից «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց տեղափոխել ծանր վիրավորի: Այնուհետև սեպտեմբերի 29-ին՝  ստանալով նշանակման մասին հրաման, մեկնել եմ Արցախ»,-պատմում է նա:

Ծառայությունը նրա համար նորություն չէր՝ հաշվի առնելով զորմասային օղակում ունեցած 4 տարվա փորձը. փոխվել էր միայն առաջնագիծը, տեղանքը:

Մինչև հոկտեմբերի 22-ը՝ որպես ռազմական բժիշկ իր մասնագիտական գործունեությունն իրականացրել է Արցախում, որի ընթացքում առաջնագծից տեղափոխել և բուժօգնություն է տրամադրել մեծ թվով, տարբեր աստիճանի վիրավորումներով հայրենիքի պաշտպանների: «Ռազմական բժիշկները թեկուզ խաղաղ պայմաններում ծառայության ժամանակ իրենց մասնագիտական հմտությունները կիրառելու առիթներ ունենում են: Պատերազմի ժամանակ ակնհայտ դարձավ, որ վերջիններս բավականչափ տիրապետում են իրենց գործին»,- համոզմունք է հայտնում պատերազմի միջով անցած զինվորական բժիշկը:

Հոկտեմբերի 23-ին Ակնայից տեղափոխվել է Քաշաթաղի շրջան և բուժծառայությունը կազմակերպել Լաչինի հիվանդանոցում` մինչև դեկտեմբերի 1-ը: «Բուժհիմնարկը համալրված չէր մասնագետներով, սակայն հագեցած էր բժշկական սարքավորումներով: Մենք մշտական կապի մեջ էինք Գորիսի հիվանդանոցի բժիշկների հետ: Ծանր վիրավորներն առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվում էին Գորիս, ապա Երևան: Այդ գերծանրաբեռնված իրավիճակում առիթ եմ ունեցել բուժօգնություն տրամադրել նաև քաղաքացիական բնակչությանը. ախտորոշել եմ սրտամկանի սուր ինֆարկտով երկու հիվանդի, որոնք այնուհետև ստենտավորվել են»,-պատմում է նա՝ ավելացնելով, որ օրդինատուրայում ձեռք բերած մասնագիտական փորձը ծառայել է իր նպատակին:

Վիրավորներին բուժօգնություն տրամադրել են ուժերի գերլարումով՝ այն գիտակցումով, որ նրանց կյանքի փրկությունն իրենց ձեռքերում է: «Կարևորը էմոցիաների ճիշտ կառավարումն էր, քանի որ, ընկնելով այդ հոսքի մեջ, անհրաժեշտ էր ճիշտ որոշումներ կայացնել: Սուր իրավիճակներում հասկանում ես, որ ինչպես բժշկության, այնպես էլ զինվորականության մեջ ոչ մի կանոն հենց այնպես չէ գրված: Երբ յուրաքանչյուրը հստակ կատարում է իր առջև դրված խնդիրը, արդյունքն ակնհայտ է լինում»,-համոզված է ռազմական բժիշկը:

Ընկճվելու առիթներ նույնպես եղել են. հատկապես  բժիշկ ընկերների կորուստը, սակայն եղել է գիտակցում, որ պետք է շարունակել բժշկի առաքելությունը: «Լինելով Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկի զավակ, ես ունեի խնդիր՝ ապրել հանուն իմ որդու»,-ընդգծում է նա:

Գևորգ Միրզոյանը նշում է, որ պատերազմի վտանգի մասին երբեք չի մոռացել, բայց այն գործնականում պատկերացնել չէր կարող:

Լաչինում իր առաքելությունն ավարտելուց հետո` դեկտեմբերի 1-ին տեղակայվել և բուժկետ են ծավալել  Շուշիի շրջանի Եղցահող գյուղում` մինչև դեկտեմբերի 22-ը: Չնայած պատերազմն ավարտվել էր`առիթներ են ունեցել ընդունել զինվորների, որոնք չնայած բուժօգնություն ստանալու անհրաժեշտությանը, պատերազմի ժամանակ թաքցրել էին վիրավոր լինելու հանգամանքը: «Հատկապես ժամկետային զինծառայողների շրջանում ականատես եմ եղել հերոսության դրվագների»,-վերհիշում է նա:

Շրջափակման  մեջ գտնվող երկու վիրավորի կյանքի փրկությունն էլ Գևորգ Միրզոյանի գլխավոր առաքելությունն էր. անտեսելով վտանգը, ռազմական բժշկին բնորոշ կեցվածք դրսևորելով` ինքն ու իրեն ուղեկցող վարորդը թշնամու շրջափակումից դուրս են բերել և փրկել  օգնության կարիք ունեցողներին:

ՌԲՖ շրջանավարտն աշխատանքում հաջողության հասնելու համար գլխավոր գրավականը համարում է կրթությունը:

«Մասնագիտական գիտելիքներին տիրապետելը, դրանց ճիշտ օգտագործումը՝ ի շահ հիվանդի և կյանքի փրկության է: Ինչպես բժշկության, այնպես էլ զինվորականության մեջ կարևորում եմ կարգապահությունը, որն օգնում է կառավարելի դարձնել  հույզերը»,- ասում է նա` համագործակցությունը ռազմական բժիշկների շրջանում համարելով անհրաժեշտություն: Նա համարում է, որ  դա օգնում է հիվանդին տրամադրվող անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպել ավելի օպերատիվ:

«Պատերազմից հետո, որպես մասնագետ,  ձեռք եմ բերել ավելի շատ ինքնավստահություն իմ գործում: Եթե  այլ իրավիճակներում կողքիս եղել են ավագ ընկերներ և ուսուցիչներ, պատերազմական իրավիճակում ստիպված էի ինքնուրույն գործել»,-շեշտում է նա:

Գևորգ Միրզոյանը պատասխանատվությամբ է մոտենում այն սկզբունքին, որ ռազմական բժիշկը ծառայում է կրկնակի երդմամբ: «Եթե ընտրել ես ռազմական բժշկի մասնագիտությունը և կրում ես զինվորական համազգեստ, ապա պետք է առաջնորդվես բոլոր գրված կանոններով»,-եզրափակում է կոչմանը հավատարիմ բժիշկը, որը Արցախի Հանրապետությունում ռազմական դրության ժամանակահատվածում բնակչության բժշկական օգնության կազմակերպմանն աջակցելու համար արժանացել է շնորհակալագրի ԱՀ ԱՆ նախարարի կողմից, ինչպես նաև Արցախի նախագահի հրամանագրով  պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: